Վարդենիսի շրջանի Տրետուք գյուղի բնակիչներն այսօր նախագահական նստավայրի դիմաց էին: Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, տրետուցիքներին ընդունել էին ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նրանք ներկայացրել էին իրենց խնդիրը:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են չեղյալ համարել հունիսի 8-ին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքները: Մասնավորապես` ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` 80 ձայնով հաղթող էր ճանաչվել Հովհաննես Երանոսյանը, 63 ձայն ստացել էր գործող գյուղապետը` հակառակորդ թեկնածուն ԲՀԿ-ից` Ալիկ Եղիազարյանը: Այսօր առավոտյան, սակայն, պարզ է դարձել, որ հաղթող թեկնածուն գործող գյուղապետն է, իսկ անվավեր քվեաթերթիկներն էլ վավեր են ճանաչվել: Տրետուքցիները, սակայն, չեն հաշտվում ընտրության արդյունքների հետ և պատրաստ են տեր կանգնել իրենց ձայներին:
Տրետուքի բնակիչ Սերգեյ Քոչարյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախագահի նստավայրում իրենց հստակ ոչինչ չասացին: «Մեզ ասացին՝ գնացե՛ք ԿԸՀ, բայց ի՞նչ տարբերություն՝ ԿԸՀ, թե՝ մարզային հանձնաժողով, օրենքը օրենք չի՞: Բայց մենք ոչ մի տեղ չենք գնալու: Մենք սպասում ենք, որ մեզ ընդունի Սերժ Սարգսյանը»,- ասաց մեր զրուցակիցը:
Զրուցեցինք նաև ընտրությունների նախնական արդյունքներով հաղթած ՀՀԿ-ական թեկնածու Հովհաննես Երանոսյանի հետ: Վերջինիս համար անհասկանալի է` ինչպես եղավ, որ 1 օրվա մեջ ընտրության արդյունքները փոխվեցին:
«Ինձ ուղղակի հետաքրքրիր է`ոնց կարող է դատարկ քվեաթերթիկը վավեր լինել»,- ասաց Երանոսյանը:
Նրա խոսքով` ընտրությունից մի քանի օր առաջ գյուղում խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ եթե Հովհաննես Երանոսյանի կողքին ժողովուրդ կա կանգնած, մենք էլ փող ունենք:
Սոնա Դավթյան