Սևանի ոստիկանապետը սպառնո՞ւմ է քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում տարածված լուրերը, թե Ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը քաղաքի առևտրականներին սաստել է՝ ասելով՝ եթե դուրս գան ցույցի և փակեն ճանապարհները, խնդիրներ կունենան: Ըստ տարածված լուրերի՝ ոստիկանապետն ասել է. «Եթե միլիցա բարեկամ ունեք, գործից կհեռացնեմ»:

Armlur.am-ի հետ զրույցում Վիգեն Աղեկյանն առաջարկեց հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմել ոստիկանության լրատվության բաժին: Իսկ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն էլ կտրականապես հերքեց տարածված լուրերը՝ վստահեցնելով, որ եթե լիներ նման բան, ինքը միանշանակ տեղյակ կլիներ:

«Ես անձամբ եմ զրուցել առևտրականների հետ, նման բան չկա, իրենք իրենց այդ մի օրվա ակցիան արել են: Առևտրականները գրագետ մարդիկ են, գիտեն՝ Կառավարությունն ինչ քայլեր է նախաձեռնում, հիմա սպասողական վիճակ է: Եթե նման բան լիներ, ինձ կասեին: Ներքին գործերի բաժնի պետը կամ ինչպես հիմա են ասում՝ ոստիկանապետը, նման բան չէր էլ կարող անել: Սա փոքր քաղաք է, արձագանքը շատ արագ կլիներ»,- շարունակելով խոսքը՝ նշեց Սևանի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սևանի բոլոր խանութներն առևտրականները փակել էին: Մանր և միջին բիզնեսով զբաղվող սևանցիները միացել էին երևանցիների ու գյումրեցիների՝ ավելի վաղ սկսած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարին: Նրանք անգամ սպառնում էին փակել Երևան-Սևան ավտոճանապարհը: Իսկ նախօրեին Կառավարությունը նոր որոշման համաձայն՝ գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգեց մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:




Լրահոս