Ամոթ կլինի, եթե էլի սխալվեմ. Լիլիթ Կարապետյան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

90-ականների սեքս-խորհրդանիշ Լիլիթ Կարապետյանը շոու-բիզնես վերադառնալով՝ իրեն ամբողջովին վերագտել է այդ դաշտում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է առանց հովանավորների աշխատելու բարդությունների, իր կարիերային եւ անձնական կյանքին առնչվող բացթողումների եւ այլ թեմաների շուրջ:

-Լիլի՛թ, «Ժամանակին» երգով նշանավորվեց Ձեր վերադարձը հայկական շոու-բիզնես, կարելի՞ է ասել, որ այդ կերպ փորձեցիք ապացուցել՝ 90-ականների սեքս-սիմվոլը չի խամրել:

-Այո՛, այդ հանգամանքի հետ կապը կար: Տեսահոլովակի պարը բեմադրելուց, զգեստն ընտրելուց հետո ամեն բան ինքնըստինքյան ստացվեց: Ի դեպ, ստացված արձագանքները գերազանցեցին մեր սպասելիքները:

-Հիմա, արդեն, հաջորդ տեսահոլովակի վրա եք աշխատում. փաստորեն, կարողացել եք վերագտնել Ձեզ այս դաշտում:

-Միանշանակ: Ճիշտ է՝ առանց հովանավորների, ակումբներում աշխատելուն, խնջույքներին երգելուն զուգահեռ ծանր է այդ աշխատանքի մեջ ներդրումներ անելը, բայց դա միշտ էլ ինձ հաջողվել է: Երբեք չի եղել, որ լռեմ՝ ֆինանսական խնդիրներից ելնելով: Եթե այս տեմպը պահվի, հետագայում էլ կկարողանամ հոգալ բոլոր հարցերը:

-Ակումբում աշխատելու միջոցո՞վ:

-Եթե կողքից օգնություն չունես, չես կարող ակումբում չաշխատել: Մարդիկ, ովքեր միշտ էկրաններին են, նման խնդիր չունեն, իսկ ես, որ երկար ժամանակ լռել եմ, չեմ կարող ինձ այդպիսի բան թույլ տալ:

lilit3

-Վերջին շրջանում Ձեր անվան շուրջ անընդմեջ ինտրիգային խոսակցություններ էին պտտվում. սկզբում խոսում էին գաղութում Ձեր «էրոտիկ» կատարումից, ապա՝ Ձեր լուսանկարի ներքո Աշոտ Աղաբաբյանի «սիրավառ» մեկնաբանությունից, կարծես արդեն սովոր եք նման քննարկումներին, այո՞:

-Եթե իմ մասին չխոսեին, ես կնեղվեի. ինչքան անհետաքրքիր, մոխրագույն, գորշ մարդ կլինեմ, որ իմ անվան շուրջ ոչինչ չշրջանառվի….Իմ ամբողջ կյանքում է այդպես եղել…

-Ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր անձի նկատմամբ անտարբեր չեն անգամ քաղաքական գործիչները…

-Այն, որ քաղաքական գործիչը սիրով հետեւում է երգարվեստի ներկայացուցչին, համարում եմ առավելություն նրա համար: Այդպիսի գործիչներ շատ կան, ովքեր հարազատ մարդիկ են, սրտացավ են, որոնց կարող եմ համարել իմ լավ ընկերը: Ի վերջո, 90-ականներից այս ասպարեզում եմ. պատկերացրեք՝ որքան ծանոթներ կարող եմ ունենալ:

-Գիտենք, որ կանանց գաղութից շատ երկրպագուներ ունեք, այդ մտերմությունն ինչպե՞ս ստեղծվեց:

-Մինչեւ իրենց մոտ համերգի մեկնարկը շփվելու ցանկություն հայտնեցին, ասացին, որ ես ժամանակին իրենց կուռքն եմ եղել, իմ երգերի ներքո են սիրահարվել: Մինչեւ հիմա նրանցից ձեռագործ զարդեր եմ նվեր ստանում: Երբեմն ցավում եմ, որ հոգեբանի մասնագիտություն չեմ ընտրել. իմ մեջ կա մարդկանց դժվար իրավիճակներից հանելու, մխիթարելու հատկությունը:

images

 

-Ձեր կյանքում քիչ չեն եղել դեպքերը, երբ անձնականը զոհել եք հանուն կարիերայի: Եթե կրկին նման ընտրության առջեւ կանգնեք, ինչպե՞ս կվարվեք:

-Արդեն ամոթ կլինի, եթե էլի սխալվեմ, այս տարիքում էլ գնամ-գամ, այնպիսի ընտրություն կատարեմ, որը կխոչընդոտի իմ կարիերային: Նախորդ դեպքերից դասեր ես քաղում…

-Գիտենք, որ ժամանակին շատ գրավիչ առաջարկներից եք հրաժարվել. ընդհուպ մինչեւ Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերի հետ 10 տարով պայմանագիր կնքելուց. հիմա չե՞ք փոշմանել:

-Աստիճանաբար ավելի եմ համոզվում, որ կյանքում մեծ բացթողումներ եմ ունեցել: Այդ որոշիչ պահերին ես մտածել եմ իմ հարազատների, մասնավորապես՝ մորս մասին, բայց դա սխալ էր. հետագայում նրանց ապագան է՛լ ավելի լավը կլիներ:

-Այդպիսի ճակատագրական բացթողումներ անձնական կյանքում է՞լ եք ունեցել:

-Վերջերս մտածում էի, որ կային կարեւոր խոսքեր, որոնք ժամանակին պետք է ինչ-որ մեկին ասվեին, նաեւ ասվել են խոսքեր մարդկանց, ովքեր արժանի չեն եղել դրանց:

-40-ի շեմին հայտնված գեղեցկուհի երգչուհին չի՞ վախենում միայնակ մնալուց:

-Իհարկե՝ ոչ. ես վստահում եմ իմ ուժերին (ծիծաղում է): Դեռ չեմ գտել իմ կեսին, բայց մի բառ ասացիք՝ գեղեցկուհի. ուրիշ բան որ չլինի՝ գեղեցկությունը պետք է, որ դեր խաղա (ծիծաղում է):

685-image-3

-Ձեր հնգամյա որդին ԱՄՆ քաղաքացի է. նրա ապագայի շուրջ ի՞նչ մտորումներ եք ունենում:

-Ինքս չեմ կողմնորոշվում՝ նրա ապագան որտեղ ավելի լավ կդասավորվի: Չեմ կարող ասել՝ Հայաստանը տարիներ անց ինչ կարգավիճակում կլինի, իր անելիքները թող որդիս որոշի: Ես ներքուստ զգում եմ, որ նա իմ ասպարեզն է ընտրելու, նրա մեջ համապատասխան հատկությունները կան: Ամեն դեպքում՝ միշտ նրան օգնելու եմ կայանալու իր ընտրած ոլորտում:

Աննա Բաբաջանյան

 

 




Լրահոս