Մինչ լրատվամիջոցները քննարկում են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուի հարցը, շրջանառվում է ուրուգվայցի 65-ամյա մարզիչ Գրեգորիո Պերեսի անունը: Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ այդ թեմային անդրադարձավ նաեւ ՀՖՖ նախագահը։ Նա մասնավորապես նշեց. «Սրտանց կուզեմ, որ Վարդան Մինասյանը վերադառնա ազգային հավաքական: Գտնում եմ, որ Վարդան Մինասյանի հետ մեծ անելիքներ ունեմ: Մինասյանն այն մարդն է, ում հետ շատ հեշտ է աշխատել թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ֆեդերացիայի համար: Եթե Վարդանը տա համաձայնությունը, մեծ հաճույքով կնշանակեմ: Գործկոմի մեծամասնությունն էլ պնդում է, որ Մինասյանին պետք է վերադարձնել: Վարդանը դեռ չի մտափոխվել…»։ Ամեն դեպքում, ՀՖՖ-ն շարունակում է բանակցել մի շարք արտասահմանցիների հետ. «Ես կաշխատեմ անուններ չտալ, քանի որ դա խանգարում է գործին: Ցանկալի կլինի անուն տալ, երբ բանակցություններն ավարտված լինեն։ Երկու հոգի կան, որ լիազորված են բանակցել ՀՖՖ-ի անունից: Հարավային Ամերիկայում Նորայր Նակիսն է, իսկ Եվրոպայում՝ ֆուտբոլային գործակալ»: Հիշեցնենք, որ հենց Նորայր Նակիսն էր տվել ուրուգվայցի մարզչի անունը։
Պարզվեց նաեւ, որ «Արարատ-73»-ի վետերաններն աշնանը դիմել են ՀՖՖ նախագահին, որպեսզի հուշարձան կառուցվի՝ նվիրված ԽՍՀՄ-ի օրոք ունեցած հաջողություններին: ՀՖՖ նախագահն այդ առթիվ նշեց. «Ես մասնագիտացած եմ մանկապատանեկան մարզադպրոցներ, խաղադաշտեր, խաղահրապարակներ կառուցելու, որպեսզի մեր երեխաները գնան, խաղան: Հուշարձաններ կառուցելու մեջ ուրիշ մարդ է մասնագիտացած: Խնդրում եմ, թող դիմեն նրան»: Նշենք, որ ՀԱՕԿ-ը վետերանների խնդրանքով նախաձեռնել է վերոնշյալ հուշարձանը կառուցելու գործը ու այդ նպատակով մրցույթ է հայտարարել։ Եվ հասկանալի է, թե «ում բոստանն էր քար գցում» ՀՖՖ նախագահը:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ