Պատանի հայ դաշնակահարները հաղթել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. թ. սեպտեմբերի 23-29-ը «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված երեք դաշնակահարներ մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից:

Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորհվել է 1-ին մրցանակներ, իսկ Արթուր Գրիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին, որի նպատակն է բացահայտել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական ունակությունների կայացմանը:

Ռազմավարական առումով այն կարևորվում է, քանի որ միտված է դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովմանը: 2014 թ. ծրագրում ընդգրկված են 15 երաժիշտ–կատարողներ, որոնք ներկայացնում են դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտությունները:  

 ՀՀ մշակույթի նախարարություն




Լրահոս