ՆՈՐ ՇՏԱԲՆԵՐ
«Միավորված հայեր» կուսակցությունն ապրիլի 16-ին երկու նոր շտաբ է բացել Նոր Նորքում` ընտրողներին առավել հասանելի լինելու նպատակով: Նոր նախընտրական շտաբների հասցեներն են` Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական փողոց 1/3 եւ Նորքի 6-րդ զանգված, Բադալ Մարգարյանի փողոց, շենք 8: Իսկ ահա Սպիտակի Լեռնանցք համայնքի ղեկավար Լեւիկ Աբգարյանը խոչընդոտել է «Միավորված հայեր»-ին շտաբներ բացել «իր տարածքում», քանի որ այնտեղ իրենք են տեր ու տիրական:
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
Ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւկադրերի ռեզերվ է վերցվել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, գնդապետ Ավետիք Աբրահամյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Մհեր Ավագյանը, ով մինչ այդ եղել է կադրերի ռեզերվում։ Վլ. Գասպարյանի հրամաններով ոստիկանության գնդապետ Եգոր Անտոնյանն ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից, իսկ այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Գալստյանը։ Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է վերցվել ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, իսկ ոստիկանության փոխգնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:
ՄԵԴԱԼ ՄԱՆԹԱՇՈՎԻՆ
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայ մեծահարուստ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի թոռանը` կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանին, պարգեւատրել է «Նուբար փաշա» մեդալով: Հայտնի մեծահարուստի որդին` Միքայել Մանթաշյանը, եւ թոռը` Ալեքսանդր Մանթաշյանը, Հայաստան էին ժամանել` մասնակցելու բարերարի արձանի բացմանը, որը տեղի ունեցավ երեկ: Մանթաշովի արձանը տեղադրված է Աբովյան-Սայաթ-Նովա անկյունում:
ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎ
Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի լիագումար նիստում, Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձեւ է ընդունվել: Դրանցից մեկը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ մյուսը` ԵՄ-ի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ասոցացման մասին համաձայնագրերի իրականացմանը: ԵԽ անդամների համոզմամբ` այդ բանաձեւերը պետք է բարելավեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման մակարդակը երկու երկրներում:
ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԿԼՈՆԱՎՈՐԵԼ ԵՆ
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը 24-րդ ընտրատարածքի ցուցակներում բազմաթիվ կեղծիքներ է հայտնաբերել: Մասնավորապես, ըստ նախաձեռնության` այս ընտրատարածքում 500-ից ավելի մարդիկ ունեն «նմանակներ», որոնց անունները, ազգանունները եւ հայրանունները բացարձակապես նույնն են. «Օրինակ` շատ դժվար է պատկերացնել, որ 24-րդ ընտրատարածքում բնակվող Նավոյան Գորգիններն իրենց աղջիկների անունները (ճիշտ է, 10 տարի տարբերությամբ) պատահականորեն դրել են Կիմա: Գորգինի հայրանունով առաջին Կիմա Նավոյանը բնակվում է Ազատամարտիկների փ. 38 (ծնվ. 05/12/1964), իսկ երկրորդը` Ներքին Դեմեր թղմ. 5 փ., 1 նրբ, 1 հասցեով (ծնվ. 13/01/1954): Հաջորդ զուգադիպումը. ստացվել է այնպես, որ 2 Օհանյան Վեմիրները 1963 թվականին, իրարից անկախ, իրենց աղջիկներին անվանակոչել են Գոհարիկ: Առաջին Օհանյան Գոհարիկը (ծնվ. 10/02/1963) բնակվում է 5 թղմ., 7 փ. 15, իսկ երկրորդը (ծնվ. 20/06/1963)` 2 թղմ., 1 փ. 4 հասցեով: Այստեղ կարելի է հանդիպել նաեւ 2 Մխիթարյան Ծաղիկ Բեգլարի, որոնցից մեկը (ծնվ. 20/03/1953) բնակվում է 25 փող. 26, իսկ մյուսը(ծնվ. 08/05/1953 թ.)` Ա թղմ., 1 փ. 71 հասցեում:
Մկրտչյան Արմինե Աբովի անուններով անձիք են գրանցված, համապատասխանաբար, Սուրբ Խաչ թղմ. 8 փող. 3 եւ Պրոշյան փող. 6/47 հասցեներում: Նրանցից առաջինը ծնվել է 03/11/1983թ. իսկ մյուսը` 07/04/1988-ին:
24 ընտրատարածքում են բնակվում նաեւ Վահրիճ հայրանունով 2 Մնացականյան Լալաներ: Նրանցից մեկը (ծնվ. 04/01/1963թ.) բնակվում է Անդրանիկ փ. 7/40, իսկ մյուսը (ծնվ. 10/12/1950 թ.)` 9 փող. 2-րդ փկղ., 19 հասցեում:
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ իրար հարեւանությամբ` 3 փող. 51 եւ 8 փող. 118 հասցեներում, համապատասխանաբար, բնակվում է 2 Սեւոյան Ֆենիկ Արշակի (ծնվ., համապատասխանաբար, 14/02/1939թ. եւ 20/01/1952թ.)»: