ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Լոռու մարզի մի շարք համայնքներում արդեն երկու ամիս է, ինչ գործատուները քաղաքացիների աշխատավարձերից պահում են պարտադիր կուտակային կենսաթոշակային 5% վճարները: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիների պատմելով, այդ վճարները պահելուց առաջ իրենց նախապես չեն զգուշացնում եւ չեն հարցնում: Մարզի բնակիչները, սակայն, վախենում են այդ մասին բարձրաձայնել, քանի որ կարող են կորցնել իրենց աշխատատեղերը եւ առկա համատարած գործազրկության պայմաններում այլ աշխատանք չգտնել:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին: Օրենքի դեմ դուրս եկան Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հարյուրավոր աշխատակիցներ, նրանց միացան նաեւ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի անձնակազմերն ու բազմաթիվ այլ քաղաքացիներ:
Հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Չնայած դրան` ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը եւ Կենտրոնական բանկը հանդես եկան գանձումները կատարելու պահանջով, ինչը շատերի կողմից, այդ թվում եւ` ՍԴ ներկայացուցչի, որակվեց որպես ՍԴ աշխատակարգային որոշման անթույլատրելի մեկնաբանություն: Դրանից հետո բազմաթիվ գործատուներ սկսեցին կատարել գանձումները, թեեւ դեռ կան ընկերություններ, որոնք չեն գանձել կուտակային 5% պարտադիր վճարը եւ սպասում են ՍԴ-ի՝ մարտի 28-ի որոշմանը:
Լոռու մարզի Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Կուտակային ֆոնդի հետ կապված անհրաժեշտ պահումներն արդեն փոխանցվել են: «Օրինապաշտ մարդիկ են: Օրենքը ոնց կասի, այնպես էլ իրենք կշարժվեն: Եթե օրենքը հետո չգործի էդ մարդկանց գումարները հետ կտանք իրենց: Դրա եղածն ի՞նչ է, որ»,- նշեց համայնքապետը:
Իսկ Կողես համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը վստահեցրեց, որ «օրենքի չեղյալ հայտարարվելուց հետո իր գրպանից կվճարի» աշխատակիցներից պահված գումարները: «Դե ոչ ոք էլ չի ցանկանում այդ համակարգից օգտվել: Ստիպված տալիս են: Գյուղամիջում կանգնած` բոլորն էլ դժգոհում են: Բայց դե ինչ անենք»,- ասաց համայնքապետը:
Տեղեկացնենք, որ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է մարտի 7-ին բողոքի ակցիա անցկացնել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: Ակցիայի մասնակիցներն այսկերպ պատրաստվում են իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնել Ֆինանսների նախարարության «ապօրինի գործողությունների կապակցությամբ»:
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով մարզերում տիրող իրավիճակին ասաց. «Որոշ դեպքերում մարդու իրավունքները ոտնահարվում են: Փաստորեն ստեղծել են իրավիճակ, երբ գործատուն ե՛ւ կարող է փոխանցել պահումը, որովհետեւ, ցավոք, օրենքի այդ կետը գործում է, ե՛ւ կարող է չփոխանցել, քանի որ այս դեպքում պատասխանատվության չի ենթարկվելու: Հիմա եթե մարդու իրավունքներն են գերակա շահ դիտարկում, ուրեմն պետք է մարդու իրավունքները հարգեն եւ հարցնեն` հարգելի աշխատակից, ինչպես ես ուզում, որ մենք վարվենք պահե՞նք, թե՞ ոչ: Բայց արի ու տես, որ գործատուներն այդպես չեն վարվում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ
Երեկ ամբողջ օրը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց լարված իրավիճակ էր: Հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ «Ոչ պատերազմին» կարգախոսով: Նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում Ղրիմի հետ կապված Ռուսաստանի գործողություններից: Նշենք, որ ոստիկանների թիվը կրկնակի շատ էր քաղաքացիների թվից: Ոստիկանները հրում էին քաղաքացիներին՝ վերջիններից պահանջելով անցնել դիմացի մայթ, քանի որ ակցիայի մասնակիցները խանգարում էին երթեւեկությանը: Բողոքի ցույցին մասնակցում էին Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, Կարո Եղնուկյանը եւ այլք: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 4 ակտիվիստներ ձերբակալվել են: Իսկ քաղաքացիների մի խումբ էլ եկել էր Ուկրաինայի դրոշով եւ ցուցապաստառներով: Նրանք վանկարկում էին «Պու-տին՝ ֆա-շիստ»:

Ն. Պ.

 




Լրահոս