ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՀԱՄԻԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշեր` ժամը 00:30-ին, Երեւանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1963թ. ծնված Աշոտ Ավետիսյանը: Նա կամ նույն ինքը` բանգլադեշցի Համիկը, ծեծել է իր մեքենային հարվածած տաքսու վարորդին:
Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության` 31-ամյա Գարիկ Նազարյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 10 ՏՕ 737 համարանիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել է առջեւում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի 08 ՈՕ 888 համարանիշով ավտոմեքենային, որի վարորդ Աշոտ Ավետիսյանը, իջնելով մեքենայից, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել  վնասվածքներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` կոտրվել է Գարիկի ծնոտը:
Փաստորեն, 48-ամյա Աշոտ Ավետիսյանը, որն առավել հայտնի է բանգլադեշցի Համիկ անունով, զայրացել է, որ ինչ-որ «տաքսիստ» համարձակվել է հարվածել իր թանկարժեք «ԲՄՎ X-6»-ին: Բաթումից Երեւան վերադարձող Համիկը փորձել է ցույց տալ վարորդին իր տեղը, սակայն «թարս բան է ստացվել»: Ինչպես armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, BMW X6 մակնիշի 08 ՈՕ 888 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի տուգանային հրապարակ: Իսկ Աշոտ Ավետիսյանը ձերբակալված է. նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում (ԿԱ-ՊԵ-ԶԷ): Համիկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն` անձի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելով):
Այն, որ բանգլադեշցի Համիկը ընդունակ է խուլիգանություն կատարելու, դա վաղուց բոլորին հայտնի իրողություն է: Նա առաջին սափրագլուխներից էր, որն աչքի ընկավ լրագրողների դեմ իրականացրած բռնություններով: Դեռեւս 2004-ի ապրիլի 5-ին Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ նա մի խումբ այլ սափրագլուխների հետ ձվեր էր նետում Արտաշես Գեղամյանի վրա: Եւ այնպես էր ոգեւորվել, որ կոտրեց այդ ամենը նկարահանող լրագրողների տեսախցիկները, ինչպես նաեւ բռնություն գործադրեց նրանց նկատմամբ:
Համիկն ակտիվ դերակատարություն ուներ նաեւ «Տեցի կրուգում» տեղի ունեցած սկանդալային  «ռազբորկա»-ին: Բայց չնայած գործած հանցագործություններին, նա այդպես էլ իրավապահների կողմից լուրջ ուշադրության չարժանացավ: Ըստ aravot.am-ի` Աշոտ Ավետիսյանը 2010 թվականին Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի ենթարկեց մի քաղաքացու, որը մահացավ: Սակայն դեպքի վայրից փախուստի դիմած վարորդն արժանացավ միայն տուգանքի:
Հավելենք նաեւ, որ Աշոտ Ավետիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստներից է, եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական թիկնապահը, իսկ հիմա արդեն նա իր անձնական բիզնեսն ունի: Ավետիսյանին է պատկանում «Նեպտուն» սպորտային համալիրը: Եւ սա է պատճառը, որ քաղաքական շրջանակներում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի հրահանգով հերթական անգամ փորձ է արվում ԲՀԿ-ին մատուցել որպես քրեական տարրերով հարուստ կուսակցություն` այդպիսով ընտրություններից առաջ վարկաբեկելով կոալիցիոն գործընկերոջը:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
լուսանկարը՝ aravot.am-ի




Լրահոս