ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿԲՆԱԿՎԵ՞Ն ՄԱՐԶՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարությունները տեղափոխել Շիրակի մարզ: Ըստ ծրագրի՝ այս երկու գերատեսչությունների «նստավայրը» լինելու է Գյումրի քաղաքը: Մեր տեղեկություններվ՝ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է քաղաքով ու փորձել հարմար շենք գտնել նախեւառաջ ՀՀ մշակույթի նախարարության համար: Սակայն փնտրտուքը դեռ արդյունք չի տվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել, թե երբ է նախատեսված նախարարությունների տեղափոխությունը: Ըստ Բերբերյանի՝ ժամկետները դեռ հայտնի չեն:

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ ու համազգային գործադուլի կոչ արեց՝ ի նշան կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքի. ««Ժառանգություն»-ը կոչ է անում բոլոր աշխատողներին նախաձեռնել աշխատանքային կազմակերպչական խմբերի գործունեություն` համազգային գործադուլ իրականացնելու համար»:
Սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը չի մասնակցի գործադուլին. «Ես համազգային գործադուլին չեմ մասնակցի, բայց գործադուլի առաքելությունը կիրականացնեմ պատգամավորական իմ մանդատի միջոցով՝ «ո՛չ» ասելով մարդկանց շահերին հակասող նախաձեռնություններին»:

ԳՈՐԾԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործադուլ են անելու: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Նաիրիտ»-ի աշխատակից Արմեն Գրիգորյանից: Նշենք, որ երեկ «Նաիրիտ»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը: Թեեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն աշխատակիցներին խոստացել է, որ մոտ օրերս նրանք կստանան իրենց աշխատավարձերը, սակայն Արմենը հայտնեց, որ դեռ 15 ամսվա աշխատավարձ պարտք են մնացել. «Մենք չենք հավատում: Նրանք, ովքեր աշխատում են, գործադուլ կանեն այսօր, մենք էլ կմիանանք մինչեւ աշխատավարձ ստանալը»:

ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր գործն ուղարկվելու է Լոռու կայազորային զինվորական դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, ինչից հետո գործը կմտնի դատարան: Հիշեցնենք, որ սա այն սպանության դեպքն է, երբ ծնողները բանակում սպանված որդու դին փորձում էին Մարտունուց բերել Երեւան, սակայն չստացվեց:




Լրահոս