Armenian text to speach

«Ակնկալում ենք Ադրբեջանի տեղեկատվությունը՝ հայ պատանդների մասին»․ նոր մանրամասներ՝ Կարմիր Խաչի վերջին այցելությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի դեկտեմբերի 24-25-ին Կարմիր Խաչը հնարավորություն ունեցավ այցելելու Բաքվում պահվող հայ պատանդներին։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ՝ սա այս պահին մեր ունեցած միակ դրական տեղաշարժն էր։

«Այցելությունը հնարավոր եղավ Ժնևյան գրասենյակի միջամտությամբ։ Սա ոչ թե Ադրբեջանում գործող գրասենյակի այցելությունն էր հայ պատանդներին, այլ գրասենյակի փակման պայմաններում իրավիճակային փոխհամաձայնեցված այցելություն»,- ասաց Սիրանույշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ հայ պատանդներին Կարմիր Խաչը չէր կարողանում տեսակցել հունիս ամսից, Սահակյանի գնահատմամբ, դրական է, որ գոնե նախատոնական այդ օրերին Կարմիր Խաչին հնարավորություն ընձեռվեց տեսակցելու նրանց։ Սահակյանի փոխանցմամբ՝ հայ գերիները կարողացան նամակագրական կապը վերականգնել ընտանիքի հետ, իհարկե, մեկանգամյա հիմունքով և նաև որոշակի աջակցություն, սննդի, հիգիենայի և այլ պարագաներ տրամադրեցին նրանց։ Միաժամանակ գերիների ընտանիքները տեղեկություն ստացան նրանց հոգեբանական և առողջական վիճակների վերաբերյալ։

«Դեկտեմբերին ունեցանք տեղեկություններ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ։ Ըստ էության, կարծում եմ, նրա կյանքին սպառնացող վտանգ կա, որը չբուժելու պարագայում կարող է կյանքի հետ անհամատեղելի լինել։ Այստեղ շատ կարևոր է պատշաճ բուժօգնության կազմակերպումը և, եթե այն չկազմակերպվի, ապա այստեղ կյանքի իրավունքի համար Ադրբեջանի պատասխանատվության մեղադրանքի հետ»,- ասաց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ ակնկալում են այս օրերին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջոցով ստանալ Ադրբեջանի Կառավարության տեղեկատվությունը՝ հայ պատանդների վիճակի վերաբերյալ, այդ թվում՝ առողջական։
«Ժողովուրդ» օրաթերթին գերիների ընտանիքներից մեկը հայտնեց, որ ինքը վերջին այցելության ժամանակ հնարավորություն է ունեցել զրուցելու իր հարազատի հետ, բայց նրանից նամակ չի ստացել։
Հիշեցնենք, որ վերջին այցելության ժամանակ Կարմիր Խաչի միջոցով իր ընտնիքին ձեռագիր նամակ է փոխանցել Բաքվում պատանդառված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս