ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՏ ՑԱԾՐ Է
Մայիսի 7-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկությունը, եւ «Փյունիկ»-ը, 2։1 հաշվով հաղթելով «Գանձասար»-ին, յոթերորդ անգամ տիրացավ գավաթին։
Հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ սովորաբար ինքը համակրանք չի դրսեւորում որեւէ թիմի նկատմամբ, սակայն հոգու խորքում ուզում էր, որ հաղթի «Գանձասար»-ը, որն առաջին անգամ էր հասել եզրափակիչ. «Ես այդպես էի ցանկանում, քանի որ «Գանձասար»-ը շրջան է ներկայացնում, բացի այդ, այն բացառիկ թիմերից է, որի համար մեծ ներդրումներ են կատարվում։ «Փյունիկ»-ն արդեն յոթերորդ անգամ դարձավ գավաթակիր, եւ իր համար դա շարքային բան էր։ «Գանձասար»-ում վերջին ժամանակներս խնդիրներ եղան, գլխավոր մարզիչն ազատվեց, թիմը հոգեբանական ճգնաժամի մեջ էր։ Եզրափակիչները հազվադեպ են գեղեցիկ, հետաքրքիր ստացվում, բայց այս եզրափակիչը համեմատաբար դիտարժան էր, հատկապես՝ երկրորդ խաղակեսը։ «Գանձասար»-ը առավելություն ուներ, բայց հետո «Փյունիկ»-ը, երեւի մտածված, հետ քաշվեց. հաշվի մեջ առջեւում էր»։
Գավաթակիրը մեր երկիրը ներկայացնելու է Եվրալիգայում, եւ, ըստ մեր զրուցակցի, այսօր «Փյունիկ»-ն այն վիճակում չէ, որ լավ ներկայանա այդ մրցաշարում։ Ս. Բաղդասարյանը նաեւ քիչ հավանական է համարում, որ թիմն այլ խաղացողներով կուժեղացնեն, քանի որ «Փյունիկ»-ի քաղաքականությունն իր կադրերով հանդես գալն է, հիմնականում պատանեկան հավաքականներին խաղացողներ մատակարարելը։ «Գանձասար»-ն էլ գավաթակիր դառնալու դեպքում Եվրալիգայում լավ հանդես գալու հեռանկար չուներ, բայց չի բացառվում, որ թիմի ղեկավարներն ակումբը կհամալրեին ուժեղ խաղացողներով։ «Կապանցիների գործադիր տնօրենն ասաց, որ իրենք շատ էին ուզում, իրենց համար կարեւոր էր նորից Եվրալիգային մասնակցելը, բայց դա չստացվեց։ Եվ իրենք արդեն նոր թիմ կառուցելու, իրենց չարդարացրած ֆուտբոլիստներից ազատվելու հնարավորություն կստանան»,- ասաց Ս. Բաղդասարյանը։ Ինչ վերաբերում է երկրի առաջնության ընդհանուր մակարդակին, ըստ մեր զրուցակցի՝ այն ոչ թե բարձրանում, այլ իջնում է։ «Այն, որ թիմերը հավասարվել են, փաստ է, եւ նույնիսկ «Ուլիս»-ը, որ համարյա իր հիմնական խաղացողներից, կադրերից զրկվել է, երիտասարդ, պատանի ֆուտբոլիստներ է վերցրել, երկու խաղ իրար հետեւից հաղթեց։ Ընդ որում, նաեւ «Արարատ»-ին հաղթեց, որը չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդն էր, ու, փաստորեն, այդ պարտությամբ «Արարատ»-ը երեւի կզրկվի չեմպիոնությունից։ Վաղուց չեմպիոնության համար նման պայքար չի եղել. առաջնությունն ավարտվում է, բայց դեռեւս չորս թիմ չեմպիոն դառնալու հնարավորություններ է պահպանում։ Ֆուտբոլասերների՝ զանազան հաշվարկներ կատարելու իմաստով դա հետաքրքիր է, բայց առաջնության ընդհանուր մակարդակը, ցավոք, շատ ցածր է։ Այսօր ես Հայաստանում ֆուտբոլիստ չեմ տեսնում, ով վաղը, մյուս օրը կարող է դառնալ մեր հավաքականի հիմնական կազմի արժանի խաղացող»,-ցավով ընդգծեց մարզական մեկնաբանը։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ