«Ի՞նչ հարց կա, որ էս օրով սենց ուպոռնի զանգում ես… Արա՛, ինչ հետաքրքիր ժողովուրդ եք, ի՞նչ եք ուզում, թողե՛ք հանգիստ ճանապարհ գնանք, եւ հետո, տարին դեռ չի ավարտվել, ի՞նչ գիտեք չի ապահովել»:
Կովալենկո Շահգալդյան 168.am
ՀՀ իշխանական պաշտոնյաներն իրենց անշնորհքությամբ կարծես թե մրցավազքի մեջ են: «Արա»-ով խոսելը եւ, առհասարակ, «բորդյուրին պպզողին» հարիր բառապաշար օգտագործելը պաշտոնյաների համար դարձել է ավանդույթ: Կոտայքի մարզպետն այս մրցավազքում առաջատար դիրքերում է: «Գերինտելեկտուալ» այս պաշտոնյան, բացի իր աթոռին «ուպոռնի» կերպով ցմահ գամվելուց, պարզվում է՝ նաեւ «հանճարեղ տնտեսագետ» է, եւ իր «խելացի» վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե կառավարությունը մինչ դեկտեմբերի 19-ը պահանջվող 7 տոկոս աճից 5,5 է ապահովել, ապա մնացած 10 օրում կարող է նույնիսկ հասցնել 7 տոկոսի:
«Ռուբեն Մկրտումյանի կինը դատարանում ունեցել է դատական գործ, որը պարտվել է: Դատական ակտը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, հակառակ կողմի օգտին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը, որը դուրս է եղել օրենսդրության սահմաններից»:
Արսեն Բաբայան 168.am
Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի դիրքորոշումը հասկանալի է. պիտի պաշտպանի իր ղեկավարին, սակայն ի՞նչ կապ ունի այստեղ Ռուբեն Մկրտումյանի կնոջ պարտվելը: Նրա պարտությունն ամենեւին էլ անկախ դատական համակարգի վկայություն չէ մեր երկրում: Նշանակում է՝ ակնհայտ սխալ է եղել, որ պարտվել է, ու նույնիսկ ամուսնու եղբայրն է ամաչել հաղթանակ պարգեւել նրան: Բանն այն է, որ Մկրտումյանների ընտանիքում ամեն ինչ իրար է խառնվել. հայրն ու եղբայրը բողոքում են Մկրտումյանից: Գուցե չարժե՞ չափից ավելի արդար լինել:
«… Իշտահիդ` քացախ, ես ինձ շատ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չունեմ»:
Գորիկ Հակոբյան Yerkir.am
Իհարկե, շատ ուրախ ենք, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն ապաքինվել է, եւ ցանկանում ենք նրան քաջառողջություն եւ արդյունավետ գործունեություն, սակայն ոչ մի կերպ հասկանալի չէ, թե ինչ կապ ուներ լրագրողի «իշտահը», եւ ինչ կարիք կար նման կոպիտ ձեւով պատասխանել լրագրողի հարցին, որն ուղղակի հետաքրքրվում էր ԱԱԾ պետի առողջությամբ: Փաստորեն, այսուհետ պաշտոնյաների առողջությամբ հետաքրքրվելիս պետք է զգույշ լինել, քանի որ մեր պաշտոնյաներին երեւի դուր չի գալիս, որ իրենց հանդեպ ուշադիր եւ հոգատար են լինում, նման հարցը կարող է նրանց պարզապես չարացնել:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ