Անկարայում ավարտվել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որն անցկացվել է դաշինքի համար բարդ ժամանակահատվածում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ երեք ամիս տևած պատերազմի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ եվրոպացի դաշնակիցների հասցեին հաճախ հնչեցրած քննադատությունների և Ռուսաստանի ռազմական կարողությունների աճի վերաբերյալ Եվրոպայում մտահոգությունների ֆոնին։
Գագաթնաժողովի գլխավոր թեմաները եղել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացումը և Ուկրաինային աջակցությունը։ Դաշինքը հայտարարել է Կիևին 70 միլիարդ եվրոյի (մոտ 80 միլիարդ դոլար) օգնություն տրամադրելու և պաշտպանական բյուջեների հետագա ընդլայնման մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ընդունված որոշումները կհանգեցնեն դաշինքի «իրական վերափոխման»։
«Եթե դիտարկենք ԱՄՆ-ի տեսանկյունից, ապա եվրոպացի դաշնակիցները շատ ավելի կարողունակ կլինեն՝ Միացյալ Նահանգների հետ միասին աշխատելու ՆԱՏՕ-ում՝ մեկ միլիարդ մարդու անվտանգությունն ապահովելու համար»,– ասել է Ռյուտեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովը բնութագրել է որպես «շատ հաջողված» հանդիպում, որն անցել է «հսկայական միասնության» պայմաններում։ Հյուրընկալող երկրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ այն անվանել է «պատմական»։
Սակայն հանդիպումն անցել է նաև մի շարք անսպասելի տարաձայնությունների պայմաններում։ Մասնավորապես, Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագիրն այլևս ուժի մեջ չէ, ինչպես նաև կրկին բարձրացրել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության հարցը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը «ավարտված է»
Իրանի թեման արդեն իսկ կարևոր տեղ էր զբաղեցնում գագաթնաժողովի օրակարգում՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև վերջին շրջանում առաջացած լարվածության պատճառով։
Իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չորեքշաբթի վաղ առավոտյան տասնյակ հարվածներ է հասցրել Իրանին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա իրականացված հարձակումներին։
Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը «ավարտված է»։
«Նրանք ղեկավարվում են հիվանդ մարդկանց կողմից։ Նրանք դաժան և բռնի մարդիկ են, և եթե ունենային միջուկային զենք, կօգտագործեին այն։ Ինձ համար այն ավարտված է»,– ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, ավելի ուշ ունեցած ելույթում Թրամփը նշել է, որ չի կարծում, թե պատերազմը կրկին կվերսկսվի ամբողջ ծավալով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «երկարատև հակամարտություն չի փնտրում»։
Վաշինգտոնում Իրանի դեմ պատերազմի քննադատները Թրամփին մեղադրել են բանակցությունները ձախողելու մեջ։ Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ի հարվածները որակել է «բացարձակապես անհրաժեշտ»։
«Իրանը, ըստ էության, խախտում է հրադադարը։ Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ երեկ՝ նավերի վրա հարձակումներ։ Կարծում եմ՝ կարևոր է, որ ԱՄՆ-ը վճռականորեն արձագանքի»,– ասել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի վերջնական հայտարարությունում դաշինքը կոչ է արել Իրանին հարգել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը և կրկին ընդգծել, որ Իրանը չպետք է հնարավորություն ստանա ձեռք բերելու միջուկային զենք։
Եթե փորձենք ամփոփել , ապա կունենեք հետևյալ պատկերը։
Անկարայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի 5 հիմնական կետերը
1. Պաշտպանական ծախսերի ավելացում
ՆԱՏՕ-ի անդամ երկրները վերահաստատել են պաշտպանական բյուջեների մեծացման անհրաժեշտությունը՝ դաշինքի ռազմական կարողությունները ամրապնդելու նպատակով։
2. Ուկրաինային շարունակական աջակցություն
Գագաթնաժողովում հայտարարվել է Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի մասին։ Դաշինքը կրկին ընդգծել է Կիևին աջակցելու հանձնառությունը։
3. Իրանի հարցը՝ ՆԱՏՕ-ի օրակարգում
Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը դարձել է քննարկումների առանցքային թեմաներից մեկը։ ՆԱՏՕ-ն կոչ է արել Թեհրանին հարգել Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը և չձգտել միջուկային զենքի ձեռքբերմանը։
4. ԱՄՆ-ի դերի և դաշնակիցների հարաբերությունների շուրջ քննարկումներ
Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ կապված Եվրոպայի, Իրանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ, դարձել են գագաթնաժողովի ամենաքննարկվող թեմաներից մեկը։
5. ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական ուղղությունը
Դաշինքը հայտարարել է իր պաշտպանական ներուժի ընդլայնման և անդամ երկրների միջև ավելի մեծ ռազմական համագործակցության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով անվտանգության նոր սպառնալիքները։
Անի Վարդանյան




























