ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՎՔԵՐ ԽԱԲՈՒՄ ԵՆ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՉԵՆ»

Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի մեներգիչ Մխիթար Քեթցյանը արմատներով Արեւմտյան Հայաստանից՝ Բարձր Հայքից է, բայց ծնվել է Դիլիջանում։ Նա նաեւ աշուղ է, Ջիվանու անվան աշուղական դպրոցի երկար տարիների մանկավարժ։ Եղել է «Շանթ» հ/ը «Ժողովրդական երգիչ» նախագծի երեք եթերաշրջանների պարապող դասատուն։

-Ո՞ր տարիքից եք հանդես եկել պրոֆեսիոնալ բեմում։
-16 տարեկանում՝ Վանաձորի երաժշտական ուսումնարանի ժողգործիքների անսամբլի հետ, որի հետ էլ մեկնել եմ Փարիզ… 1994 թվականից մինչեւ օրս աշխատում եմ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում։
-Իսկ երբվանի՞ց եք սկսել ստեղծագործել։
-Շատ վաղուց, ունեմ մեր դասական պոետներ Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի ստեղծագործություններով գրված երգեր։ Իսկ խիստ նեղ աշուղական տաղաչափության մեջ իմ գործունեությունն սկսել եմ աշուղական անսամբլում, եւ, օրինակ, «Իմ մայրիկ» երգն արդեն բավականին սիրված է։ Կա մի միջավայր, որտեղ արվեստագետը՝ լինի նկարիչ, երաժիշտ կամ գրող, ձեւավորվում, կայանում է։ Եվ ինձ համար այն եղել է «Սայաթ-Նովա» անսամբլը, որը նաեւ մեծ դպրոց էր ինձ համար։
-Հիմա երիտասարդների մեծ մասը արագ վաստակի ակնկալիքով հեռանում է ժողովրդական երգարվեստից: Դուք ինչպե՞ս եք կարողացել հավատարիմ մնալ Ձեր կոչմանը։
-Ոչ թե երիտասարդները, այլ ժամանակներն են մեղավոր. ավելի հեշտ վաստակելու մոլուցքը հիմա գրեթե բոլորի մոտ իշխող է դարձել, հոգեւոր արժեքները մղվել են երկրորդ պլան։ Ընդ որում, այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Եվ ակամայից հիշում ես Իսահակյանին. «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով»։
-Բայց, ամեն դեպքում, կա ժողովրդականը մաքուր ներկայացնող երիտասարդություն, ում հետ շատ եք շփվում։ Հետեւո՞ւմ եք, թե հետագայում ինչով են զբաղվում։
-Անկախ նրանից, որ այսօր ճանաչված, պահանջված եւ, կարելի է ասել, պրոֆեսիոնալ են, նրանք իմ կարիքն ունենում եւ անպայման զանգում են։
-Ի՞նչ պետք է արվի, որ նրանք չդավաճանեն իրենք իրենց։
-Գալիս ենք ամենացավոտ հարցին։ Պարզապես մեր երկիրը պետք է ազգային, մշակութային պետական քաղաքականություն ունենա, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի։ Եթե դու քեզ պետություն ես համարում, պիտի պետական մակարդակով ծրագիր ունենաս։ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը, աշուղական երգի անսամբլը, Թովմաս Պողոսյանն անձամբ շատ բան են անում, բայց դա դեռ քիչ է։ Պետությունը պետք է կանգնի արտիստի եւ ազգայինի թիկունքին։
-Մի ժամանակ պետական համերգասրահներում օրենքով արգելվեցին ֆոնոգրամայով ելույթները։ Դա նպաստեց, որ որոշ անտաղանդներ երգարվեստից դուրս մղվեն, բայց հիմա ամեն ինչ նույնն է։
-Օրենքը՝ իր հերթին, բայց իրեն քիչ թե շատ արվեստագետ համարող մարդ, ում տրված է Աստծո շնորհը, նախեւառաջ իր խղճի առաջ պետք է պատասխանատու լինի։ Մեր մեծ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը, որը գրեթե 70 տարի բեմի վրա է, վերջերս մի հարցազրույցում ասել էր, որ երբեք ֆոնոգրամայով չի երգել։ Դա բարոյական չէ. եթե մարդը քեզ սիրում է եւ ուզում է քեզ լսել, դու նրան խաբելու իրավունք չունես։ Սա ավելի բարոյական, ինտելեկտուալ խնդիր է, իսկ ովքեր խաբում են, արդեն արվեստագետ չեն։
-Բայց մեր շատ «աստղեր», «աստղիկներ» անգամ կառավարական համերգներին, որոնց ներկա են լինում նաեւ պետության ղեկավարները, ֆոնոգրամայով են երգում։ Դա արհամարհա՞նք չէ նաեւ նրանց նկատմամբ։
-Միանշանակ։ Բավականին լուրջ խնդիրներ ունենք, որոնց, ցավոք սրտի, մատների արանքով ենք նայում։ Տարիներ առաջ, երբ դեռ ռադիոյի կոլեկտիվն էինք, ձայնագրություններ էինք անում, որոնք անցնում էին ռադիոյի ոսկե ֆոնդ։ Եվ երբ ձայնագրվեց Եղեռնի որբերին նվիրված իմ «Հայու որբիկ» երգը, ուղիղ մեկ շաբաթ շունչս պահած սպասում էի, թե արդյոք այն կանցնի ոսկե ֆոնդ։ Այսինքն՝ կային մարդիկ, կար գեղխորհուրդ, ովքեր ընտրում էին արվեստի գործերը, որոնք արժեր, այսպես ասենք, էլի լսել։ Իսկ այսօր… Մենք ուրիշ կերպ հասկացանք անկախության եւ ազատության գաղափարը, այն շփոթեցինք բարձիթողի վիճակի եւ անարխիայի հետ` բոլոր ասպարեզներում։

 

 

 

 

 
ԿԳՐԱՆՑՎԻ ԳԻՆԵՍԻ ԳՐՔՈՒՄ

Գերմանաբնակ ճանաչված ջութակահար, Երեւանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Նիկոլայ Մադոյանը Գինեսի գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել եւ իր նպատակին հասնելու համար պատրաստվում է առանց նոտաներից օգտվելու կատարել Պագանինիի ջութակի բոլոր վեց կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում։ Երաժշտի գործունեությանն անդրադառնալու առիթներ էլի կլինեն, միայն մեջբերենք նրա արվեստի մասին հայտնի երաժշտական քննադատ Թիմոթիի խոսքերը. «Ես երբեւէ երաժշտության մեջ չեմ լսել այսքան երաժշտություն»:

Հիշեցնենք, որ այս եզակի իրադարձությունը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 20-ին։ Անվանի ջութակահարը հանդես կգա թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան) ընկերակցությամբ։
Լրացուցիչ մանրամասներ պարզելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց համերգային ծրագրի աջակից թիմի համակարգող Սուսաննա Զորանյանին։ Նա մասնավորապես նշեց, որ Նիկոլայը դեռեւս երկու տարի առաջ անհատական փորձերի ժամանակ հասել է այն մակարդակին, որ առանց ընդմիջման կարողանում է անգիր նվագել բոլոր 6 կոնցերտները։ Նվագախմբի հետ փորձերը դեռ տեղի չեն ունեցել, սակայն, նկատի ունենալով նվագախմբի պրոֆեսիոնալիզմը, որեւէ խնդիր չի առաջանա։
Մեզ մոտ բնական հարց առաջացավ. քանի՞ ժամ է տեւում 6 կոնցերտի կատարումը։ «Մոտավորապես 4 ժամ, սակայն մեր համերգը կլինի ընդմիջումներով»,-պատասխանեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ, անշուշտ, շատ երկրներ կցանկանային՝ նման ռեկորդը գրանցվեր իրենց երկրում, սակայն երաժիշտը ցանկացել է դա անել միայն ու միայն իր հայրենիքում, որպեսզի առաջին հերթին արձանագրվի Հայաստանի Հանրապետության, ապա նոր միայն իր անունը։
«Ես ուզում եմ երախտիքի խոսք ասել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենին, սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորին, ովքեր համաձայնեցին մասնակցել այս «խելահեղ» ծրագրին։ Ի դեպ, աշխարհում որեւէ նվագախումբ Պագանինիի բոլոր 6 կոնցերտները մեկ համերգի ընթացքում չի կատարել։ Եվ բոլորին միավորել է ոչ թե անձնական փառքը, այլ հայրենիքի՝ որպես մշակութային հզոր երկրի վարկը բարձր պահելու վեհ գաղափարը։ Համերգի անցկացման օրն էլ պատահական չէ. փետրվարի 20, որը հայոց նորագույն պատմության մեջ նշանավորվեց որպես Արցախի վերածննդի, զարթոնքի ու հաղթանակի օր»,-ասաց Ս. Զորանյանը:
Ինչ վերաբերում է ռեկորդի գրանցման իրավական կողմին, ապա, ինչպես ասաց մեր զրուցակիցը, Գինեսի գրասենյակի հետ բանակցություններ են ընթանում։ Կա՛մ նրանք կուղարկեն իրենց թիմը, կա՛մ Հայաստանում Գինեսի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանին կհանձնարարվի երեք անկախ փորձագետներից կազմել հանձնաժողով ու կատարել համապատասխան աշխատանքները։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՆԱԵՎ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է «Հարազատ թշնամի» սերիալի Էմկայի դերակատարումից, շուտով հանդես կգա նաեւ թատրոնում: Համազգային թատրոնի բեմում Լիկան կխաղա «Համլետ»-ում` մարմնավորելով Օֆելյային: Լիկան նշել է, որ ուրախ է այդ կերպարը խաղալու համար, առավել եւս, որ նա ո՛չ թատրոնում խաղալու փորձ ունի, ո՛չ էլ մասնագիտական կրթություն: «Բնականաբար, սերիալն ու թատրոնը շատ տարբեր են: Ես դա գիտեի մինչ թատրոն գնալը, սակայն չէի պատկերացնում, որ տարբերությունն այդքան մեծ է, առավել եւս իմ դեպքում: Հուսով եմ` լավ կլինի»,-ESem.am-ին վստահելով ներկայացման մանրամասները՝ ասել է դերասանուհին` հավելելով, որ այս ընթացքում կգնա բեմական խոսքի դասընթացների, որպեսզի կարողանա հավուր պատշաճի ներկայանալ հանդիսատեսին:

 

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓՈՐՁ

Մինչ «Ուոլ սթրիթի գայլը» գրավում է աշխարհի կինոթատրոնները, մեծ աղմուկ բարձրացրած այս ֆիլմի նկարահանման հրապարակում իր անցկացրած անմոռանալի օրերն է հիշել հայազգի երիտասարդ դերասան Վահագ Բագրատունին: Նա նշել է, որ ֆիլմը պետք է տեւեր չորսուկես ժամ, սակայն այն կրճատել եւ դարձրել են երեք ժամ: Արդյունքում` որոշ հատվածներ տեղ չեն գտել ֆիլմի վերջնական տարբերակում: «Բայց, այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող ինձնից խլել այն փորձը, որ ձեռք եմ բերել նկարահանումներին մասնակցելու ընթացքում: Հետաքրքիր էր ուսումնասիրել Սկորսեզեի մոտեցումները: Դրա շնորհիվ կերպարն ավելի խորը ստացվեց: Ինձ համար սա նման էր դերասանական եւ ռեժիսորական վարպետության դասի մասնակցության: Շատ արժեքավոր փորձ ձեռք բերեցի»,-
նշել է երիտասարդ դերասանը:

 

ԱՄՈՒՍՆԱՆՈ՞ՒՄ ԵՆ

Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի նշանադրությունն ու առաջիկայում կայանալիք հավանական ամուսնությունը շարունակում են մնալ շոու բիզնեսով հետաքրքրվողների ամենաքննարկելի թեման: Էմբերն ու Ջոնին ծանոթացել են 2011թ.՝ ֆիլմի նկարահանումների ընթացքում: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհու մատնեմատի մատանին, իսկ հարսանիքի հետ կապված մանրամասները տարածում են զույգին մոտ կանգնած աղբյուրները: 50-ամյա դերասանը եւ 27-ամյա դերասանուհին, ըստ տարածված լուրերի, նախատեսում են պսակադրությունը կազմակերպել Բահամյան կղզիներից մեկում, որը պատկանում է հենց Դեփին: Զույգը պատրաստվում է միջոցառմանը հրավիրել միայն ամենամտերիմներին: Ջոնի Դեփը ցանկանում է, որ իր հարսանիքին ներկա գտնվի The Rolling Stones հռչակավոր ռոք խումբը:

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է

Փետրվարի 6-ին 72 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը: Նրա քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին, իսկ վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:




Լրահոս