Արձակուրդ գնալը վտանգավո՞ր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Հովհաննես Մանուկյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար, տեղեկություններ տարածվեցին, որ նրա եւ Հայկ Հարությունյանի ջրերը նույն առվող չեն հոսում: Ավելի ուշ լուրեր սպրդեցին մամուլ առ այն, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լուրջ չարաշահումներ է հայտնաբերել ՔԿՀ-ներում:

Այս հրապարակումներից հետո զարմանալի զուգադիպությամբ սկսեցին լուրեր շրջանառվել, որ Հայկ Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ նրան կփոխարինի ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Թեև այդ աթոռի համար կռիվ էին տալիս Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:

Սակայն Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, թե ինքն արձակուրդի մեջ է եւ վերջ: Օգոստոսի 17-ին էլ ՀՀ արդարադատության նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինչ է եղել, մարդն արձակուրդի է գնացել, վերջ»:
«Ժողովուրդ»ը կառավարության նիստի ավարտից հետո նախարարից հետաքրքրվեց` ո՞րն էր Հայկ Հարությունյանի անդառնալի արձակուրդի պատճառը:

-Այսինքն:

-20 օր առաջ Դուք մեզ հետ զրույցում նշեցիք, թե Հայկ Հարությունյանը արձակուրդի մեջ է, իսկ ահա երեկ արդեն ներկայացրեցիք նոր ՔԿՀ վարչության պետին:

-Տեղի է ունեցել այն, որ ՔԿՀ-ում փոփոխություն է եղել, հին պետը դուրս է եկել եւ նշանակվել է նոր պետ:

-Փաստորեն արձակուրդից հետո պաշտոնը լքելը մեկ քայլ է:

-Հայկ Հարությունյանը դիմում է գրել ազատման մասին, քանի որ ցանկություն է հայտնել այլ աշխատանքի անցնելու:

-Իսկ վստա՞հ եք, որ Արթուր Օսիկյանի նշանակմամբ ՔԿՀ-ում իրավիճակը կկարգավորվի:

-Վստահ եմ:




Լրահոս