ՀՈՐԱՔՈՒՅՐՆ ՈՒԶՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻՆ ՓՈՂՈՑ ՇՊՐՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծնողներից զրկված 11-ամյա Նունե Ղազախեցյանին սպառնում է փողոցում հայտնվելու հեռանկարը:
Ամեն ինչ սկսվել էր 2010թ.: Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովն ահազանգ էր ստացել, որ 5-րդ դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկը մնացել է առանց ծնողական խնամքի: Երեխան հաճախում էր նաեւ «Օրրան» հ/կ: Տարբեր տեղերից օրենքով սահմանված կարգով երեխայի մասին տվյալները ստացել էին եւ սկսել զբաղվել նրա հարցով: Պարզվել էր, որ միայնակ մոր երեխա է, որի մահից հետո հորեղբայրը դիմել էր խնամակալություն սահմանելու համար: «Հարցը բավականին բարդ էր, որովհետեւ  Ղազախեցյանների ընտանիքն ի սկզբանե կոնֆլիկտային ընտանիք է եղել: Ընտանիքում բազմաթիվ խնդիրներ են եղել, եւ դժվարանում էինք երեխայի համար խնամակալություն սահմանել»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը: Դպրոցի եւ բազմաթիվ հ/կ-ների հետ համատեղ աշխատանքի արդյունքում երեխայի համար խնամակալ է նշանակվել հորեղբայրը, քանի որ երեխայի հոր եւ մոր մահից հետո երեխան շարունակել էր ապրել վերջինիս ընտանիքում: Սակայն նիստի ժամանակ երեխայի հորաքույրը  կտրականապես դեմ է եղել հանձնաժողովի որոշմանը` պահանջելով երեխային ուղարկել մանկատուն, ինչը, սակայն, հանձնաժողովը մերժել է:
Նունեի հայրն անձնագիր չի ունեցել, ինչի պատճառով չեն կարողացել հայրության փաստը գրանցել: «Երեխայի նկատմամբ հայրության փաստը պետք է ճանաչվի օրենքով սահմանված կարգով, որպեսզի երեխան երկկողմանի ծնողազուրկի  կարգավիճակ ձեռք բերի: Չնայած մենք նրան արդեն հաշվառել ենք որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում երեխան վերցված է հաշվառման, բայց դա բոլոր դեպքերում քիչ է: Երեխան հետագայում պետք է հաշվառվի որպես բնակարանի կարիքավոր երեխա եւ օգտվի երկկողմանի ծնողազուրկ երեխայի կարգավիճակով նախատեսված պետական արտոնություններից: Երեխայի շահը պահանջում է, որ հենց ընտանիքում, որը սոցիալապես ապահովված ընտանիք չէ, երեխան օգտվի այդ արտոնություններից»,-ասում է Լ. Գեւորգյանը:
Հանձնաժողովը փաստաբանի եւ հ/կ-ի հետ եկել է այն եզրահանգման, որ հայրության ճանաչման փաստն անհրաժեշտ է որոշել դատական կարգով, այլապես երեխայի բնակարանը ձեռքից կխլեն, քանի որ այդ հարցով նրա հորաքույրը հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գեւորգյանը վստահ է, ու «երեխայի շահը հարազատները ոտնահարում են հենց բնակարանի պատճառով»: Բնակարանում հաշվառված են եղել երեխայի հայրը, հորեղբայրը: Հորաքույրը` Աիդան, մեծ կին է, թոռնատեր, ժամանակին ընտանիքի հետ բնակվել է տնակային ավանում: Տնակները հանելուց հետո հաշվառվել է հայրական ընտանիքում, որտեղ Նունեի հայրն ու մայրն են ժամանակին ապրել: «Երեխայի հոր նախկին կնոջ հետ հորաքույրը համաձայնության է եկել, եւ շրջանցելով քաղաքապետարանի դիրքորոշումը` օրենքի խախտումով բնակարանը սեփականաշնորհել են, ինչի հետեւանքով երեխայի հայրն ու հորեղբայրը դուրս են մնացել սեփականաշնորհման գործընթացից: Նունեի փոքր հորեղբայրը, ով նաեւ խնամակալն է, իմանալով այս մասին, դիմել է դատարան, սակայն այսօր փաստի առաջ են կանգնել ե՛ւ երեխան, ե՛ւ հորեղբայրը, որոնք արդեն, ըստ դատարանի վճռի, մնալու են փողոցում»,-ասում է Գեւորգյանը:
«Ժողովուրդ»-ը որոշեց ներկա գտնվել դատական նիստին, սակայն այն կրկին հետաձգվեց: Դատարանի միջանցքում կրքերը եռում էին: Երեխայի մեծ հորեղբոր կինը` Սեդան, ով եկել էր Նունեի ով լինելը հաստատելու, չէր կարողանում զսպել զայրույթը. «Էդ էրեխեն էդ տանն ա ծնվել, էդ տանն ա մեծացել: Էսօրվան օրը ասում են, որ էդ տան էրեխա չի, ուրիշից ա: Դա սուտ ա, որովհետեւ մինչեւ Նունիկը, էլի զույգ աղջիկներ է ունեցել, մահացել են: Հոր մահը չեմ ուզում ասեմ, բայց մայրը լյարդի ցեռոզ ուներ, չփրկվեց: Մահանալու ժամանակ հույսը դրել ա Տիգրանի ու Ալինայի վրա: Ախր իրա մերն էլ ա մահացել, ու 11 տարեկանից իրան էլ ես եմ պահել մեծացրել: Ո՞նց կարելի ա ըտենց բան ասել, մանավանդ որ էրեխու անունն էլ իրա մամայի անունն ա: Երեւի տան պրոբլեմն ա պատճառը, որ սենց ա անում, ուղղակի էս էրեխեն ա մեղքս գալիս: Աիդան ինքն էլ երեխա ունի, բա դա մա՞յր ա, մայր կոչվելու իրավո՞ւնք ունի»:
Հարց ուղղեցինք նաեւ հորաքրոջը` Աիդային, սակայն պատասխանը մեկն էր. «Ես ուզում եմ, որ էդ տունը վաճառվի, ու իմ մասնաբաժինն ինձ տան, որ էս վարձով տներից պրծնեմ: Ես հմի բոմժի կարգավիճակում եմ: Մի օր սոված եմ, մի օր կուշտ եմ: Ընչի՞ պտի էս վիճակում ապրեմ: Ուզում եք, որ իրանք էդ էրեխու հետ ապրեն, ինձ էլ փողոց եք շպրտել»:
Խնամակալ հորեղբայր Տիգրանն ու կինն էլ չեն կարողանում հասկանալ արարքը. «Մայրը մահացել ա, ես եմ էդ էրեխուն պահել, խիղճս չի տվել, որ էդ էրեխուն մեկին տամ: Ասում ա` դո՛ւս էկեք, որ ես կարենամ հանգիստ ապրեմ: Հմի ուզում ենք` հետմահու հայրությունը ճանաչվի: Գոնե էրեխեն թոշակ ստանա: Հորքուրը դեմ ա, չեմ հասկանում` ինչի»: Ի վերջո, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նունեի հայրության փաստը հաստատեց, սակայն հորաքույր Աիդան վճռական է տրամադրված: Եղբոր երեխային տանից դուրս նետելու նպատակով բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Ըստ «Օրրան»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավարի` հորաքույրը երեխային հանգիստ չի թողնում նաեւ կազմակերպությունում: Պարբերաբար այցելում ու անհանգստացնում է:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս