ՊԱԼԱՉ-ԾԱՌՈՒԿՅԱՆ «ԳԾԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան ընտրությունները մոտենում են, այնքան ՀՀԿ-ԲՀԿ իրականում չեղած հակասությունների թեման աշխուժանում է` հայտնվելով քննարկվող նյութերի թոփ տասնյակի առաջին հորիզոնականներում: Երեկ թեման տեղափոխվել էր մայրաքաղաքից դուրս` Աբովյան քաղաք:
Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) դուրս է եկել հարազատ քավորի դեմ եւ փորձում է Աբովյանում ակտիվացնել ՀՀԿ-ին: Ավելին, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արթուրն առաջիկայում դառնալու է ՀՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար եւ մտադիր է ԲՀԿ-աթափ անել Աբովյանը: Ինչքանով կհաջողվի, դժվար է ասել, քանի որ նրա սկսած քայլերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել:
Երեկ` վաղ առավոտից, «Ժողովուրդ»-ը դժգոհություններ ստացավ, թե Աբովյան քաղաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները նույնիսկ զենքերով կանգնել են ավտոկայանում եւ մարդկանց չեն թողնում օգտվել թիվ 259 երթուղուց: «Սպասե՛ք, հեսա ձրի մեքենան կգա, կնստեք»,-այս հորդորով ծառուկյանականները «խրտնեցնում» են Արթուր Հարությունյանին պատկանող երթուղու պոտենցիալ ուղեւորներին: «Գագիկ Ծառուկյանը հենց մեր գծի վրա մի ապօրինի գիծ է բացել, 1500 դոլար վարորդներին գումար է տալիս (ընդառաջելով իբր թե բողոքող մարդկանց խնդրանքին), 500 դոլար էլ տալիս է կողքի մարդկանց, որպեսզի նրանք հսկեն գործընթացը, գազն էլ իր կայաններից անվճար լցնում է: Ու էդ «ուսանողական» վերնագրով ավտոբուսները մարդկանց ձրի բերում են Երեւան: Էդքանից հետո ո՞վ կնստի Աբովյան-Երեւան երթուղին ու փող տա դրա համար,-մեզ հետ զրույցում դժգոհեց Պալաչի մտերիմներից մեկը` ամեն կերպ հրաժարվելով իր անունն ասել,-Ծառուկյանը խնդիր է դրել սնանկացնել Արթուր Հարությունյանին: Ինքը շատ լավ գիտի, որ Արթուրը բանկերից վարկ է վերցրել, պիտի գիծ աշխատեցնի, որ մարի, բայց չի թողնում: Քաղաքապետը փեսան է, ինչ ուզում անում են: Իրենց սոցապնախարարի միջոցով էլ 6 միլիոն տուգանք գրեցին Արթուրի ընկերության վրա: Անունը դնում են բարեգործություն, բայց իրականում չարեգործություն է: Ուզում են մեր բիզնեսը սնանկացնեն: Կերել են մեզ»:
Մեր զրուցակցի խոսքերով` «մարդիկ Աբովյանում վախենում են իրենց կանանց հետ դուրս գալ փողոց, որովհետեւ վիրավորում են, նեղացնում, լկտի են պահում իրենց». «Ահ ու սարսափ են տարածում: Մենք ուզում ենք ընտրությունների միջոցով ասենք, որ պարո՛ն Ծառուկյան, քեզ էս քաղաքը չի սիրում»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանին, ով ասաց. «Այդ բոլորը հորինվածք է: Եթե կան փաստեր, խնդրեմ, ներկայացրե՛ք: Իսկ ավելի ճիշտ կլինի պարզապես Աբովյանի բնակիչներին հարցնել` դժգո՞հ են իրենք պարոն Ծառուկյանից»:
Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Աբովյանում, շրջեցինք քաղաքով: Զրուցեցինք նաեւ Ծառուկյանի կողմնակիցների հետ, որոնք պնդեցին հակառակը. «Պալաչն է դիմել ոստիկանություն, ճանապարհային ոստիկանները եկել ու մեր ավտոբուսների միջից իջեցրել են տարեցներին` ասելով, թե սա ուսանողական ավտոբուս է, տարեցները թող նստեն 259 երթուղին` դրա համար վճարելով: Հիմա դա որքանո՞վ է ճիշտ: Եթե մարդիկ կարան ձրի տեղ հասնեն, խի՞ վճարեն»: Ծառուկյանի կողմնակիցները նաեւ նշեցին, որ Արթուր Հարությունյանը նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին 300.000 ԱՄՆ դոլար է պարտք:
Ահա այսպես աբովյանցիները երկընտրանքի առջեւ են. վճարե՞ն ՀՀԿ-ին 200 դրամ եւ առանց ոստիկանների միջամտության հասնեն մայրաքաղաք, թե՞ օգտվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից իրականացվող բարեգործությունից եւ անվճար երթեւեկեն մինչեւ Երեւան` հընթացս բախվելով ճանապարհային ոստիկանների խոչընդոտներին:
Օգտվո՞ւմ եք ԲՀԿ-ի անվճար ավտոբուսներից: Հենց Աբովյան քաղաքի ավտոկայանում «Ժողովուրդ»-ը հարցրեց քաղաքի բնակչուհի, 48-ամյա Լուսիկ Անանիկյանին. «Այո՛, առաջ դա ուսանողների համար էր միայն, հիմա մենք էլ կարող ենք նստել: Շատ լավ է»: Մի պապիկ էլ ասաց. «Լավ է, որ անվճար է, բայց վատ է, որ մեզ` բիձեքիս, մարդատեղ են դնում մենակ ընտրություններից առաջ: Հնչի մենք մենակ ես երկու-երեք ամի՞սն ենք Երեւան գնում»: ԲՀԿ անդամ ներկայացած 56-ամյա մաթեմատիկոս-մանկավարժն էլ ասաց. ««Ծառուկյան» հիմնադրամը միշտ էլ ուսանողներին աջակցել է, ինչո՞ւ եք սադրիչ հարցերով փչացնում ամեն ինչ: Մի քիչ գո՛հ եղեք, էլի՛»: Եղան նաեւ խուսափողներ. «Ախպե՛ր, ինձնից գործ չունեք: Թողե՛ք իմ շառը քաշեմ, ապրեմ»: Այսպիսի պատասխան տալիս էին հիմնականում երիտասարդ տղաները` խուսափելով հարաբերություն փչացնել Ծառուկյանի կամ Պալաչի հետ:
Այսպիսով` Աբովյանում հետաքրքիր ընտրարշավ է սպասվում, եթե, իհարկե, իշխող կոալիցիան հերթական անգամ ինչ-որ առանձին փաստաթուղթ չստորագրի Աբովյանում անցկացվելիք ընտրություններում ազատ մրցակցության կանոնների վերաբերյալ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս