ԲԱ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՈ՞ՐԾԸ
Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հիշատակել է հատուկ ծառայությունների նշանավոր հայազգի ներկայացուցիչներին: Մասնավորապես ԽՍՀՄ արտաքին հետախուզության ծառայության հիմնադիր եւ առաջին ղեկավար Յակով Դավթյանին, որն իր անջնջելի հետքն է թողել ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների կայացման գործում, նույն ծառայության երկրորդ ղեկավար Ռուբեն Կատանյանին, ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գեւորգ Վարդանյանին եւ նրա տիկնոջը՝ Գոհարին, ովքեր հայտնի են «Թեհրան-43» օպերացիայում անմիջական մասնակցությամբ: «Միայն տասնյակ տարիներ հետո մենք իմացանք, որ Գեւորգ Վարդանյանը ստացել է հերոսի կոչում: Կարող ենք հիշատակել նաեւ Հայկ Հովակիմյանին, ում աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ԽՍՀՄ-ն ավելի շուտ ստացավ միջուկային զենք, ինչն աշխարհում փոխեց իրավիճակը»,-նշել է Տ. Սարգսյանը: Չգիտես ինչու, սակայն վարչապետը չի նշել ԱԱԾ մերօրյա հերոսների անցած տարվա ամենամեծ ձեռքբերումը` Վարդան Օսկանյանի «փողերի լվացման» գործը «ջրելը»:
ՓԱՍՏՈՐԵՆ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ հայտարարել է, թե Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի որոշումը չի անդրադարձել արդարադատության բնագավառում ԵՄ-ի հետ համագործակցության վրա: Ըստ նրա` հարաբերությունները ոչ միայն չեն վատացել, այլեւ գերազանցել են սպասելիքները: Ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով արդեն 29 միլիոն եվրոյի համաձայնագիր է կնքվել նախատեսված 20 միլիոնի փոխարեն: