ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՊՐՈՎՈԿԱՏՈՐՆԵՐ ԵՆ»

Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը, ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ընկերոջ հորը թունավորելու փորձի մեղադրանքով, հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին Վանաձոր ՔԿՀ-ից: Ըստ նրա՝ մեր երկրում ընդդիմություն որպես այդպիսին չկա. «Այն, ինչ կոչվում է հրաշալի քառյակ, տո չգիտեմ, «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, ՄԱԿ, դրանք ընդդիմություն չեն, պրովոկատորներ են»:

Հիշեցնենք, որ Արկադի Վարդանյանը 2000 թվականին Մոսկվայից մեծ գումարներով Հայաստան եկավ, բազմամարդ հանրահավաքներ անցկացրեց. քիչ էր մնում իշխանափոխություն աներ Հայաստանում, սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով բանտարկվեց, ապա արտաքսվեց: Տարիներ անց նա կրկին Հայաստան եկավ, դարձյալ կալանավորվեց:
-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում առկա իրավիճակը:
-Առկա իրավիճակի օբյեկտիվ գնահատականը ներկայացնելու համար կարծում եմ՝ անհրաժեշտ է ուշադիր դիտարկել եւ վերլուծել դրա զարգացման պատմական արմատները: Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ եւ սկզբունքային փոփոխության ենթարկվեց 1998թ, երբ, ինչպես հայտնի է, երկրում տեղի ունեցավ հակասահմանադրական հեղաշրջում: Սահմանադրական կարեւոր դրույթի ոտնահարման արդյունքում իշխանական գլխավոր լծակները հայտնվեցին, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանի ձեռքերում: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ կլանի պարագլուխներն առաջնորդվում են իրենց դաստիարակած Ադրբեջանի կոմկուսի եւ կոմերիտմիության ավանդական սկզբունքներով: Ստանձնելով իշխանությունը երկրորդ նախագահը արտասանեց բազմաթիվ գեղեցիկ խոսքերի մի ամբողջ փունջ , որոնցից որեւէ մեկը չկատարեց եւ մտադիր էլ չէր կատարել: Դրանով իսկ նա կանխամտածված խաբելով կատարեց առանձնապես ծանր հանցագործություն, քանզի ցանկացած ոլորտում, իսկ քաղաքական իշխանության ասպարեզում առավելեւս, չկա եւ չի կարող լինել առավել խոշոր հանցանք, քան կեղծը որպես ճշմարտություն ներկայացնելը:
Թե՛ իր վարչապետության ընթացքում, թե՛ հետագայում նախագահի պաշտոնին, իրեն Հայաստանի միակ տղամարդը հռչակած այդ անձնավորությունը ոչ միայն չփորձեց բացահայտել ֆինանսատնտեսական քրեական աղմկոտ բազում հանցագործությունները, այլեւ դրանց ավելացրեց սեփականները: Ինչը հանդիսանում է եւս մի ծանրակշիռ ապացույց Հայաստանն ավերելու նրա շահագրգռվածությանը: Կոպիտ խախտելով նախագահական երդումը ինքնահռչակ խանը գործնականում կատարելապես ավերեց Հայաստանի ներքաղաքական դաշտը: Նա կաթվածահար արեց քաղաքական կուսակցություններին, Աժ ընդդիմադիր խմբերին, առանձին պատգամավորների գործունեությունը: Այսպիսով, այդ տիպիկ արեւելյան բռնապետի ջանքերով Հայաստանում, ըստ էության, ավարտվեց դասական դեգեներատիվ ընտրախավի գործընթացը, երբ ղեկավար դերերը, կենսաապահովման կարեւորագույն ֆունկցիաները իրականացվում են կամ հանցագործ, կամ անբարո, կամ անիրազեկ ու անպարկեշտ անձանց կողմից: Իսկ ընդդիմությունը վերակերպարանավորվում է դառնալով անբովանդակ, իրենց նույնիսկ ընդդիմություն անվանելու խիզախություն չունեցող դատարկախոսների ակումբ: Ակնհայտ է, որ նույն ապակառուցողական ազգադավ քաղաքականությունը, այն էլ ավելի ընդգծված դրսեւորումներով, շարունակվում է մինչ օրս:
-Ի՞նչ ելք եք տեսնում Ձեր նկարագրած տխուր իրավիճակից:
-Ստեղծված պայմաններում արդյունավետ ներքաղաքական կյանքի կենդանացումը հնարավոր է բացառապես համախմբված քաղաքացիական շարժման կտրուկ եւ հետեւողական ակտիվացման միջոցով: Այստեղ դերակատարությունը բաժին է ընկնում ազնիվ, պարկեշտ, հայրենասեր երիտասարդներին, ովքեր այսօր արդեն գիտակցում են ազատագրական Ճակատի ստեղծման անհրաժեշտությունը:
-Ընդդիմությոնը հայտարարել է, որ քաղաքական աշունը թեժ է լինելու:
-Ընդդիմություն, որպես այսպիսին, ես մեզանում չեմ տեսնում, չկա: Այն, ինչ կոչվում է հրաշալի քառյակ, տո չգիտեմ, Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, ՄԱԿ, դրանք ընդդիմություն չեն, պրովոկատորներ են: Ընդդիմությունը կարող է լինել այս քաղաքացիական շարժումների շրջանակում, որտեղ կան կարգին մարդիկ:
-Վերջին շրջանում սահմանում իրավիճակը լարված էր: Սակայն երկու նախագահների հանդիպումից հետո կարծես խաղաղվել է:
-Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման ճանապարհին, ի թիվս այլ բարդույթների, հստակ նշմարվում են առավել դժվար հաղթահարվող հետեւյալ հիմնական խոշընդոտները:
Առաջինը՝ այդ նույն Ղարաբաղյան կլանի ապաշնորհ քաղաքականությունն է, որի հետեւանքով ԼՂՀ-ն արհեստականորեն դուրս մղվեց բանակցային գործընթացից: Երկրորդ խնդիրը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ապօրինի ավտորիտար համակարգի գոյատեւման երեկարատեւ ձգումն է, ընդ որում՝ այդ ձգման ամենաարդյունավետ երաշխիքների շարքին է պատկանում հենց հիմնախնդրի չլուծման հարցը եւ, այպես ասած, ստատուս քվոյի անվերջ թվացող պահպանումը: Այստեղ կարեւոր է նաեւ Ռուսաստանի գործոնը, որը նույնպես խոչընդոտ է հանդիսանում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհին: Արկածախնդիր կայսերական մոլուցքով առաջնորդվող պուտինյան վերնախավը, իհարկե նախընտրում է անվերջ երկարաձգել ստատուս քվոն, ինչը Ռուսաստանի համար իր ռազմավարական ազդեցությունը տարածաշրջանում չկորցնելու միակ լծակն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ լուծում չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում շարունակվում է հակաժողովրդավարական ավտորիտար համակարգերի իշխանությունը:
-Պարոն Վարդանյան, երբեւէ հարց տվե՞լ եք Ձեզ՝ ինչո՞ւ այսքան դաժան պատժի ենթարկեցին։
-Այն անհեթեթ ու անհիմն քրեական հետապնդումը, որը նախաձեռնվել է իմ դեմ, ոչ այլ ինչ է, քան հաշվեհարդար: Կատարվածը 2000թ. հոկտեմբերի 30-ին իմ գլխավորած հակաքոչարյանական հանրահավաքի ավարտից հետո ինձ ապօրինի ձերբակալման եւ ակնհայտ քաղաքական դրդապատճառմներով աբսուրդային քրեական մեղադրանք առաջադրելու տրամաբանական շարունակությունն է: Պատահական չէ, որ 2013թ. մայիսի 18-ին հարուցված շինծու գործի հետաքննության ընթացքում ԱԱԾ քննիչը եւ այդ կառույցի քննչականի պետը համառ ջանքերով ինձ համոզում էին ստորագրել ինչ-որ տարօրինակ մի փաստաթուղթ՝ իբր ես պետք է համաձայնեմ իշխանությունների համար այն օրերին տխուր ավարտ ունեցող քրեական գործը կարճել: «Վանաձոր» ՔԿՀ-ում ես այնպիսի պայմաններում եմ գտնվում, որը հավասարազոր է մահապատժի: Ես դիմել եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ Եվրոպական դատարանի որոշումը մեծ ապտակ է լինելու Հայաստանի իշխանությունների համար:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՈՃԸ

ՀՀ կառավարության երեկվա նիստը շատ լարված մթնոլորտում անցավ, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարկացել էր: Վարչապետն անգամ «չխնայեց» ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությանն ու նկատողություն արեց կառավարությանը հարց ներկայացնող տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է շատ խիստ լինել նախարարների նկատմամբ: Նա որոշել է հատ-հատ շրջել նախարարություններով, պարբերաբար լինել բոլոր գերատեսչություններում՝ հասկանալու, թե ով ինչպես է աշխատում:
Երեկ էլ Հ. Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ հորդորելով հետեւել, որ նախարարության պաշտոնյաներն իրենց գործը նորմալ կատարեն: Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը կառավարության նիստին ներկայացնում էր որոշման նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է նախարարությանը թույլատրել Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով նոր պայմանագիր կնքել:
Փոխնախարարը հայտարարեց, որ պետական գնման նախկին պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծվել է: Ա. Առաքելյանի հայտարարությունից հետո Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դուք պիտի ձեր ոճը փոխեք, չի կարելի պարտադրել, թե այսքան ճանապարհ պիտի կառուցենք: Հիմա կառուցապատողին փոխում ենք, մյուսը այդ գումարով կարողանո՞ւմ է ավարտել աշխատանքը»:
Փոխնախարարը պարզաբանեց, որ ճանապարհի կառուցման ընթացքում նախագծային թերություններ են եղել. «Հիմա ո՞ւմ եք համոզում, որ լրացուցիչ նոր խնդիրներ են եղել, կարող են չէ՞ մարդիկ չհավատալ»,- հակադարձեց վարչապետը: Ա. Առաքելյանը իրավիճակը հարթելու համար հայտարարեց, թե իրենք այդ հարցը կքննարկեն: Սակայն Հ. Աբրահամյանը շատ վրդովվեց փոխնախարարի հայտարարությունից ու նշեց. «Ինչ կքննարկեք, ձեր գործերը նորմալ արեք, քննարկել պետք չի»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՆԱ ԳՆԱՑ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանը երեկ առավոտյան պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Թե որն է եղել հրաժարականի պատճառն, առայժմ մեզ պարզել չհաջողվեց: Միայն հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում աշխատելով բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ, ունեցել է բավականին խոսուն ցուցանիշներ:
Մինչ նրա պետ նշանակվելը, տեսչության կողմից վերահսկվող գրեթե բոլոր ոլորտներում 2011թ. առաջին վեց ամիսներին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 40 միլիոն 34 հազար դրամ, որից 3,6 միլիոնը` օպերատիվ աշխատանքների արդյունքում, իսկ երբ Արսեն Ավագյանն է նշանակվել տեսչության պետ, արձանագրված ցուցանիշները էականորեն փոխվել են: Օրինակ՝ հուլիսից հետո ընկած ժամանակահատվածում` վեց ամսում բնապահպանական տեսչության կողմից 100 միլիոն 24 հազար դրամ է մուտքագրվել պետբյուջե, որից 62 միլիոնը` օպերատիվ աշխատանքների արդյունքում: Այսինքն՝ վեց ամսվա ընթացքում մոտ 20 անգամ ավելի շատ գումար է մուտքագրվել պետբյուջե միայն օպերատիվ աշխատանքի արդյունքում:
Հետաքրքիր է, թե ինչու այս ցուցանիշները ապահոված պաշտոնյան ինքանակամ հեռացավ:

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԶԱՆԳԻՆ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր այսօր հայտնվել են անորոշ դրության մեջ: Բանն այն է, որ ՀՀ կառավարության նախորդ շաբաթվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Տոնուս»-ից տուժած բնակիչներից մի քանիսի հետ եւ խոստացել, որ առաջիկայում «Արցախբանկ»-ի ներկայացուցիչների եւ բնակիչների հետ միասին կհանդիպի ու կքննարկի հարցը: Այս խոստումից անցել է ուղիղ մեկ շաբաթ, սակայն այդպես էլ վարչապետը չի կանչել մարդկանց: Մինչդեռ բնակիչներն անհամբեր սպասում են նրա «հրավերին»:
Ի դեպ, խնդիրը չլուծելու դեպքում բնակիչները սպառնում են ներխուժել Կառավարության շենք եւ այնտեղից դուրս չգալ:

 




Լրահոս