ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԹԱՔՆՎԵԼ Է ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Եվ նրա բացակայությունն ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանի ձերբակալության հետ: Բանն այն է, որ բնապահպանության նախկին նախարարը Լաբլաջյանի ձերբակալվելուց հետո վախը սրտում 72 ժամ սպասել է, որպեսզի տեսնի նրան կկալանավորե՞ն, թե՞ ոչ: Ու երբ տեսել է, որ ամեն ինչ լուրջ է եւ իր վարորդի եղբայրը երկամսյա նախնական կալանքի դատապարտվեց, անմիջապես մեկնել է երկրից՝ մինչեւ հասցնի իր հարցերը կարգավորել:
Բանն այն է, որ նախարարության «ռեկետ գրուպա»-ի ղեկավար Լաբլաջյանը համարվում էր Արամ Հարությունյանի հավատարիմ աշխատակիցը, ում ձերբակալությունից հետո նա իր մտերիմ շրջապատում ասել է, թե «պետք է այնպես անենք, որ Լաբլաջյանը հույսը չկորցնի, որ օգնելու ենք»: Այսինքն՝ հույս ունենա, որ ճաղերի հետեւից դուրս կգա շուտով, որպեսզի Ա. Հարությունյանը երկար-բարակ տեղեկություններ չհաղորդի իրավապահներին:
Երեկ «Ժողովուրդ»-ը Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արմեն Օհանյանից տեղեկացավ, որ Հարությունյանն իսկապես սեպտեմբերի 2-ին արձակուրդ է գնացել: Ըստ նրա՝ մոտ օրերս կվերադառնա: Իսկ Լաբլաջյանի մասին տեղեկությունների մասով ոչինչ չմեկնաբանեց՝ պատճառաբանելով, թե դա կապված չէ Կոտայքի մարզի հետ: Ի դեպ, քանի դեռ մարզպետը «թաքնվել է» այլ երկրում, այս ընթացքում նրա աշխատանքային սենյակում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ նրա ղեկավարած կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում պետական բյուջեի մուտքերն ապահովել, որպեսզի 2015 թվականի բյուջեն ներկայացնի: Բանն այն է, որ նախկինում տրվել են աշխատավարձ բարձրացնելու մասին խոստումներ, սակայն այսօր պարզվում է, որ բյուջեում այդքան գումար չկա: Սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում նման բան չկա. «Ուրեմն ձեզ ասեմ, որ մենք ունենք առաջին կիսամյակի հաշվետվությունը ու առաջին կիսամյակի համաձայն՝ հարկային պարտավորությունները 100 տոկոսով, ծրագրի համաձայն՝ կատարվել է»:

 

 

Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության երրորդ մասնաշենքում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս մի պապիկ է եկել նախարարության շենք, պառկել աստիճաններին եւ պահանջել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Պապիկը հայտարարել է, որ նախարարության շենք է գնացել, որպեսզի սպանի գյուղնախարար Կարապետյանին, որը «սուտ է խոսում, թե գյուղացին լավ է ապրում եւ այս տարի բերքի տարի է եղել»: «Որտեղ տեսնեմ նրան, սպանելու եմ: Ո՞վ է ասում, որ այսօր գյուղացին լավ է ապրում»,- զայրացած բղավել է քաղաքացին: Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքը հսկող ոստիկաններին մի կերպ է հաջողվել հանդարտեցնել զայրացած պապիկին եւ ուղարկել տուն: Հուսանք՝ նա այլեւս նման ցանկությամբ չի հանդիպի իր իմիջի համար անիմաստ հազարավոր դոլարներ ծախսող գյուղնախարարին:

 

 
Սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հրահանգով մարզպետարանի անունից «Եվրոպա» ընկերության հետ պայմանագիր է կնքվել՝ ցինկապատ, մետաղական, պողպատյա թիթեղներ գնելու վերաբերյալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետարանը «Եվրոպա»-ից 12 մլն դրամի տանիքի թիթեղ է գնել, որպեսզի բաժանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կարկուտից ու քամուց տուժած բնակիչներին: Այս լուրի մեջ երկու ուշագրավ բան կա. առաջինը, որ պայմանագիրը կնքվել է հենց այն ընկերության հետ, որի սեփականատիրոջ «փեսան» նույն մարզից ընտրված պատգամավորն է՝ Կարեն Բոթոյանը: Երկրորդ՝ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Վարդենիսի տուժած բնակիչներին փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել: Իսկ թե որտեղ է ծախսվել մնացած 8 մլն դրամը, պաշտոնական փաստաթղթերում դեռ չի երեւում:

 

 
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներին: Կասկածի տակ դնելով իշխանությունների կողմից նոր Սահմանադրության հայեցակարգի` ՀՀ մարզերով մեկ իրականացված հանրային քննարկումների լրջությունը` նա, մասնավորապես, ասել է. «Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու»: Ուշագրավ է, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մնացած անդամներն, ի տարբերություն իրենց առաջնորդի, չեն վարանում դեմ խոսել մի բանի մասին, որը Ծառուկյանի խոսքով` «դեռ չկա, հայտնի չէ», եւ, փաստորեն, զբաղվում են անլուրջ գործով:
Այդուամենայնիվ` ԲՀԿ առաջնորդն ընդգծում է. «Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»` այդպիսով, ըստ էության, բարձրաձայնելով ԲՀԿ-ի դիրքորոշումը ներկայացվելիք հայեցակարգի շուրջ, քանզի ակնհայտ է, որ սահմանադրական այս բարեփոխումների գործընթացի հիմնական նպատակը հենց Սերժ Սարգսյանի վերարտադրության ապահովումն է:
Ի դեպ, նկատենք, որ եթե Ծառուկյանն առհասարակ դեմ է վերարտադրությանը, ապա պետք է որ դեմ լինի նաեւ Քոչարյանի վերարտադրությանը: Եվ այս առումով` սահմանադրական բարեփոխումները երկսայրի սուր է, քանզի միտված լինելով ապահովել Ս. Սարգսյանի վերարտադրությունը, այն կոչված է բացառելու Քոչարյանի վերադարձը:
Իր հարցազրույցում Ծառուկյանը նաեւ մեկ այլ ուշագրավ արձանագրում է կատարում: Անդրադառնալով իր` քաղաքական դաշտ մտնելու շարժառիթներին` ԲՀԿ առաջնորդն ասում է. « Տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, հուսահատությունն ու անարդարությունը մեծ է երկրում, ես չկարողացա անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշվել ու ապրել միայն ինձ համար»: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադրմամբ, քաղաքականություն է մտել դեռեւս 2004թ-ին, ապա ստացվում է, որ Ծառուկյանը նման մռայլ գույներով ներկայացնում է հենց Քոչարյանի կառավարման տարիները: Մի տեսակ անհարմար բան է ստացվում…

 

 




Լրահոս