Հայ դերասանների մասնակցությամբ ռուսական շուկայի համար հերթական ֆիլմն է նկարահանվել՝ «Հրաձիգ-2»-ը, որի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նկարահանվել է ռուսական Ren TV-ի պատվերով, իսկ նկարահանող ընկերությունը «BERG SOUND-ն» է: Հեռուստաֆիլմը բաղկացած է չորս մասից, այնտեղ խաղում են նաեւ հայ դերասաններ Արամոն, Սոս Ջանիբեկյանը, Արամ Կարախանյանը, Ալբերտ Սաֆարյանը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիս ամսին:
«Ժողովուրդ»-ի այսօրվա զրուցակիցը դերասան եւ սիրված երգիչ Արամոն է։
-Որքան գիտեմ, Դուք վերջերս նաեւ մեկ այլ կինոնկարում եք նկարահանվել։
-Այո, ավարտվել են նաեւ Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները, որը ներկայացրել ենք ազգային կինոյի «Հայակ»-ի մրցանակաբաշխությանը։ Մյուս ֆիլմը «Հրաձիգ-2»-ն է, որտեղ ես մարմնավորել եմ Իդրիսի բացասական կերպարը։
-Ո՞րն է այդ ֆիլմի հիմնական ասելիքը։
-Իմ հերոսը նարկոբարոն է, թալիբան եւ գյուղի իշխանությունը վերցրել է իր ձեռքը։ Ու հատուկ ջոկատի աշխատակիցները Մոսկվայի հրամանով գալիս են նրան վնասազերծելու։ Ֆիլմն ակտուալ է։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում, մարդկության մեջ բարին հաղթում է, եւ տվյալ դեպքում ներկայացված է նարկոթրաֆիքինգի դեմ պայքարը։ Նման մարդիկ պիտի չլինեն, նրանց պիտի վնասազերծեն, ու մարդիկ մաքուր, ազնիվ ու առողջ ապրելակերպով ապրեն։ Տղաները վնասազերծում են ավազակախումբը ու նրա ղեկավարին՝ ինձ։ Ի դեպ, ֆիլմում ես պարսկերեն եմ խոսում, իսկ ճիշտ շեշտադրումները, առոգանությունը ինձ սովորեցրել է պրոֆեսիոնալ մասնագետը։
-Ինչպիսի՞ կինոնկարում կցանկանաք նկարահանվել, ի՞նչ դերի մասին եք երազում։
-Ուզում եմ՝ համամարդկային թեմա լինի, որ շատ հուզի մարդկությանը, այսինքն՝ այնպիսի կինոնկար լինի, որ համոզի ճապոնացուն, գերմանացուն… Նեղ ազգայնական չլինի, հուզի շատ մարդկանց, համընդհանուր թեմաներ շոշափվեն այդ ֆիլմում։ Դա իմ երազանքն է։ Մեծ սիրով կոմեդիայում կնկարվեի, տրագիկոմեդիայում, դրամայում։
-Այսինքն՝ բոլոր ժանրերում։
-Այո՛, այո՛, որովհետեւ շատ հետաքրքիր է տարբեր ժանրերում ճիշտ կերտել կերպարը եւ այն հասանելի դարձնել հանրությանը։
-Ինչպես ասում են՝ ախորժակը ուտելիս է բացվում, եւ Դուք պատրաստ եք նկարահանվել ու նկարահանվել։
-Բնականաբար, բայց սցենարից էլ է դա կախված։ Ու այնպես չէ, որ եթե նկարվելու ցանկություն ունեմ, ուրեմն պետք է ամեն ֆիլմում նկարվեմ։ Պետք է ինձ հարազատ լինի սցենարը, կերպարը։ Եղել են առաջարկություններ, որոնք մերժել եմ, եւ դա նորմալ է։ Պետք է այդ կերպարի մոդելը կառուցես, որի համար ժամանակ է պահանջվում, պետք է ապրես կերպարով, կարողանաս ներքին հոգեկան եւ արտաքին վիճակները ճիշտ հասցնել հանդիսատեսին, որ իսկապես հուզես նրան, այլ ոչ թե թվացյալ անես ինչ-որ բան, որը կարող է պարզապես դատարկություն լինել։
-Դերասան կա՝ մտնում է կերպարի մեջ եւ ամբողջ կյանքում կամ բավականին երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ այդ կերպարից։ Դուք հե՞շտ եք դուրս գալիս մի կերպարից եւ մտնում մեկ այլ կերպարի մեջ։
-Նկարահանման կերպարը դու ես ստեղծում, եւ արտիստի մասնագիտությունն այնպիսին է, որ անպայման պետք է դուրս գա այդ կերպարից, որպեսզի կարողանաս ուրիշ ֆիլմում այլ կերպարի վրա աշխատել։ Ժամանակ է պետք, որ տվյալ հոգեվիճակից դուրս գաս, չեմ ասում՝ ամիսներ, բայց մի 3-5 օր է անհրաժեշտ, որ այն մոռանաս։ Ստեղծել ես մի, այսպես ասած, կտավ, հանձնել հանրության դատին ու այնտեղ չպետք է մնաս։ Ոչ պրոֆեսիոնալ դիլետանտները (չեմ ասի՝ դերասանները), բնականաբար, պիտի մնան այդ կերպարի մեջ, որովհետեւ այդ մասնագիտության տերը չեն։
-Առաջին մասնագիտությամբ դերասան եք, բայց առավել հայտնի եք որպես երգիչ, ով ժամանակին հաղթել է նաեւ միջազգային մրցույթներում։
-Երգն իր տեղն ունի, եւ արդեն չորս հեղինակային ստեղծագործություններ պատրաստ են, բայց ծանրաբեռնված եմ նաեւ ներկայացումով։ «Սեւ, դառը շոկոլադ»-ի պրեմիերան, որի հեղինակը Էմման է, եւ որը Սուրեն Շահվերդյանն է բեմադրել Լուիզա Ղամբարյանի հետ, կայացավ ապրիլի 15-16-ին, իսկ մայիսի 15-ին այն պետք է խաղանք Երեւանի դրամատիկական թատրոնում։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ