ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐՆ ԱՆՑՆԵՆ ԴՌՆՓԱԿ ՌԵԺԻՄՈՎ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախօրեին զանգահարել է 2013թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հորը` Աշխարհիկ Ստեփանյանին, եւ խնդրել, որ չմիջամտի դատավարության ընթացքին եւ թույլ տա, որպեսզի այն անցնի խաղաղ պայմաններում:

Մինչ Աշխարհիկ Ստեփանյանի եւ ՓՊ նախագահի զրույցին անդրադառնալը նշենք, որ զինվորի գործով դատավարությունը, որը ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, առաջին նիստից սկսած անցել է լարված մթնոլորտում: Իսկ փետրվարի 26-ին, իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, երբ ամբաստանյալի պաշտպանը եւ տուժող կողմը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին:
Լյուքս Ստեփանյանի մայրը` Լուիզա Ստեփանյանը, դիմելով գործով փաստաբան Երեմ Սարգսյանին, ասել էր՝ «քո պաշտպանյալը թիվ մեկ թուրքն է»: Այս արտահայտությունից հետո ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բորբոքված ոտքի էր կանգնել` պահանջելով հարգալից վերաբերմունք, ինչից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը՝ «խուժան, լկտի, բա որ թուրք չի, ինչ ա» բացականչելով քայլել էր դեպի պաշտպանը:
Այստեղ փոխադարձ հարձակումներին միացել էին նաեւ տուժող կողմի հարազատները եւ դատարանում սկսվել էր հայհոյանքների տեղատարափ: Սույն գործով դատավոր Զոյա Զաքինյանն առաջացած սկանդալի պատճառով ստիպված էր եղել ընդմիջում հայտարարել, ինչի հետեւանքով Լյուքս Ստեփանյանի հարազատները եւ տուժող կողմի ներկայացուցիչները վեճը շարունակել էին դատարանի միջանցքում: Ավելի ուշ դատավորը հայտարարել էր, թե մեղադրվող կողմի պաշտպանները հրաժարվում են մասնակցել դատական նիստին, իսկ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը հրաժարվել էր շարունակել նիստն առանց պաշտպանների:
Դատարանում տիրող իրավիճակին գնահատական էր տվել Փաստաբանների պալատը` հայտարարելով, որ դատապարտում է Լյուքս Ստեփանյանի` սպանության գործով դատական նիստին ներկաների կողմից փաստաբաններ Երեմ Սարգսյանին եւ Վաղինակ Գեւորգյանին վիրավորելու վարքագիծը: Ավելին՝ պալատը մտահոգություն էր հայտնել առ այն, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պատշաճ պայմաններ եւ դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում:
Նկատենք, որ դատական նիստերին ամբաստանյալ կողմի հարազատներից ոչ ոք ներկա չի լինում: «Ժողովուրդ»-ը փորձեց Դավիթի հարազատ եղբորից` Վարդան Խաչատրյանից, հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, որ չեն մասնակցում դատական նիստերին եւ, առհասարակ, ինչ են մտածում աղմուկով ուղեկցվող դատավարության մասին:
Ըստ Վարդան Խաչատրյանի` ինքն իր հարազատներից ոչ ոքի թույլ չի տալիս ներկա լինել դատարանի դահլիճում, քանի որ «այնտեղ հասկացող մարդ չկա, որ կարողանան նորմալ նստել եւ խոսել, իսկ եթե իրենք գնան, դա կդառնա մի մեծ պատմություն: Հազիվ է եղբայրս կատարվածից կարողացել ուշքի գալ, հիմա նորից սթրես է տանում ու ավելի վատ վիճակում է: Գոնե թողնեն տեսնենք՝ ինչ է եղել, դիտավորյա՞լ է արել, կամ անփութությո՞ւն է եղել, բան հասկանանք: Իրենց օգուտը ո՞րն է, որ այսպիսի աղմուկ են բարձրացնում: Չեմ հասկանում, չեն ուզո՞ւմ իմանալ, թե ինչ է եղել: Ես մենակ իմ եղբոր խոսքերն եմ հիշում, որ իրենք ընկերներ են եղել, իրար հետ հաց են կերել»:
Դավիթի կարծիքով` Լյուքս Ստեփանյանի ծնողներին ուղղորդում են, որ նրանք այսպիսի աղմուկ բարձրացնեն: «Հետեւելով նրա ծնողների այս աղմուկին, մի բան եմ հասկանում, որ նրանք չեն ուզում իմանալ, թե ինչ է եղել: Մեզ էլ տարբեր ծանոթ մարդիկ ասում են, թե գնացեք աղմուկ բարձրացրեք, հո աղմուկ բարձրացնելով չի՞»,- ասաց Վարդանը` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է այցելել եղբորը:
Իսկ ահա Լյուքս Ստեփանյանի հայր՝ Աշխարհիկ Ստեփանյանի խոսքերով՝ իրենց ոչ ոք չի դրդում: Ըստ նրա՝ իրենք պարզապես զայրանում են այն փաստից, որ փաստաբանը իրեն շնորհքով չի պահում ու դրդում է, որ զայրանան: Ավելին` Աշխարհիկ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանում կատարվածից հետո իրեն է զանգահարել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ խնդրել չմիջամտել դատավարության ընթացքին. «Խնդրեց, որ հանգիստ լինեմ: Իմ նպատակն էլ դա է, որ հանգիստ դատավարություն լինի: Կրկնում եմ՝ ինձ ոչ ոք չի դրդում եւ չի կարող ուղղորդել, որ աղմուկ բարձրացնեմ, քանի որ երեխա եմ կորցրել: Այնպիսի մի երեխա, որ աշխարհը գիտեր, թե ինչ բալա էր»:
«Ժողովուրդ»-ը փորձեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանից հետաքրքրվել, թե ինչ է նա մտածում ՓՊ հայտարարության եւ աղմուկով ուղեկցվող դատական նիստի մասին: Ըստ Սամվել Մարդանյանի` այն, ինչ կատարվել է Լյուքս Ստեփանյանի գործով դատավարության ժամանակ, տեղի է ունեցել ընդմիջումների ժամանակ: «Ճիշտ է, դատական նիստն էլ նորմալ չի անցնում, բայց նմանօրինակ դատական նիստերում պոռթկումներ լինում են: Իսկ ներկաների անվտանգությունն ապահովված է: Դատական կարգադրիչների ինստիտուտ կա, որը նման դեպքերում միջոցառումներ է իրականացնում` ուժեղացված ծառայություն ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում»:
Այսքանից հետո, թերեւս, չի բացառվում, որ դատարանն օգտագործի իր հնարավորությունները եւ հետագա դատական նիստերն անցկացնի դռնփակ:
Նշենք, որ ամբաստանյալի պաշտպանն ասել էր, թե հաջորդ դատական նիստին դատարանին ինքնաբացարկ է հայտարարելու, քանի որ չի կարողանում կարգավորել այդ դատական նիստը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՊԱՐՏՔՆ ՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Երիտասարդ Գագիկը որսորդական զենքով գնացել է մորաքրոջ տուն եւ կրակոցներ արձակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկի մորաքույրը` Շողիկը, պարտք է եղել նրան եւ, ըստ երեւույթին, հրաժարվել է վերադարձնել պարտքը, ինչը զայրացրել է նրան: Մեզ հետ զրույցում Գագիկի կինը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե մորաքույրը փոքր քերծվածքներ է ստացել եւ ոչ մի բողոք չունի. «Զենքն էլ օրինական է եղել: Ձեզ էլ ոչինչ չեմ կարող ասել, ամեն ինչ կհարթվի եւ լուծում կստանա»:

 

ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Դավիթ Անհաղթի պոլիկլինիկայի մի շարք աշխատակիցներ եւ դժգոհում էին, որ պոլիկլինիկայի տնօրինությունը չի վճարում իրենց հասանելիք աշխատավարձը: «Հունվար ամսվա աշխատավարձը պետք է ստանայինք փետրվարի 10-ին, բայց մեզ խաբում են եւ չեն վճարում: Տնօրինությանն ասում ենք՝ տվեք մեր գումարները, մեզ ասում են, թե վերեւներից չեն տվել մեզ, մենք էլ չենք կարող ձեզ տալ»,-ասացին աշխատակիցները։ Նրանց ունեցած տեղեկություններով՝ պոլիկլինիկան պարտքեր ունի եւ դա է պատճառը, որ չեն կարողանում վճարել աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Անհաղթի պոլիկլինիկայի ղեկավար Աննա Սիսոյանը, սակայն, ասաց, որ խնդիրը կարգավորված է եւ երկուշաբթի օրը բոլորը կստատան իրենց աշխատավարձերը: Տնօրենը չհերքեց, որ պարտքեր ունեն, սակայն վստահեցրեց, որ պարտքերը չեն վճարվում աշխատակիցների աշխատավարձերի հաշվին:
ԴԻՏՄԱՄԲ

ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները զայրացած են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատելաոճից: Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բնակիչների մեծ մասը դադարեցրել է ջերմատների շահագործումը: Իսկ մյուս մասը՝ կրկին անգամ բանկերից վարկ է վերցրել, որպեսզի մարի դեկտեմբեր, հունվար ամիսների սպառած գազի վարձը: «Բացի այդ, ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը դիտմամբ ուշ է ուղարկում: 15 օր անց են ներկայացնում քաղաքացուն, ու նկատում ենք, որ բացի սպառած գազի վարձի չափից պետք է վճարենք նաեւ գազի վարձը չվճարելու տույժը»,- զայրացած ներկայացրեց համայնքապետը: Նրա խոսքով՝ մեկ օր ուշացնելու դեպքում տույժի չափը կազմում է 0.1 տոկոս. «Օրինակ՝ սպառած 10 հազար խորանարդի դիմաց եթե 1 մլն 200 հազար դրամը ժամանակին չես վճարել, ապա 15 օր անց ոչ թե այդքան ես վճարելու, այլ 120 հազար դրամ ավելի»: Արդյունքում՝ մարդիկ ստիպված բանկերից վարկեր են վերցնում, մեծ պարտքեր կուտակում եւ շարունակում վնասով աշխատել:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 
«Ես չեմ կարծում, որ ինքը (Սերժ Սարգսյանը) ճիշտ «պռագնոզ» ա արել՝ 80%…»:

Աշոտ Աղաբաբյան 7օր
ՀՀԿ-ականների մոտ կարծես թե սկսում է սովորություն դառնալ Սերժ Սարգսյանի ասածները հերքելը: Վերջերս Արմեն Աշոտյանն էր Սերժ Սարգսյանի հանձնարարությունը որակել որպես քաղաքական հայտարարություն: Հիմա էլ ՀՀԿ-ական գործարար-պատգամավորը՝ Բուռնաշ մականունով, Ս. Սարգսյանի «պռագնոզը» սխալ է համարում: Իսկ «պռագնոզը» վերաբերում էր կուտակայինից դժգոհ մարդկանց քանակին, որը, ըստ ՀՀԿ առաջնորդի` 80% է կազմում, եւ, որքան էլ տարօրինակ է, մոտ է իրականությանը: Անհասկանալի է, թե ինչ պատճառներով է Աղաբաբյանը փաստացի սխալ հանում իր ղեկավարին, միթե այդքան խուճապի էր մատնվել հարցերից:

 

«Դրա համար ես որ մի շաբաթ առաջ ասացի՝ միացյալ հրապարակ, դա նշանակում է՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը պետք է լինեն: Բոլորը պետք է լինեն… ժողովուրդը հոգնել է խմբավորումներից…»:

Րաֆֆի Հովհաննիսյան ԳԱԼԱ
Ասենք թե բոլորը միավորվեցին, ինչը Հայաստանի դեպքում անհավատալի է, ի՞նչ է անելու այդ միավորված բազմության հետ «Ժառանգության» ղեկավարը, ո՞ւր է առաջնորդելու, դեպի Ծիծեռնակաբե՞րդ, ոստիկանապետի հետ աղոթելո՞ւ:Հերթական անգամ պաթետիկ ելույթ ունենալուց եւ ոգեւորիչ խոսքեր արտաբերելուց առաջ արդյոք Ր. Հովհաննիսյանը հիշե՞լ է, որ ժամանակին էլ էր նույն տիպի ելույթներ ունենում, սակայն արդյունքում՝ նույնիսկ իրեն հասած ձայներին չկարողացավ տեր կանգնել: Եթե մարդը նույնիսկ մեկ խմբավորում չկարողացավ առաջնորդել ինչպես հարկն է, ինչպե՞ս պետք է առաջնորդի խմբավորումների միավորմանը:

 

 

«Ինչո՞ւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից չեն թույլատրում մշակութային ծրագրեր իրականացնել»:

Էլինար Վարդանյան 168.am
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շատ ավելի կարեւոր հարցեր կան ուղղելու՝ մշակույթի ոլորտի հետ կապված, քան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ծրագրերը: Օրինակ՝ նույն մշակույթի նախարարի թեթեւ ձեռքով ներկայում փորձում են պղծել մեր ազգային արժեքներից՝ Գառնիի տաճարը, որի տարածքում ուզում են սննդի օբյեկտ կառուցել: Բայց դա ԲՀԿ-ական պատգամավորին կարծես թե այդքան էլ չի հետաքրքրում, նրա համար ավելի կարեւոր է իր «շեֆի» աչքին բարձր երեւալը, նաեւ, հավանաբար, Կենտրոն հ/ը-ի եթերում երեւալը, եւ այդ նպատակով օգտագործում է ԱԺ բարձր ամբիոնը՝ ծառուկյանական նպատակների համար:

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս