«Ժողովուրդ»-ը զրուցել է հայրենի նախարարների հետ` պարզելու, թե շուտով սկսվող նախընտրական քարոզարշավին նրանք ինչ են անելու իրենց կուսակցությունների համար: Նախարարները նշում են, որ իրենք անպայման մասնակցելու են քարոզարշավին եւ շատ ակտիվ են լինելու: Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ընտրություններից առաջ ՕԵԿ-ը որեւէ ընտրակաշառք չի բաժանելու:
-Պարո՛ն Երիցյան, Դուք անձամբ Ձեր կուսակցության համար ի՞նչ եք պատրաստվում անել քարոզարշավի ժամանակ:
-Դեռեւս որոշում չի եղել, շուտով կլինի քաղխորհրդի նիստը, այնտեղ արդեն որոշում կկայացվի:
-Իսկ Դուք ելույթ կունենաք ամբիոննի՞ց, թե՞ նաեւ Ձեր կուսակցության հետ կգնաք մարզեր, համայնքներ` այնտեղ քարոզարշավ իրականացնելու համար:
-Դեռ չգիտեմ, ինչպես կուսակցությունը որոշի, այդպես էլ կվարվենք, դա էլ դեռ որոշված չէ:
-Ժողովրդի մեծ մասը դժգոհում է այսօրվա իշխանություններից, ըստ Ձեզ` արդյո՞ք Ձեր կուսակցությանն ինքնակամ ձայներ կտան:
-Իհարկե, մենք ձայներ ունենք, եւ մեր կողքին շատ մարդիկ կան: Ես կարծում եմ, որ մենք կապահովենք մեր քվեները: Անձամբ ես ասեմ, որ աշխատանքներ տանում ենք, իմ աշխատանքով այնպես եմ անում, որ յուրաքանչյուր քաղաքացի տեղեկանա, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր կողքին է:
-Կուսակցությունները մշտապես իրենց հույսը դնում են ընտրակաշառքի վրա, Ձեր կուսակցությունն ի՞նչ է որոշել, նման քայլի դիմելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Իհարկե ո՛չ, մի՛ մոռացեք, որ ես նախկին ոստիկան եմ:
-Պարո՛ն Երիցյան, Դուք գո՞հ եք Ձեր` այս տարիների ընթացքում կատարած աշխատանքից: Կուսակցությունը Ձեր թեկնածությունն առաջադրեց արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատելու համար, արդյո՞ք իրենց բավարարել է Ձեր աշխատանքը:
-Իմ աշխատանքը ես չեմ կարող գնահատել, դա պետք է ժողովուրդը գնահատի, բայց կարծում եմ, որ անելիքներ շատ-շատ կան, եւ որ միանշանակ ասենք, թե արտակարգ իրավիճակների նախարարությունն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել է, դա ճիշտ չի լինի:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար
-Պարո՛ն Աշոտյան, շուտով քարոզարշավը կսկսվի, ՀՀԿ-ին ձայներ բերելու համար Դուք մասնակցելո՞ւ եք նախընտրական քարոզարշավին:
-Որպես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ակտիվ կուսակցական` իհարկե պատրաստվում եմ ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին, կարոտել եմ ակտիվ քաղաքականությունը, երկար ժամանակ հրապարակային քաղաքական ելույթներ չեմ ունեցել, անհամբեր սպասում եմ: Շատ ասելիք է կուտակվել շատերի մոտ: Շրջաններ եւս գնալու ենք, մենք միշտ էլ շրջաններում լինում ենք` կրթության ոլորտի հետ կապված: Ես սովոր եմ այդ աշխատանքին:
-Բայց կարո՞ղ է ՀՀԿ-ն ձայներ հավաքել` հաշվի առնելով այն, որ ժողովուրդը շատ դժգոհ է երկրի ղեկավարությունից:
-Միանշանակ: Դժգոհությունները շատ են` իրավիճակի հետ կապված, դա մի՛ շփոթեք, բազմաթիվ ենթաբաղադրություններ կան: Ասենք` ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի տակից գրեթե ոչ մի երկիր, բացառությամբ մի քանի երկրների, չկարողացավ դուրս գալ:
-Իսկ կուսակցությունն ընտրակաշառք բաժանելո՞ւ է` քվեներ ապահովելու համար:
-Եթե լինի, կպատժվի:
-Պարո՛ն Աշոտյան, կոնկրետ Դուք գո՞հ եք այս տարիների ընթացքում Ձեր կատարած աշխատանքից:
-Ես անում եմ այն, ինչ պետք է եւ կարող եմ անել` երբեմն հասարակական կարծիք ձեւավորելով, երբեմն հասարակական կարծիք փոխելով: Մենք աշխատում ենք երկարաժամկետ ծրագրերով, ռազմավարական ծրագրերով:
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ քաղաքաշինության նախարար
-Պարո՛ն Վարդանյան, ԲՀԿ-ի քարոզարշավին մասնակցելո՞ւ եք, անձամբ գնալո՞ւ եք մարզեր` ձայներ բերելու համար:
-Իհարկե մասնակցելու եմ օրենքի սահմաններում: