«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 26-28-ը գործուղվելու է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբի։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած N 928-Ա որոշմամբ նշվում է, որ Գալյանը Աբու Դաբիում մասնակցելու է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։
Փաստաթղթում հստակ նշված է նաև, որ նախարարի գործուղման հետ կապված ծախսերը՝ 3 օրապահիկի, 3 գիշերավարձի և ճանապարհածախսի համար, իրականացվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Այսինքն՝ Գալյանի եռօրյա այցը ֆինանսավորվելու է պետական բյուջեից։
Որոշման մեկ այլ կետով Սրբուհի Գալյանին պարտավորեցվում է գործուղումից վերադառնալուց հետո երեք օրվա ընթացքում ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հատկանշական է, որ այցը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-28-ը, իսկ կոնգրեսի շրջանակում քննարկվող թեմաները վերաբերում են հանցավորության կանխարգելմանն ու քրեական արդարադատությանը։
Այսպիսով, առաջիկայում Արդարադատության նախարարի աշխատանքային օրակարգը տեղափոխվելու է Աբու Դաբի, իսկ այցի ֆինանսական բեռը վերցնելու է պետական բյուջեն։
Սոնա Գրիգորյան




























