ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՍՈՒՄ Է ԵՐԱԿՆԵՐՈՎՍ»

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը մեր երգարվեստի այն ներկայացուցիչներից է, ում երգացանկը հագեցած է ռազմահայրենասիրական շունչ ու ոգի պարունակող երգերով: «Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ` մարտական ոգի պարունակող երգերի ազդեցության, դրանց անհրաժեշտության եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ:

-Տիկին Սարիբեկյան, Ձեր երգացանկում իրենց կայուն տեղն ունեն ռազմահայրենասիրական երգերը: Ձեր գնահատմամբ` նման երգերն ի՞նչ ազդեցություն կարող են գործել մարդու հոգեբանության վրա եւ ո՞րն է այդ երգը կատարողի դերը:
-Ամենաուղիղ ազդեցությունն են գործում այդպիսի երգերը: Ռազմահայրենասիրական շունչ ու ոգի պարունակող երգերի գլխավոր առաքելությունն այդ երգը լսողների մեջ մարտական ոգի մտցնելը եւ այդ ոգին բարձր պահելն է: Քիչ չեն օրինակները, երբ պատերազմական գործողությունների էպիկենտրոնում գտնվող մարդիկ մարտականությամբ են ողողվում՝ լսելով այդօրինակ երգեր: Աստված մի արասցե այդպիսի իրավիճակներ ստեղծվեն, բայց երբ անխուսափելի է այդ ամենը եւ արդեն կա, շատերն են դիմում այդպիսի երգերի օգնությանը: Քարոզչական հիանալի մեխանիզմ է՝ բավականին լուրջ ազդեցությամբ: Իսկ այդ երգերը կատարողի դերը շատ մեծ է, պատասխանատվությունը մեծագույն:
-Ռազմահայրենասիրական, ազգագրական երգեր կատարելու պատասխանատվությունը մեծ է եւ այդպիսի երգեր կատարելու իրավասություն բոլո՞րն ունեն: Ինչ եք կարծում, երգը կատարողի` իրապես հայրենասեր լինելու հանգամանքն այստեղ կարեւո՞ր է:
-Իհարկե, այդպես էլ կա: Պատրաստակամության առկայությունը գովելի է, բայց միայն այդքանը քիչ է: Առհասարակ պետք է ասեմ, որ մեր երգարվեստն այդ առումով, մեղմ ասած, գովելի վիճակում չէ: Մարդն ինչ անում է պետք իր արածի իրական կրողը լինի: Մարդու հոգին պետք է հագեցած լինի իր արարքներով: Արարքներն ու էությունը պետք է լիարժեք կերպով համապատասխանեն իրար: Մեր երգարվեստում ձեւականությունը շատ է: Գիտակցելով այն հանգամանքը, որ արվեստագետի պարտականությունների մեջ մտնում է նաեւ լուրջ ու կարեւոր հարցեր բարձրացնելը, կոնկրետ այս պարագայում մարտական ոգին բարձր պահելը, մի քիչ էլ ձեւական կողմ ապահովելու համար են անում նման բաներ:
-Կարո՞ղ եք առանձնացնել այն կատարողներին, որոնց էությունն ու արարքները` տվյալ դեպքում հայրենասիրական երգեր կատարելու իմաստով, լիարժեքորեն համահունչ են:
-Մեր ազգագրական, ռազմահայրենասիրական երգարվեստը բարձր պահողներից կարող եմ առանձնացնել Դավիթ Ամալյանին, Արսեն Գրիգորյանին (Մրո): Պետք է նշեմ, որ ես եւս ամեն ինչ անում եմ այդ ասպարեզը բարձր մակարդակի հասցնելու համար: Երգարվեստը, հայրենասիրությունը, մարտական անսպառ ոգին պարզապես հորդում են ինձանից, ինձ համար թվարկածս երեւույթները պարզապես իմ կենսակերպն են:
-Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության օրերին տարբեր քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, երգարվեստի ներկայացուցիչներ գնում էին դիրքեր՝ մեր զինվորներին զորակցելու: Դուք այդ շրջանում չեք եղել Ձեր այն ընկերների կողքին, ովքեր այցելել են սահմաններ: Ինչո՞ւ:
-Չեմ գնացել այդ ժամանակաշրջանում: Բայց ասեմ, որ, իմ կարծիքով, պետք չէ կենտրոնանալ որեւէ ժամանակահատվածի վրա: Իմ էությունն է այդպիսին, ես ամեն օր եմ զորակցում մեր զինվորներին: Հոգիս ու սիրտս ամբողջությամբ հագեցած են իրենցով: Սեպտեմբերի 2-ին մեկնել էի Արցախ ու հենց սահմանային զորամասերից մեկում ներկայացրել երգիս պրեմիերան, որի երաժշտության հեղինակը Սասուն Պասկեւիչյանն է, խոսքերն էլ Վահան Տերյանի «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծությունն է: Երգը վերնագրել ենք «Արիացի՛ր, սիրտ իմ»: Ահա այս երգը, դրա կատարումը ռազմահայրենասիրական ոգով ու շնչով ներծծված կատարում է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 
ԼՈՒՐԵՐ

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ
Արդեն մեկ տարի է, ինչ երգչուհի Կարինե Առուստամյանը համագործակցում է երեւանյան ակումբներում ելույթ ունեցող «TheBand» երաժշտական խմբի հետ: Համագործակցության մեկամյա տարեդարձը օրերս նշվել է «Ուլիխանյան» ակումբում, որի ընթացքում հնչել են բազմաթիվ R&B, փոփ, սոուլ, ֆանկ հիթեր:
Երգչուհին խոստովանել է, որ խումբը կազմավորելիս գիտակցել են սպասվելիք դժվարությունները, բայց չեն պատկերացրել՝ որքան խոչընդոտներ կարող են լինել:

 

ԼԱՅԱՆԱՅԻ ՆՈՐ ԶՈՒԳԵՐԳԸ
Երգչուհի Լայանան զուգերգով հանդես գալու առաջարկ է ստացել Արմեն Մովսիսյանից: Երգը կոչվում է «Չէ-չէ», այն հանրությանը կներկայացվի տեսահոլովակով:
«Չէ-չէ»-ն սիրային, քնարական գործ է, որը հեղինակել է Ռիչարդ Մադլենյանը: Հոլովակի ռեժիսորն Արտյոմ Հակոբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը:
Սա արդեն երրորդ տեսահոլովակն է, որը երգչուհին կներկայացնի այս տարի:

 

ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԴՐԱՄԱ
Դերասան Ստեփան Ղամբարյանը տեւական դադարից հետո շուտով կրկին կհայտնվի հեռուստաէկրաններին: 65 մասից բաղկացած «Խաչվող հետքեր» քրեական դրամայի գործողությունները հիմնականում ծավալվում են ազնիվ մի ոստիկանի շուրջ, ում էլ մարմնավորում է դերասանը:
«Խաչվող հետքեր»-ի դերասանական կազմում են Վիվյեն Բաստաջյանը, Օֆելյա Զաքարյանը, Սոֆի Դեւոյանը, Էվա Խաչատրյանը, Հայկ Սարգսյանը, Գոհար Սարգսյանը եւ այլք:
Հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները սկսվել են մայիս ամսին եւ ավարտվել՝ օգոստոսին:

 




Լրահոս