Դերասան, երգիչ, շոումեն ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆԻ հետ զրուցեցինք «Ջին ջան» ներկայացման, մարդկային փոխհարաբերությունների ու մի քիչ էլ քաղաքականության մասին:
-Ինքս դիտել եմ «Ջին ջան» ներկայացումը, ինչպես շատերի, այնպես էլ իմ կարծիքով՝ մի տեսակ ձգած էր` շատ երկար: Ու երբ դիտումից հետո դուրս եկա դահլիճից, տարատեսակ կարծիքներ լսեցի, որ «գրդոն են անում», «մեջն իմաստ չկար»…
-Մենք առաջին պրեմիերայից հետո դեռ կրճատել ենք: Ո՞նց կարա տենց բան լինի: Գրդոնի մասին խոսք լինել չի կարող: Բնական է, որ մեկին դուր է գալիս, մյուսին` ոչ: Ինքն իր տեսակի մեջ հետաքրքիր է, իլյուզիաներով, ֆոկուսներով: Մեծ աշխատանք է տարվել, բարի ներկայացում է: Իմաստ էլ կա` սիրային եռանկյունի է, որտեղ հաղթում է սերը: Կինն ի՞նչ է ուզում` երջանկություն, ու նա ստանում է այդ երջանկությունը:
-Կարծում եմ` նկատած կլինեիք, որ դահլիճում էր նաեւ երկրի առաջին տիկինը: Որեւէ արձագանք լսե՞լ եք նրանից:
-Ո՛չ, բայց մեկ-մեկ բեմից նայելով` հասկացա, որ կարծես դուրը գալիս էր, ժպտում էր:
-Ներկայացման մեջ քաղաքական կոնտեքստ չկար, ինչո՞ւ: Հիմա շատ ակտուալ է քաղաքական թեմաներ շոշափելը:
-Մենք կարող էինք կոմերցիոն առումով այդ տեսակ թեմաներ շոշափել, բայց այն, որ զերծ ենք մնացել, ես առավելություն եմ համարում: Վերջին 20 տարիների ընթացքում քաղաքական կոնտեքստ ունեցող շատ ներկայացումներ են բեմադրվում, դրանցով էլ հենց գրավում են մարդկանց: Մեզ մոտ ո՛չ լկտիություն կա, ո՛չ քաղաքականություն, բայց մարդիկ գալիս են: Այստեղից հետեւություն` մարդկանց պակասում են մարդկային հարաբերությունները: Էլ ի՞նչ գրդոնի մասին է խոսքը: Միլիոն մարդ, միլիոն կարծիք: Բայց դա հո չի՞ նշանակում, որ սա վատ ներկայացում է: Օսկարակիր «Արտիստը» ֆիլմը մի քանի օր գնաց կինո «Մոսկվա»-ում: Մարդիկ կան` էժանագին բաներ են սիրում: Գլոբալ եմ ասում, որ մարդկանց մոտ մակարդակն իջել է:
-Ներկայացման մեջ քաղաքականությունից խուսափել եք, իսկ կյանքում ստացվո՞ւմ է: Ոչ մի կուսակցությունից դեռ Ձեզ չե՞ն դիմել իրենց միանալու առաջարկով:
-Նման բան չի եղել ու փառք Աստծո, որովհետեւ ես փորձել եմ քաղաքականությունից որքան հնարավոր է հեռու լինել:
-Չե՞ք էլ հետաքրքրվում:
-Միայն որպես սովորական քաղաքացի, բայց քաղաքականությունը համարում եմ շատ կեղտոտ ոլորտ: Ես իմ գործն եմ անում, առանց քիթս մտցնելու ուրիշ տեղեր:
-Մայիսին ԱԺ ընտրություններ են, արդեն որոշե՞լ եք` ում եք ընտրելու:
-Դեռ չէ, մտածում եմ:
-Երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում, կարո՞ղ եք համեմատել այնտեղի կյանքն այստեղի հետ:
-Դեմոկրատիա են ասում ու 20 տարում օրենքի դաշտում ոչ մի էական փոփոխություն չարեցին: Ինչի՞, դա լա՞վ է: Մարդիկ ոչ թե ապրում են, այլ գոյատեւում: ԱՄՆ-ից հետ գալուց հետո տեսա, թե տարիների ընթացքում ինչեր են կորել, օրենքը, որ դեռ չկա, ու պարզ չէ` երբ կլինի, ինտելիգենցիան, որ վերանում է:
-Իսկ սոցիալական վիճա՞կը:
-Ես չեմ ասում, որ դրսում շատ լավ է, բայց գոնե քո ցածր վարձատրվող աշխատավարձով կկարողանաս նորմալ սնվել ու լուծել կենցաղային հարցերդ: Բոլորս գիտենք դրա մասին, խոսում ենք, բայց ոչինչ առաջ չի գնում: Ու դրա պատճառով մարդիկ չարացած են, նյարդային: Լավ բաները գնալով պակասում են, ու դա վատ կյանքի հետեւանքով է, հլը թող նորմալ ապրեն, կլինեն բարի ու կամեցող: Իսկ հիմա ամեն տեղ մուննաթ է, ամեն տեղ: Ու կապ չունի` մեծահարուստ է, թե բոմժ, բոլորը մուննաթով են խոսում: Նախանձ են, չկամեցող: Ասում են` հաջողությունը ծնում է նախանձ: Եթե մի քիչ հաջողակ ես, նախանձ ես առաջացնում ու թշնամիներ ձեռք բերում:
-Թշնամիներ ու նախանձողներ շա՞տ ունեք:
-Ես կոնկրետ չգիտեմ, բայց հաստատ կլինեն: Դե տեսե՛ք, հենց մեր ներկայացման համար էլ վատ բաներ ասողներն արդեն նախանձ են: Երեւի հենց սկզբում էլ բացասական են տրամադրված, գալիս են ներկայացման վրա կեղտ բռնելու: Ուզում ես` հանճարեղ մի բան խաղա, մեկ ա, վատն են խոսելու: Մեր ժամանակ էլ կար ռաբիսություն, չարություն, բայց տոկոսային հարաբերությամբ այսքան շատ չէր: Չեմ հերքում նաեւ, որ լիքը լավ երիտասարդություն կա:
-Կարո՞ղ ենք հույսներս դնել նրանց վրա:
-Իմ ընկերների մեծ մասն իրենց էրեխեքին ուղարկել են դրսում սովորելու, քանի որ հասկանում են` էստեղ ավարտի, ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու: Ապագա չեն տեսնում, դրա համար էլ գնում են, որ գոնե այնտեղ իրենց գիտելիքներով արժանավայել ապրեն: Լսում եմ էլի, ասում են` «ավարտեմ, ի՞նչ անեմ, տե՛ս, էն մեկը չի ավարտել, դարձել է բիզնեսմեն, մյուսը` մեծահարուստ»:
-Եթե չեմ սխալվում, Ձեր որդիներն էլ ԱՄՆ-ում են, հետ գալ չե՞ն ուզում:
-Արդեն 12 տարի է` այնտեղ են, բայց միշտ կապ ունեն Հայաստանի հետ, գալիս-գնում են: Ես այսքան քննադատեցի, բայց երեւանյան լավ որակը չեմ փոխի աշխարհի եւ ոչ մի քաղաքի հետ: Ես ծնվել եմ կինո «Նաիրի»-ի մոտ, ինձ բախտ է վիճակվել շփվել շատ տաղանդավոր մարդկանց հետ:
-Դուք էլ երկար տարիներ մե՛կ այստեղ եք, մե՛կ ԱՄՆ-ում, հիմա որոշե՞լ եք, թե հիմնականում որտեղ եք ապրելու:
-Այստեղ: 10 տարի առաջ այդ վիճակն էր, բայց վերջին տարիների ընթացքում մեծամասամբ այստեղ եմ, ու դա ինձ դուր է գալիս:
«ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ` ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ