2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել էր նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գորիգորյանի` Շերիֆի՝ մանդատից հրաժարվելուց հետո, ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Ռ. Մախմուդյանը պետք է փոխարիներ նրան: Սակայն ԲՀԿ-ում որոշում է կայացվել, որ Գ. Գրիգորյանին մեկ այլ մարդ պետք է փոխարինի:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ռ. Մախմուդյանի «ոտքի տակը փորել» են մի խումբ ԲՀԿ-ականներ՝ Գագիկ Ծառուկյանին տեղեկացնելով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մախմուդյանը չի կարողացել ձայներ «բերել», ուստի պետք չէ, որ նա ԱԺ գնա: Մեր տեղեկություններով՝ հիմնական «դերերում» եղել են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու սպորտսմեն Բազմասեր Առաքելյանը: Վերջիններս հանդիպել են Գ. Ծառուկյանի հետ ու ասել, թե Ռ. Մախմուդյանը Արագածոտնի մարզից ԲՀԿ-ի համար ձայներ չի կարողացել ապահովել ու ամեն ինչ «պրավալ» է տվել: Գ. Ծառուկյանն էլ հետեւել է նրանց հորդորներին ու որոշել, որ Ռ. Մախմուդյանի փոխարեն խորհրդարան կգնա Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռ.Մախմուդյանը եւս հանդիպել է Գ. Ծառուկյանի հետ. փաստաթղթերով «զինված» գնացել է նրա մոտ, որպեսզի ապացուցի իր «անմեղությունը»: Գ. Ծառուկյանը Մախմուդյանին լսելուց հետո ասել է, որ ինքը կզրուցի Ռ. Գասպարյանի եւ Բ. Առաքելյանի հետ, սակայն դրանից որեւէ բան չի փոխվելու: «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարցեր է ուղղել Ռուստամ Մախմուդյանին:
-Պարոն Մախմուդյան, ինչո՞ւ եք մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել, եթե եզդի համայնքի ներկայացուցիչները հույսեր էին կապում Ձեզ հետ` ակնկալելով, որ ԱԺ-ում կբարձրացնեք եզդիներին հուզող խնդիրները:
-Ես հրաժարականի դիմում եմ գրել այն պարզ պատճառով, որ պարոն Գ. Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում պարզվեց, որ մեր համայնքը չի կարողացել համախմբված ձեւով քաղաքական ուժին ձայն տալ, ու դա, կոպիտ ասած, կարող է պատճառ հանդիսանալ, որ ես հրաժարականի դիմում գրեմ: Պարոն Ծառուկյանն ասաց, որ այն ժամանակ ասել էր` պետք է միավորված լինեք, որպեսզի ձայն տան, իսկ ես էլ ձեզ տանեմ խորհրդարան, բայց ոնց հասկանում եմ` դուք համախմբված չեք: Ու այդ դեպքում ձեզ տանելու նպատակահարմարությունը անհասկանալի է դառնում: Իրենց մոտ ցուցակներ կան` 14, 15 ընտրատարածքներից, առավելապես կոմպակտ եզդիաբնակ վայրերին է վերաբերում… ճիշտն ասած, դրա հետ կապված ես այդքան էլ համամիտ չեմ, որովհետեւ Հայաստանում երկու գյուղ կա եզդիաբնակ, որտեղ իրականում ԲՀԿ-ն շատ քիչ ձայներ է հավաքել: Բայց պետք է ասենք նաեւ, որ հազարավոր եզդիներ կան, որ ապրում են հայաբնակ վայրերում` մասնավորապես Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու իրենք ամբողջ քաղաքական գործընթացում, ընտրությունների ժամանակ կանգնած են եղել մեր կողքին, ու ես համոզված եմ, որ իրենք իրենց ձայնը տվել են ԲՀԿ-ին: Բայց, կոպիտ ասած, կարծես թե դա հաշվի մեջ չի մտնում:
-Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում հիմնական դժգոհությունն այն է, որ Դուք չեք կարողացել Արագածոտնի մարզում ձայներ «հավաքել»: Իսկապե՞ս դա այդպես է եղել:
-Անկեղծ ասած, ես՝ որպես իրավաբան եւ իրավաբանական գիտությունների թեկնածու, ինչպես նաեւ ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի դասախոս, երկու տեսակետից եմ այդ հարցին նայում: Ինչու ես միանգամից հրաժարականի դիմում ներկայացրեցի. որովհետեւ ինձ չպետք է երբեւէ դիտարկեն որպես միայն ձայն բերողի, որովհետեւ ես կարծում եմ, որ իմ մասնագիտական կարողություններն ու հմտությունները կարող են նպաստ բերել ցանկացած քաղաքական ուժի: Իմ պատկերացմամբ՝ ես կարողացել եմ համախմբել ինչքան որ կարող էի, որպեսզի այդ մարդիկ իրենց ձայները տային ԲՀԿ-ին: Երեւանում եւս եղել են եզդիներ, որ իրենց ձայնը տվել են ԲՀԿ-ին: Երեւի պարոն Ծառուկյանին շրջապատող մարդիկ օբյեկտիվ տեղեկատվությունը լիարժեքորեն չեն փոխանցել:
-Նշվում է, որ Ձեր «ոտքի տակ փորել» են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Բազմասեր Առաքելյանը: Դուք տեղյա՞կ եք:
-Ես չեմ կարող ասել, ով է հանդիպել պարոն Ծառուկյանի հետ ու ինչ է ասել, տարբեր տեղեկություններ են քննարկվում: Ես իմ աշխատանքը կատարել եմ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերում եւ Երեւանում, հիմա թե մնացածը ինչպես է, ես բան չեմ կարող ասել:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք կրկին հանդիպել ԲՀԿ առաջնորդի հետ ու նորից զրուցել:
-Ըստ էության, թեման ինձ համար փակված է ու այժմ զբաղված եմ ինձ համար հետաքրքիր, մասնագիտական ու պատասխանատու պաշտոնով: Ես կզբաղվեմ ինձ հոգեհարազատ աշխատանքով:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանի եւ Բազմասեր Առաքելյանի հետ: Վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, առանց հարցը լսելու ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի` «խաբար չեմ»: Ի դեպ նշենք, որ Բ. Առաքելյանը նույն կերպ իրեն պահում է նաեւ խորհրդարանում` մշտապես ներկայանալով որպես «բանից անտեղյակ»: Ինչ վերաբերում է Ռ. Գասպարյանին, նրա հեռախոսը ողջ օրն անջատված էր:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ