Այսօր Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարցի քննարկումը, որը պատգամավորների միջև բուռն բանավեճի պատճառ դարձավ:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ կոնկրետ առարկայական արտոնություններ տան սահմանամերձ համայնքների բնակիչներին:
«Ուզո՞ւմ եք սարքվի սահմանամերձ գոտին, պետք է կոնկրետ արտոնություն տաք: Տվե՛ք արտոնություն շահութահարկի գծով, ցանկացած շինարարություն ազատե՛ք հարկումից սահմանամերձ գոտում»,- առաջարկեց Հրանտ Բագրատյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համաձայնեց այդ առաջարկի հետ:
Սահմանամերձ շրջաններին հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված արձագանքեց նաև ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
«Օրինակˋ մի հարուստ հայ մարդ ապրում է Ռուսաստանում, լսելով այս օրենքի մասին, ուզում է Շամշադինում պահածոյի գործարան բացել, որն արժե 5 մլն դոլար, և երկու տարի սարքելուց հետո, պարզվում է, արտոնություն էլ գոյություն չունի՞: Նշեք արտոնության կոնկրետ ժամկետ, թե ինչքա՞ն է տևելու»,- ասաց Ալիկ Պետրոսյանը:
Ի պատասխանˋ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ այդ հայրենասեր գործարարին կառավարությունը հստակ ասում է՝ ազատված ես շահութահարկից և ավելացված արժեքի հարկից, որն ընդհանուր հարկերի 40 տոկոսն է կազմում: