ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին սպասարկող BMW մակնիշի 001 ՕՕ 01 եւ նրան ուղեկցող Nissan մակնիշի 035 OO 01 եւ մեկ այլ՝ Nissan մակնիշի 036 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաների վարորդները Հալաբյան փողոցում կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները` չթույլատրելի հատավածով շրջադարձ կատարելով: Անհասկանալի է, թե ինչու է Գ. Սահակյանն իրեն արտոնյալ համարում:

 

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ սահմանամերձ գյուղի ուսանողների համար սահմանվել են մի շարք արտոնություններ: Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ եմ, տղաս այս տարի ընդունվել է Ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրս: Միակողմանի ծնողազուրկ է: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյո՞ք մենք կարող ենք օգտվել այդ արտոնություններից, եւ եթե՝ այո, ապա հնարավո՞ր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Նարինե Մկրտչյան (45 տարեկան, ավագ բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1. մասի` Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական կազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով իր միջոցների հաշվին, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով վարձի մասնակի փոխհատուցում:
Ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում է եւ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը` Դուք կարող եք սահմանված կարգով դիմել բուհի ղեկավարությանը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Տեղեկացնում ենք նաեւ, որ համապատասխան հանձնարարական է հղվել ՀՀ բուհերի ռեկտորներին, որի համաձայն ՀՀ Տավուշի եւ ՀՀ Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքների ՀՀ բուհերի 1-ին կուրսում սովորողների պարագայում, ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար նախատեսված ժամկետներում, այլ կարգավիճակի (օրենսդրությամբ չնախատեսված սոցիալական խմբերի սովորողների դեպքում) ուսանողների համար 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակում պետք է կիրառել ուսման տարեկան վարձի առնվազն 30%-ի չափով զեղչ, իսկ 1-ին կիսամյակում ուսման վարձի գանձումները կատարել ամսական կտրվածքով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանի խոսքերով՝ ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար այս տարի դիմել է մոտ 1500 ուսանող, սեպտեմբերից գործում է ուսման վարձի փոխհատուցում այն բոլոր ուսանողների համար, ովքեր ունեն երկու եւ ավելի երեխա: Նշեք նաեւ, որ դիմողների թվում շատ են սոցիալապես անապահով ուսանողները: Հուսանք, որ գոնե այսպիսի ծրագրերի միջոցով սոցիալապես անապահով ընտանիքների հոգսերը ինչ-որ չափով կթեթեւանան, թեեւ սա այն հիմնահարցերից է, որը կարիք ունի ոչ միայն հիմնադրամների, այլեւ պետության անմիջական աջակցության:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ` կարող է արդյո՞ք բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձն այդ բնակելի տարածությունում բնակեցնել իր ընտանիքի անդամներին:

Նարեկ Սահակյան (31 տարեկան, քաղաքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքը սեփականատիրոջ ընտանիքի անդամների համար ծագում է անկախ սեփականատիրոջ հետ պայմանագրի կնքումից եւ իրավունքի պետական գրանցումից: Սակայն ընտանիքում նոր չափահաս անդամ ավելանալիս՝ սեփականատերն իրավունք ունի ընտանիքի նոր անդամից պահանջել կնքել բնակելի տարածության անհատույց օգտագործման պայմանագիր, որով իրեն իրավունք կվերապահի նրա այդ իրավունքը միակողմանի անհատույց դադարեցնել ցանկացած ժամանակ: Եթե նման պայմանագիր է կնքվել, ապա այն տարածվում է նոր բնակեցված ընտանիքի անդամի հետ միաժամանակ բնակեցված կամ նրա բնակության ընթացքում ծնված երեխաների վրա, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:




Լրահոս