Բեռնափոխադրումների ծավալը մայիսին աճել է 5,8%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հունիսի 9-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց ընկերության մայիսին կատարած աշխատանքի արդյունքները: ՀԿԵ գլխավոր տնօրենի խոսքերով, երկաթուղու աշխատանքի ցուցանիշները դրական միտումներ ունեն:

Մասնավորապես, բեռնափոխադրումների ծավալը նախատեսված ցուցանիշների հետ համեմատ մայիսին աճել է 5,8%՝ միևնույն ժամանակ աճի միտումներ ցուցադրելով նաև 2013 թ-ի մայիսի հետ համեմատած: Բեռնափոխադրումների աճը հիմնականում պայմանավորված է ներմուծման հաղորդակցությունում փոխադրվող բեռների ավելացմամբ. այստեղ գրանցվել է 27% աճ՝ նախատեսված ցուցանիշների հետ համեմատ: Իսկ 2013 թ-ի մայիսի հետ հանենատ ներմուծումը 2014 – ին աճել է 1,5 անգամ:

Աճ նկատվում է նաև բեռնաթափման գծով. 15,9%-ով՝ նախատեսված ցուցանիշների և 28%-ով՝ անցյալ տարվա մայիսի հետ համեմատ:

Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը դրական միտումներ է արձանագրել երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշների գծով: Օրինակ՝ 1,4 ժամով կրճատվել է վագոնի պարապուրդի ժամանակը, ավելացել է բեռնատար գնացքների երկարությունը, իսկ լոկոմոտիվի միջին օրեկան արտադրողականությունը և վազքը 2013-ի հետ համեմատ ավելացել են 9%-ով:

Երկաթուղու աշխատողների աշխատավարձերի հարցով ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ ապրիլի արդյունքներով միջին աշխատավարձը կազմում էր 182 հազ. դրամ (հանրապետությունում գրանցված 159,5 հազ. դրամի դիմաց), իսկ մայիսի արդյունքներով այն կազմեց արդեն 197 հազ. դրամ:

Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը ներկաներին հորդորեց շարունակել աշխատանքը գնացքների տեղամասային արագությունների բարձրացման ուղղությունով՝ նշելով, որ այս ցուցանիշը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ անկում է արձանագրում:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել աշխատանքները բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հավասարման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման և երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման ուղղություններով:




Լրահոս