Հանրահավաքի օրակարգում կլինի՞ իշխանափոխության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունն այս քառօրյայի ժամանակ ցույց տվեց, որ իսկապես իրենք օրակարգում չունեն այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի այսօր պետության մեջ կատարվող գործընթացներին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքին՝ նա նշեց.

«Իշխանությունն ասում է՝ մենք շատ խելացի բաներ ենք անում ձեզ համար, բայց դուք չեք հասկանում: Նույն էլ կենսաթոշակայինի ժամանակ: Նրանք ասում էին մենք լավ բան ենք անում, բայց 80 տոկոսը դեմ է, որովհետև չեն հասկանում»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով երեք ընդդիմադիր ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» մարզային այցելություններին՝ նա նշեց, որ վերջին քաղաքներում նրանց փորձում էին խոչընդոտել: Նրա խոսքով, Սիսիանում բոլոր ճանապարհները փակել էին, Հրազդանում կանայք էին բերել, որոնք Սերժ Սարգսյանին էին պաշտպանում:

«Շատ կարևոր է, թե հոկտեմբերի 10-ին ինչ հանրահավաք կունենանք: Իշխանություններն ամեն ինչ անում են մեր հանրահավաքները ձախողելու համար», – հայտարարեց նա և որպես օրինակ բերեց այն, որ Արարատի քաղաքապետն արգելել էր այսօրվա հանրահավաքի անցկացման հնարավորությունը:

Պատասխանելով այն հարցին, թե եռյակի օրակարգում արդեն դրվա՞ծ է իշխանափոխության հարցը, նա նշեց.

« «Ժառանգություն»-ը մեկ անգամ չի ասել և գրեթե ամենօրա մեր օրակարգում է եղել, որ օր առաջ պետք է ազատվել կեղծիքներից ձևավորված իշխանությունից: Մեր օրակարգում առաջնային է իշխանափոխության հարցը: Բայց մենք՝ երեք ուժերով, դեռ իմի չենք բերել օրակարգը: Ժողովրդի կարծիքն անպայման հաշվի ենք առնելու», – հայտնեց նա:

Անդրադառնալով արդեն Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի այն հայտարարությանը, թե եռյակի Գյումրու հանրահավաքին մարդ չի լինելու, նա պատասխանեց. «Այդպիսի բա՞ն է ասել: Ինքն էլ չի լինելո՞ւ: Կապրենք, կտեսնենք», – ընդգծեց նա՝ հայտարարելով, թե Գյումրին մարդաշատ է լինելու:




Լրահոս