Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ նախարարին կից ատյանի նիստը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Անդրեասյանը ներկայացրեց «Սփյուռք» ամառային դպրոց 2014թ ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Նա նշեց, որ ծրագրի նպատակը հայապահպանության խթանումն է հայոց լեզվի ուսուցման, սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացման միջոցով, իրականացվում է 2012 թվականից, և տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների թիվն ու երկրների աշխարհագրությունը: ՀՀ վարչապետի որոշմամբ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Իմ Հայաստան» ծրագրերի հետ մեկտեղ ստեղծվել է նաև «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը համակարգող հանձնաժողով: Ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ և ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման, ազգային երգի ու պարի, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, Սփյուռքի լրագրողների և Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ: 2014թ նախատեսված է 140 սփյուռքահայի մասնակցություն: Հաստատվել է ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ ըստ դասընթացների: Ծրագրի տեղեկատվական փաթեթը, մասնակցության հայտաձևերն ուղարկվել են սփյուռքյան համայնքներին: Բոլոր դասընթացների մասնակիցների համար, բացի տեսական ու գործնական պարապմունքներից, կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, այցելություններ, ինչի ծախսերը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Օրակարգի համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարա­ծաշրջանային հանձնախմբերի նախագահների համաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գ. Արշակյանը: ՀՀ Նախագահի 2011թ. ապրիլի 23-ի ՆՀ-67-Ա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագրով ՀՀ սփյուռքի նախարարությանը վերապահված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությանն աջակցումը: Համաժողովը կայանալու է 2014թ մայիսի 26-ին Երևանում: Արտերկրում գործող մոտ 44 տարածաշրջանային հանձնախմբերից նախատեսվում է հյուրընկալել մինչև 50 մասնակցի:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կատարած աշխատանքների մասին զեկուցեց վարչության պետ Լ. Ծատուրյանը: Նշվեց ՀՀ Նախագահի՝ 2013թ հոկտեմբերի 22-ի ՆՀ-277-Ն հրամանագրի մասին, որով ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվեց գլխադասային մարմին հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բնագավառներում, որը համակարգում է Հայաստան-սփյուռք գործակցության իրականացումը, ամփոփում և գնահատում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված գործառույթների կատարման վերաբերյալ տեղեկանքները և տեղեկատվությունը: Ներկայացվեցին 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում սփյուռքի նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության կողմից ընդունված իրավական ակտերը, նախարարության կողմից կնքված պայմանագրերը, նախարարի հրամանի նախագծերը և այլ իրավական ակտերի նախապատրաստումը: Ներկայացվեց նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերի իրավական կարգավիճակի, անձնագրերի, մուտքի արտոնագրերի ձեռքբերման, մեքենաների մաքսազերծման և այլ խնդիրներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների կատարման ընթացքը:

Քննարկվեցին ծրագրերի իրականացման կազմակերպական և այլ ընթացիկ հարցեր: Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ապրիլ ամսին ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները:

Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին սփյուռքի հայկական համայնքներում անցկացված հիշատակի միջոցառումները:




Լրահոս