Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցարզույց» հաղորդման եթերում խոսեց ԼՂ հիմնախնդրի, «քառյակի» ներկայացրած 12 կետանոց պահանջագրի և այլ հարցերի մասին:
Անդրադառնալով ընդդիմության ներկայացրած 12 պահանջին` նա հայտարարեց, թե փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել և լեզվաշարադրական բացթողումներ ունեցել:
Սարգսյանի խոսքով` եթե նպատակը համագործակցությունն է, պետք է բացառվի «պահանջում ենք» բառը:
«Այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ արդյունքներ»,- հայտարարեց նա:
Սարգսյանը անդրառանալով արդեն Ղարաբաղի խնդրին, նշեց, որ Նազարբարևի հայտարարությունն անակնկալ չէր: Նա ասաց, որ հայկական պատվիրակության բոլոր անդամներն էլ իմացել են Ալիևի նամակի մասին:
ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, ինչպես այս 23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: «Խնդրում եմ, մի‘ պաշտպանեք Արցախն ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլև` անհեթեթ»,- եզրափակեց Սարգսյանը: