Սյունիք համայնքի բերքը վտանգավոր չէ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի ղեկավարը հերքում է այն լուրերը, թե իրենց վարելահողերից ստացված բերքը վնասակար է մարդկանց առողջության համար: Միեւնույն ժամանակ նա հաստատում է, որ գյուղացիները բերքի իրացման հարցում խնդիրների առաջ են կանգնում:

Այն հարցին, թե ինչո՞ւ են քաղաքային շուկայում գնորդները խուսափում Սյունիք համայնքի բանջարեղենը կամ կանաչին գնել, գյուղապետ Սամվել Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ երկու հոգի՝ Հենրիկ Ավագյանը եւ Արշավիր Խալափյանը, հայտարարություն են արել, թե մեր բանջարեղենը ջրվում է կեղտաջրերով: Արդյունքում՝ եղել են դեպքեր, երբ բնակիչն իր բերքը հետ է բերել: Սյունիք համայնքը զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ պատճառված վնասի համար գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան, եւ էս քանի օրն էդ հարցը լուծվելու է»,- պարզաբանեց Սյունիքի գյուղապետը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ գյուղացիները վարելահողերը ջրում են Ողջի գետի, իսկ մի մասն էլ՝ Գեղղի ջրով: «Մեր բանջարեղենը լիարժեք մաքուր է»,-վստահեցրեց համայնքի ղեկավարը` ընդգծելով, որ ինքը եւս զբաղվում է գյուղատնտեսությամբ: Սամվել Սարգսյանը հերքեց այն լուրերը, թե ստացված բերքում ծանր մետաղներ կան: Եվ որպես ապացույց հայտնեց, որ ինքը մայրաքաղաքից մասնագետներ է հրավիրել:

«Հանձնաժողովը հազար քառակուսի մետրում բանջարեղեն է դրել, ապա ուսումնասիրել: Արդյուքները գոհացուցիչ էին: Սյունիք համայքնի հողում ծանր մետաղների քանակությունը շատ ցածր տոկոս է կազմում»,-հայտարարեց գյուղապետը` ընդգծելով, որ գրանցված ցուցանիշներով մարդու առողջությանը վտանգ չի սպառնում:

Գյուղապետը վստահ է, որ իրենք դատարանում հաղթելու են, եւ ասեկոսեների արդյունքում համայնքին հասցված վնասն էլ փոխհատուցվելու է: Ի դեպ, գյուղապետի հավաստմամբ` խորհրդային տարիներից ի վեր Կապանի տարածաշրջանի բերքի քառասուն տոկոսը Սյունիք համայնքից էր ստացվում:

Հերմինե Միքայելյան

Կապան




Լրահոս