Ի՞ՆՉ ԳՆՈՎ Է Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՍԱԿԱՐԿՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ խոստացել էինք, ներկայացնում ենք ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի միջեւ 2007թ. փետրվարին երեւանյան «Մարկո Պոլո» սրճարանում տեղի ունեցած զրույցի մանրամասները։

Հիշեցնենք՝ «Գոլոս Արմենիի» թերթը 2007-ին տեղեկացրել էր. «Սեղանի շուրջ նստած էին չորսը՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, արտաքին հարցերով նրա խորհրդական Տիգրան Մկրտչյանը եւ ՀՀ-ում Բրիտանիայի փոխդեսպանատը՝ թարգմանչուհու հետ։ Խոսակցության ընթացքում Բաղդասարյանը (նրա ձայնը սկավառակի վրա որեւէ կասկած չի հարուցում) ոչ մեկ անգամ փորձում էր ներշնչել իր բրիտանացի զրուցակցին նախընտրական գործընթացներում միջազգային կազմակերպությունների միջամտելու նպատակահարմարության գաղափարը։ Ահա մի փոքրիկ հատված Բաղդասարյանի եւ բարձրաստիճան բրիտանացու երկխոսությունից։
Ա.Բ.-Ի՞նչ եք Դուք կարծում՝ Եվրամիության կողմից մինչեւ ընտությունները ինչ-որ տագնապի ազդանշան կհնչի՞։
Փոխդեսպան.-Խնդիրն այն է, որ եթե ընտրական կոդեքսը չխախտվի, եւ ընտրությունների օրն անցնի համեմատաբար նորմալ… այս իշխանությունները շատ լավ հաշվարկել են, գիտեն մինչեւ ուր կարող են քշել իրենցը, եւ կանգ են առնում այնտեղ, որտեղից… Նրանք պետք է անցնեն (ենթադրվում է՝ գիծը, սահմանը), որպեսզի մենք կարողանանք ինչ-որ բան նախաձեռնել, բայց նրանք գիծը չեն անցնում։ Ես ենթադրում եմ, որ նրանք մեզնից շատ ավելի խելացի են եւ իմաստուն։ Եվ շատ եվրոպացիներ դա նույնպես հասկանում են։ Մեզ հարկավոր է որեւէ միանշանակ խախտում, որպեսզի Եվրամիությունը հանդես գա համապատասխան հայտարարությամբ։
Ա.Բ.-Իսկ գովազդի համար բարձր գնե՞րը։
Փոխդեսպան.-Նրանք ասում են, որ դրամի կուրսի հետ հարաբերությամբ դրույքները շատ չեն բարձրացել։
Ա.Բ.-Մի ժամանակ դոլարը 500 էր, հիմա դարձել է 350։ Այսինքն՝ դա այն դոլարը չէ։
Փոխդեսպան.-Դրամի կուրսով տարբերությունը քիչ է… Միջազգայնագետները (ենթադրվում է՝ միջազգային կազմակերպությունների անդամները), ում հետ ես շփվում եմ, ասում են, որ այստեղ խնդիր չկա։ Դոլարային հաշվարկով թանկացել է, իսկ դրամայինով մնացել է նույնը… Նրանք շատ խելացի են։
Ա.Բ.-60 միլիոն դրամ հատկացվում է ամբողջ ագիտացիայի համար։ Դա նշանակում է, որ ամբողջ աշխատանքը հանձնարարված է անցկացնել երեք հեռուստաընկերություններին եւ ուրիշ ոչինչ…
Փոխդեսպան.-Մենք գիտենք, որ դրանք մոնոպոլիաներ են։
Ա.Բ.-Ճնշումներ, դահլիճներ չեն տրամադրում (ընտրողների հետ հանդիպման համար), եթերային անհավասարություն է, շատ այլ բան կա։
Փոխդեսպան.-Ինձ մի՛ համոզեք, ես գիտեմ, բայց այն բանի համար, որպեսզի նման հայտարարությունը հնչի, մեզ անհրաժեշտ է շատ կոնկրետ օրինակ։ Եվ փորձեք համոզել մյուս 26 երկրներին, որպեսզի նրանք հանդես գան նման հայտարարությամբ։ Այդ 26-ից միայն 8-ն են ներկայացված Հայաստանում։ Շատ դժվար է համոզել նաեւ այդ 8-ին։ Քանի որ Լյուքսեմբուրգը ցանկանում է… Իսկ ճապոնացիներն ընդհանրապես չեն խոսում ընտրությունների մասին։ Նրանց դեսպանը լավն է, բայց միեւնույն է, նրանք փորձում են հեռու մնալ։ Նրանք մշտապես իրենց Հայաստանի բարեկամներ են համարում։ Եվ ես չեմ կարող նրանց բացատրել, որ մի մակարդակում ընկերներ են, մյուս մակարդակում՝ թշնամիներ։ Դուք հասկացա՞ք, թե ես ինչ նկատի ունեմ տողատակերում։ Միայն 8 եվրոպական երկիր կա այստեղ, բայց նրանցից միայն 3-ն են հետաքրքրված ընտրություններով. մենք, Գերմանիան եւ Լեհաստանը։ Իտալացիներն ավարտել են։ Գերմանացիները շատ են խոսում ընտրությունների մասին, լեհերից մեկն է շատ խոսում։ Բուլղարիայի դեսպանը չի խոսում անգլերեն ու ֆրանսերեն, եւ նրա հետ դժվար է շփվելը։ Հունաստանը ոչինչ չի ասում։ Այսպիսին է իրադրությունը։ Զարմանում եմ… Որովհետեւ, եթե ինչ-որ բան ասեն, նշանակում է՝ ընտրություններից հետո էլ ինչ-որ բան պետք է ասեն։ Նրանք շատ խնդիրներ ունեն հայերի հետ։ Սփյուռքահայերը խաղում են բավականին բացասական դեր Հայաստանի բնակչության եւ հենց Հայաստանի համար…
Զրույցի ընթացքում Բաղդասարյանը համառորեն փորձում է համոզել իր բրիտանացի զրուցակցին այն բանում, որ միջազգային դիտորդների սուր բացասական գնահատականը շատ ավելի կարեւոր է խորհրդարանական, քան թե նախագահական ընտրություններից հետո, եւ գլուխ է գովում, որ միջազգային դիտորդների գնահատականը շատ բանով կախված կլինի այն գնահատականից, որը խորհրդարանական ընտրություններից հետո կհնչեցնի ՕԵ-ն։ Եվ դա ճշմարտություն է։ Նրանք, ովքեր արտասահմանում են, վստահում են յուրայիններին, իսկ յուրայինը նրանց համար ՕԵ առաջնորդն է։ Մնում է պարզել, թե ով է նա մեր՝ հայերիս համար։ Հետո Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանում, միեւնույն է, կլինեն լուրջ ցնցումներ, ինչը, բացի միջազգային դիտորդներից, Հայաստան կբերի նաեւ արտասահմանյան լրագրողների։ «Մենք ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, որ նրանք գալու են»,-ասում է ՕԵ առաջնորդը։ Իսկ ինչ վերաբերում է ցնցումներին, ապա. «Եթե կլինեն կեղծիքներ, մարդիկ փողոց դուրս կգան, եւ Դուք չեք կարող ասել, որ ամեն ինչ լավ է, եթե 100-200 մարդու ձերբակալեն, իսկ դա անխուսափելի է։ Եվ Ֆրանսիան չի կարող ասել, որ ամեն ինչ լավ է, եթե մարդկանց սկսեն ծեծել…»։ Բաղդասարյանը պարզապես հաճույք է ստանում նման հեռանկարից։ Որքան վատ, այնքան լավ։ Զրույցի ենթատեքստից հասկացվում է, որ ՕԵ առաջնորդը ավելի շատ անհանգստացած է նրանով, որպեսզի արտերկրյա դիտորդական առաքելությունները հանկարծ առաջիկա ընտրությունները չհամարեն եվրոպական չափանիշներին համապատասխանող»։
Ահա այս պահվածքի համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանեց:
շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս