ՄՈՐԸ ՍՊԱՆԵԼ Է ՈՒ ՄԵՂԱԴՐԵԼ ԳՈՂԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 25/27 շենքի բնակիչները սթրեսի մեջ են եւ ապրում են վախի մթնոլորտում: Պատճառը հունիսի 8-ին շենքի բնակարաններից մեկում, որդու կողմից մորը դաժանաբար սպանության դեպքն է:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նշված հասցեում, հունիսի 8-ին՝ ժամը 20.05-ի սահմաններում, 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի եւ նրա որդու` 1969 թ. ծնված Սամվել Դարբինյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Սամվելը բռունցքներով հարվածել է մոր գլխին, սպանել նրան, այնուհետեւ դին տեղավորել լոգարանում` ջրով լցված վաննայի մեջ:
Մայրասպանության դաժան մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց դեպքի վայր: Ինչպես տեղեկացանք բնակիչներից, Ալվինան աշխատում էր թիվ 5 պոլիկլինիկայում որպես հավաքարար: Ուներ երեք որդի, որոնցից մեկն ապրում է Ֆրանսիայում, մյուս որդին` Տավուշի մարզում, իսկ Սամվելը, ով Ալվինայի ավագ որդին է, ամուսնալուծությունից հետո տեղափոխվել էր մոր մոտ:
Առաջինը դեպքի մասին տեղեկացել են Ալվինայի ամենամտերիմ հարեւանուհիներ՝ Էմման եւ Հռիփսիմեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Էմման պատմեց, որ ոչ մի ձայն չի լսել, եթե լսած լիներ, ապա մի վայրկյան անգամ չէր մտածի եւ օգնության կհասներ: Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից երկու ժամ առաջ իրենք Ալվինայի հետ, մի քանի հարեւանուհիներով, գնացել են մեկ այլ հարեւանուհու տուն սուրճ խմելու: «Մեր հարեւանուհի Ռիմայի տղային վիրահատել էին ու գնացել էինք այնտեղ: Մի կես ժամ նստեցինք Ռիմայենց տանը: Ես ու Ալվինան դեմ-դիմաց հարեւաններ ենք: Մենք հետ եկանք, ինքն իր տան դուռը բացեց ներս մտավ, ես էլ իմ տան դուռը: Մի քանի ժամ հետո մեր դուռն այնքան ուժեղ հարվածեցին: Վախեցա, բացեցի, տեսնեմ Ալվինայի տղան` Սամվելը, ճակատն արյունոտ գոռգոռում էր: Ինձ ասաց, թե եկեք, փրկեք մորս, գողերը մտել են մեր տուն ու սպանել են մորս, տարել գցել են լոգարանի մեջ»:
Տիկին Էմմայի խոսքով՝ ինքը վախից առաջ չի գնացել, իսկ Սամվելի աղմուկ- աղաղակից, հայհոյանքներից շենքի բնակիչները հավաքվել են եւ փորձել են մտնել տուն, տեսնելու, թե ինչ է կատարվել: «Շտապօգնությունը եկավ ու ասաց, որ կինը մահացած է ու հագուստով լոգարանի մեջ ընկած է: Չէինք հասկանում, թե ինչ էր կատարվում: Սամվելն ասում էր, թե ով է համարձակվել այդպես իր մոր հետ վարվել, իր տուն մտնել եւ իր մորը սպանել: Աշխարհի վերջին հայհոյանքներն էր տալիս»,-ասաց տիկին Էմման:
Ըստ մեր զրուցակցի՝ նշված տանը ապրում էին մայր ու որդի, իսկ մինչ այս դեպքը, մայիսի 12-ին Սամվելի վիճակը կտրուկ վատացել էր, արյան ճնշումն էր բարձրացել ու մայրն այդ օրվանից սկսած ավելի ուշադիր էր որդու նկատմամբ: «Սամվելը ոչ մի հիվանդություն չուներ: Աշխատում էր եվրո պատուհանների տեղադրման մի խանութում: Երբեք չեմ լսել, որ մայր ու որդի կռվեն: Մենակ մի բան կարող եմ ասել, որ դեպքի օրը Սամվելը շատ հարբած վիճակում է եղել: Քննիչները մեզ ասացին, որ նա շատ դաժանաբար է մորը ծեծել ու անգամ ծեծելուց հետո չի հանգստացել, տարել խեղդել է վաննայի մեջ: Իսկ մոր մահը վրա է հասել ոչ թե հարվածներից, այլ խեղդամահ անելու հետեւանքով: Ինձ թվում է՝ Ալվինան Սամվելի վրա զայրացել է, թե ինչու ես խմել, քեզ օրեր առաջ փրկեցինք, նա էլ հարբած է եղել ու գնացել է այդ քայլին: Սակայն մեզ համար մեկ բան կա տարօրինակ: Սամվելն ինքն է առաջինը զանգահարել շտապօգնություն, իր հարազատներին եւ հայտնել, թե մորը սպանել են: Ոնց կարող էր հարբած մարդն այդքան բան գիտակցեր: Իսկ ավելի ուշ մենք իմացանք, որ Սամվելին ձերբակալել են, քանի որ նա ամեն ինչ խոստովանել է: Իսկ նրա եղբայրն ասում էր. «Երբ Սամվելը մայիսի 12-ին վատացավ, այդ օրը պետք է թողնեինք՝ մեռներ, որ սենց բան չաներ»,-պատմեց տիկին Էմման:
Հարեւանուհի Հռիփսիկն էլ ասաց, որ դեպքից հետո ահ ու սարսափով են ապրում. «Սթրեսի մեջ ենք, սա երբեք չենք մոռանա: Ալվինան շատ լավ մայր է եղել իր երեխաների համար: Ախր երեխաներն էլ շատ լավն են եղել, թե ինչու այսպես եղավ: Պետք է ձեզ ասեմ նաեւ, որ Սամվելի մարմնի վրա չանգռվածի հետքեր կային, երեւի մայրը փորձել է պաշտպանվել, բայց ուժը չի պատել: Երբ այդ պահին ասացի, թե Սամվել, այս ինչ հետքեր են վրադ, ինձ ասաց՝ դա հեչ»:
Հարեւանուհիները նաեւ պատմեցին, որ իրենցից մի քանիսը, տեսնելով Ալվինայի դիակը՝ դաժան ծեծի հետքերով, ինքնազգացողությունը կորցրել են ու շենքի բնակիչները շտապօգնություն են կանչել, ու նրանց բժշկական սարքի միջոցով արհեստական շնչառություն են տվել. «Էլ չասենք, թե քանի ժամ ենք մնացել ոստիկանությունում, քանի օր է՝ գնում-գալիս ենք: Մեզ հարցնում են՝ ձայն չե՞ք լսել, մենք ասում ենք՝ չէ, չենք լսել, ինչ ասենք: Երանի լսած լինեինք»,-պատմեցին բնակիչները:
Նրանցից ոմանք, արդեն քանի օր է՝ շենքում չեն բնակվում, իսկ մի մասն էլ վախը սրտերում, չեն կարողանում մոռանալ կատարվածը:
Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ: Սամվել Դարբինյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս