Armenian text to speach

Ովքե՞ր են շահել և ովքե՞ր են տուժել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմից․նավթային կազմակերպություններից մինչև ավիաընկերություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմից վեց ամիս անց դրա տնտեսական հետևանքները շարունակում են զգացվել ամբողջ աշխարհում։ Պատերազմը լուրջ հարված է հասցրել մի շարք ոլորտների, սակայն միաժամանակ որոշ ընկերությունների և ճյուղերի համար այն դարձել է լրացուցիչ եկամուտների աղբյուր։

Նավթային ընկերությունները՝ շահողների շարքում

Հորմուզի նեղուցի փակումը և Իրանի հարվածները Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքներին հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի։ Դրա արդյունքում աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունների մի մասը զգալիորեն ավելացրել է շահույթը։

ԱՄՆ-ի խոշորագույն նավթային ընկերությունը՝ ExxonMobil-ը, այս տարվա երկրորդ եռամսյակում գրանցել է 14.5 մլրդ դոլարի շահույթ՝ վերջին չորս տարվա լավագույն եռամսյակային արդյունքը։ Chevron-ը նույն ժամանակահատվածում ստացել է 12 մլրդ դոլար շահույթ՝ վեց տարվա առավելագույն ցուցանիշը։

Ֆրանսիական TotalEnergies-ի շահույթը կազմել է 6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 3.6 մլրդ դոլարի փոխարեն։ Shell-ի և BP-ի եռամսյակային շահույթները նույնպես ավելի քան կրկնապատկվել են՝ համապատասխանաբար հասնելով 9.8 և 5.73 մլրդ դոլարի։

Սաուդյան Aramco-ն վերջին եռամսյակում ստացել է 33.4 մլրդ դոլարի շահույթ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ մեկ երրորդով ավելի է։

ԱՄՆ հարկատուների համար պատերազմը՝ միլիարդավոր դոլարների ծախս

Պատերազմի ֆինանսական բեռը, սակայն, մեծացել է ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի՝ Կոնգրեսին ներկայացրած գնահատմամբ՝ հուլիսի վերջին պատերազմի արժեքը հասել էր 37.5 մլրդ դոլարի։

Միաժամանակ Հարվարդի Քենեդու դպրոցի փորձագետ Լինդա Բիլմսը կարծում է, որ իրական ծախսերը կարող են շատ ավելի բարձր լինել։ Նրա գնահատմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի բյուջետային ծախսերը կարող են հասնել 1 տրիլիոն դոլարի՝ ներառելով ռազմական ենթակառուցվածքների վերականգնումը, վիրավորված զինծառայողների հետ կապված վճարումները և այլ երկարաժամկետ ծախսեր։

Պաշտպանական ընկերությունները՝ պատերազմի մյուս շահողները

Պատերազմի ընթացքում մեծացել է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի և զինամթերքի պահանջարկը։

Օգոստոսի 17-ին Պենտագոնը հայտարարել է RTX Corporation-ի հետ 22.9 մլրդ դոլարի պայմանագրի կնքման մասին՝ Tomahawk թևավոր հրթիռների արտադրությունն ավելացնելու նպատակով։

Lockheed Martin-ի հետ կնքվել է նաև 59 մլրդ դոլարի պայմանագիր՝ Patriot հակահրթիռային հրթիռների արտադրությունը եռապատկելու համար։

Միաժամանակ պաշտպանական ոլորտի բոլոր ընկերությունների բաժնետոմսերը չեն աճել։ Պատերազմի մեկնարկից ի վեր Northrop Grumman-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 25 տոկոսով, Boeing-ինը՝ մոտ 8 տոկոսով, իսկ Lockheed Martin-ինը աճել է մոտ 14 տոկոսով։

Պատերազմի հետևանքները հասել են նաև սննդամթերքի շուկա

Վառելիքի և պարարտանյութերի թանկացումը մեծացրել է սննդամթերքի գները՝ հատկապես խոցելի երկրներում սովի վտանգը բարձրացնելով։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ հուլիսին պարենային գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.6 տոկոսով՝ հասնելով 2023 թվականի հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Միևնույն ժամանակ, Պարենի համաշխարհային ծրագիրը գնահատել է, որ պատերազմի հետևանքով Սոմալիում, Աֆղանստանում և Շրի Լանկայում լրացուցիչ 7.1 մլն մարդ արդեն դժվարանում է բավարար սնունդ ձեռք բերել։

Բանկերը նույնպես շահել են շուկաների անկայունությունից

Պատերազմի պատճառով ֆինանսական շուկաներում առաջացած տատանումները մեծացրել են առևտրային ակտիվությունը։ ԱՄՆ-ի խոշորագույն չորս բանկերը՝ JPMorgan-ը, Bank of America-ն, Citigroup-ը և Wells Fargo-ն, երկրորդ եռամսյակում միասին ստացել են 42.5 մլրդ դոլարի շահույթ։

Մեծ Բրիտանիայի HSBC-ի եռամսյակային զուտ շահույթն աճել է 60 տոկոսով՝ հասնելով 10.1 մլրդ դոլարի, իսկ ֆրանսիական Société Générale-ինը՝ 23 տոկոսով՝ հասնելով 2.04 մլրդ դոլարի։

Ավիաընկերությունները՝ խոշոր կորուստների առաջ

Պատերազմից ամենաշատ տուժած ոլորտներից մեկը ավիացիան է։ Իրանի հրթիռային և անօդաչու հարվածների հետևանքով պատերազմի առաջին ամիսներին Մերձավոր Արևելքում տասնյակ հազարավոր չվերթներ չեղարկվել կամ փոխել են երթուղիները։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան կանխատեսում է, որ տարածաշրջանի ավիաընկերությունները կարող են ընդհանուր առմամբ 4.3 մլրդ դոլարի կորուստ գրանցել։ Մինչդեռ 2025 թվականին ոլորտը 7.2 մլրդ դոլարի շահույթ էր ունեցել։

Պատերազմի հետևանքները տարածվել են նաև տարածաշրջանից դուրս՝ վառելիքի գների բարձրացման պատճառով։ Air New Zealand-ը վերջին շրջանում հայտնել է շուրջ 200 մլն դոլարի կորուստ՝ 12 ամիսների ընթացքում։

Վերականգնվող էներգետիկան և ածուխը՝ անսպասելի շահողներ

Նավթի և գազի մատակարարումների խափանումները խթանել են ինչպես վերականգնվող էներգետիկայի, այնպես էլ ածխի նկատմամբ հետաքրքրությունը։

Չինաստանը, Ավստրալիան, Կանադան և Ֆրանսիան, ինչպես նաև առնվազն 26 երկրներ ու տարածաշրջաններ, պատերազմի ֆոնին հայտարարել են մաքուր էներգիայի նոր նախաձեռնությունների մասին։

Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ 2026 թվականին էլեկտրական մեքենաները կարող են կազմել ավտոմեքենաների համաշխարհային վաճառքի 29 տոկոսը։

Միաժամանակ աճել է ածխի պահանջարկը։ Հարավաֆրիկյան Thungela Resources-ը հայտնել է, որ պատերազմի պայմաններում առաջին կիսամյակի շահույթը կրկնապատկել է։ Ասիական մի շարք երկրներ նույնպես հայտարարել են ածխով էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնելու կամ ածխի սպառումը կրճատելու ծրագրերը հետաձգելու մասին։

Ավտոարտադրողները՝ ևս մեկ տուժած ոլորտ

Ավտոմոբիլային արդյունաբերությունը տուժել է հումքի՝ ալյումինի, պլաստիկի, ներկանյութերի և այլ նյութերի թանկացումից։

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն հայտնել է, որ հուլիսին համաշխարհային վաճառքները նվազել են գրեթե 5 տոկոսով՝ գրանցելով անկման վեցերորդ անընդմեջ ամիսը։ Ընկերն ավելի վաղ գնահատել էր, որ պատերազմը կարող է իրեն 4.3 մլրդ դոլար արժենալ։

Գերմանական Volkswagen-ի երկրորդ եռամսյակի շահույթը նվազել է գրեթե մեկ երրորդով։ Ընկերության վրա պատերազմի հետևանքներին զուգահեռ ազդել է նաև չինական ավտոարտադրողների աճող մրցակցությունը։

Այսպիսով, պատերազմի տնտեսական ազդեցությունը միանշանակ չէ․ էներգետիկ և ֆինանսական որոշ ընկերություններ կարողացել են մեծացնել եկամուտները, մինչդեռ ավիացիան, ավտոարդյունաբերությունը, սպառողները և հատկապես սննդամթերքի գների աճից առավել խոցելի երկրները հայտնվել են կորուստների առաջ։

Անի Վարդանյան




Լրահոս