ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ 2011թ. վերջին ընդունվել է օրենք` Ջավախքի հայերին թույլատրել 180 օրը մեկ (3 ամիս) մեքենայով գալ Հայաստան եւ գնալ: Խնդրում եմ ասել` լսածս որքանով է համապատասխանում իրականությանը: Մաքսակետերում օրենքի գործելը որքանո՞վ է վերահսկվում:

Հովհաննես Հակոբյան, 65 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Տվյալ դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի դրույթներով եւ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով` առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին:
1. Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 90 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված օտարերկրացիների անձնագրում հատուկ նշում է կատարվում նրանց` Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նույն ջավախահայերը սահմանային անցակետերում մուտքի-ելքի հարցերը լուծելիս մշտապես լուրջ խնդիրների են բախվում եւ միայն կաշառք վճարելուց հետո կարողանում սահմանն անցնել: Սահմանված կարգը հստակ է թվում, բայց, ըստ էության, այն չի գործում, ու պատահականություն կարելի է համարել, եթե ինչ-որ մեկին հաջողվի առանց քաշքշուկից խուսափելու եւ ավելորդ ժամանակ կորցնելու լուծել այսչափ պարզունակ խնդիրը:




Լրահոս