Նոյեմբերի 2-ին ազդարարվեց «Բուժաշխատողների շահերի պաշտպան» հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկը։ Այն ստեղծվել է մի կարևոր առաքելությամբ՝ պաշտպանելու այն մարդկանց իրավունքները, ովքեր ամեն օր, հաճախ նաև գիշերները, պայքարում են ուրիշների առողջության և կյանքի համար։
Նորաստեղծ հասարակական կազմակերպության գաղափարախոսությունն արտահայտված է մեկ նախադասությամբ՝ «Բժիշկը պաշտպանում է մարդու առողջությունը, մենք՝ բժշկի իրավունքները»։
Կազմակերպության հիմնադիրն իրավաբան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանն է։ Նա պատմում է, որ առօրյա կյանքում բազմիցս ականատես լինելով բուժաշխատողների նկատմամբ ոչ պատշաճ, երբեմն նաև ագրեսիվ վերաբերմունքի՝ որոշել է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։
Սերգեյ Ոսկանյանը չի թաքցնում, որ առջևում դժվարին ճանապարհ է, սակայն վստահ է՝ իր թիմի հետ պատրաստ է արժանապատվորեն հաղթահարել բոլոր փորձություններն ու հետևողականորեն իրականացնել կազմակերպության առջև դրված նպատակները։
Միջոցառմանը ներկա էին անվանի բժիշկներ, բուժաշխատողներ, ոլորտի մասնագետներ, ՀՀ Ազգային ժողովի ներկա և նախկին պատգամավորներ, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչներ, ինչպես նաև նախաձեռնությամբ հետաքրքրված այլ հյուրեր։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























