ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ «ԱՆՏԵՍՎԱԾ» ՀԱՐՑԵՐԻՆ Է ԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ արդարադատության ոլորտում ինքը շատ անելիքներ ունի: Նախարարի խոսքով` համակարգում հարցեր կան, որոնց լուծում չի տրվել ու այժմ ինքը սկսել է աշխատել դրանց ուղղությամբ:

-Պարոն Մանուկյան, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն ինչպիսի «ժառանգություն» է թողել Ձեզ: Պաշտոնավարման այս կարճատեւ ընթացքում ի՞նչ կարեւոր խնդիրներ եք նկատել, որոնք պետք է առաջնահերթ լուծեք:
-Քաղաքացիա-իրավական հարց չէ, որ ես ժառանգություն ստանամ, կառավարությունը հրաժարական է տվել, որից հետո ինձ նշանակել են ՀՀ արդարադատության նախարար: Համակարգը բավականին ծավալուն համակարգ է, ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ ու խնդիրները բավականին բարդ են: Հանրության, մարդկանց ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտ է սա, որն առնչվում է քաղաքացիների իրավունքներին, որտեղ քաղաքացին ուղղակի շփվում է պետության հետ: Եվ բնական է, որ այստեղ անելիքներ շատ կան:
-Այնուամենայնիվ, այս ընթացքում ի՞նչ բացահայտումներ եք արել Ձեզ համար, ամենամեծ թերությունները որտե՞ղ են, որոնց լուծումից էլ սկսելու եք Ձեր աշխատանքը:
-Կառավարության նոր ծրագրում արդեն ֆիքսված են այն գործողությունները, որոնք կառավարությունը ոլորտի հետ կապված կարեւոր է համարում: Սկսած արդյունավետ արդարադատության համակարգից, վերջացրած քրեակատարողական համակարգով եւ դատական ակտերի հարկադիր կատարող համակարգով, որտեղ ամեն բլոկում անելիքների իր ցուցակը կա: Օրինակ՝ քրեակատարողական համակարգում պրոբացիոն ծառայության ստեղծման խնդիրն է, որը կառավարությունն իր առջեւ դրել է ու այն առաջ է քաշել: Իսկ դա այն ծառայությունն է, որը հսկողություն է իրականացնում կամ կազմակերպում է ազատազրկման հետ կապ չունեցող քրեական պատիժների իրականացումը: Ու Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներում այս ամենը հիմնադրված է, եթե նրանց փորձն ենք ուսումնասիրում, ապա ազատազրկման հետ կապված պատիժների եւ պրոբացիայի միջոցով պատիժների համակարգի հարաբերակցությունը դատապարտված անձանց թվի մեջ կազմում է 4/1-րդը, հօգուտ պրոբացիոն ծառայության: Ինչը տալիս է քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման առավելություն, ինչը տալիս է պետական ռեսուրսների խնայողության առավելություն եւ մի շարք այլ առավելություններ:
-Այսինքն՝ նախկին նախարարը…
-Կներեք… կարեւորագույն խնդիրների շարքում մենք տեսնում ենք մի խնդիր, որը հասարակության համար հավանաբար շատ հետաքրքիր է եւ դրա լուծումը համենայնդեպս տրված չէ, դա վերաբերվում է տնտեսական բնույթի հանցագործությունների եւ դրանց համար նախատեսված սանկցիաների համապատասխանեցմանը, քրեական, վարչական, քաղաքացիաիրավական դաշտերում: Ծրագրերը պետք է հերթով իրականացնենք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս