Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջի աշխատակազմը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ բարձրաձայնելով քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
ArmLur.am-ին քոլեջի աշխատակազմը բաց նամակն է ուղարկել:
Աշխատակազմի ներկայացուցիչները նշում են, որ քոլեջների միավորման սկզբնական փուլում մտավախություններ են ունեցել հնարավոր կրճատումների և աշխատատեղերի կորստի վերաբերյալ, սակայն այդ անհանգստությունները, նրանց խոսքով, չեն իրականացել։
«Այն մտավախությունը, որ երկու քոլեջների միաձուլման արդյունքում հնարավոր է կորցնեինք մեր աշխատատեղը, կլինեն կրճատումներ, ի չիք եղան, ավելին՝ բոլորս ապահովված ենք աշխատանքով»,- ասված է դիմումում։
Նամակի հեղինակները ընդգծում են, որ միավորված քոլեջը արդեն ավելի քան մեկ տարի ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հովհաննիսյանը, որի աշխատանքի ընթացքում, ըստ աշխատակիցների, հաջողվել է ձևավորել համախմբված և կայուն կոլեկտիվ։ Նրանք նշում են, որ, չնայած շենքային խնդիրներին, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով, իսկ դիմորդների հոսքը շարունակում է պահպանվել։
Սակայն աշխատակազմը մտահոգություն է հայտնում այն հանգամանքի վերաբերյալ, որ շուրջ մեկ տարի է՝ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չի անցկացվում։ Դիմումում նաև պնդում է արվում, թե ճնշումներ են գործադրվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հովհաննիսյանի նկատմամբ՝ նրան աշխատանքից հեռանալու և առաջիկա մրցույթին չմասնակցելու նպատակով։
«Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ ճնշումներ են գործադրվում մեր տնօրենի պաշտոնակատարի վրա, որպեսզի վերջինս իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից, չմասնակցի մրցույթներին»,- նշվում է նամակում։
Աշխատակազմը պահանջում է, որպեսզի տնօրենի ընտրության գործընթացն իրականացվի բացառապես օրենքի շրջանակում և առանց որևէ միջամտության։
«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի բռնություններին և ճնշումներին։ Պարզապես ցանկանում ենք, որ գործի օրենքը և չլինեն անօրինականություններ»,- ընդգծել են դիմումի հեղինակները։
Քոլեջի աշխատակիցները նաև պահանջում են հանդիպում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակի և իրենց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Իրինա Ատանյան


























