ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրերս պաղպաղակ գնելու համար մոտեցա Արշակունյաց պողոտայում  գտնվող խանութներից մեկի պաղպաղակի սառնարաններին, բայց նկատեցի, որ «Գրանդ քենդի»-ի սառնարանի վրա  գնապիտակ չկա: Ինձ հետաքրքրեց, թե ինչու այն չկա, եւ վերոնշյալ ընկերության պաղպաղակներն ինչու են տարբեր խանութներում տարբեր գնով վաճառվում: «Գրանդ քենդի»-ն բոլոր խանութներին արդյո՞ք նույն գնով է տալիս իր տեսականին:

Բելլա Սահակյան, 28 տարեկան, թարգմանչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր ընկերությունը բոլոր խանութներին ու կրպակներին պաղպաղակը տալիս է նույն գնով: Վաճառողները, հնարավոր է, տասը կամ քսան դրամ տարբերությամբ վաճառեն, բայց դա մենք չենք վերահսկում: Ինչ վերաբերում է գնային պիտակներին, մենք ունենք արդեն նոր տեսականի եւ այդ պատճառով պատրաստում ենք նոր գնապիտակներ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կլինեն վաճառքի բոլոր կետերում:

««Գրանդ քենդի» հայ-կանադական
համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զարմանալի է, որ մեր ընթերցողը կենտրոնացել է հենց «Գրանդ քենդի» ընկերության վրա: Հավանաբար նա միայն այս ընկերության արտադրանքն է նախընտրում: «Գրանդ քենդի»-ն թերեւս այն միակ կազմակերպությունն է, որի արտադրանքը պարտադիր գնապիտակով է ներկայացվում: Կոնկրետ պաղպաղակների հետ կապված, փաստորեն, պարզաբանվեց, որ այս պահին գնապիտակները թարմացվում են, ու դրանք հավանաբար առաջիկայում կրկին կհայտնվեն իրենց տեղում:




Լրահոս