ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԴ ՎՆԱՍ ՉԷ

ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը սկսել են իրար հետ շփվել հայտարարությունների լեզվով. իրենց մարտավարությունների մասին մեկը մյուսին տեղեկացնում են՝ հաղորդագրություններ եւ հայտարարություններ տարածելով:

Նախ՝ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ հրավիրեց եւ ավետեց, որ իր կուսակցականներն առաջիկայում զբաղված են լինելու իրենց կուսակցության գրասենյակներում «նոր համաժողովրդական շարժման» գրասենյակներ ստեղծելով: ԲՀԿ-ի հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէր հաջորդ հանրահավաքի մասին, տեքստի բովանդակությունից ելնելով՝ կարելի էր եզրակացնել, որ ԲՀԿ-ն միառժամանակ «պաուզա» է վերցնում, եւ որպեսզի անգործության մեջ չմեղադրեն, զբաղվելու է կուսակցության տարածքային գրասենյակները վերաբացելով` արդեն որպես «նոր համաժողովրդական շարժման» գրասենյակներ: Ի դեպ, ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստի մասին տեսանյութ տարածվեց, որն ամբողջությամբ նվիրված էր այդ կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գովքին:
ՀԱԿ-ն իր հերթին այս կիրակի հանդես եկավ հայտարարությամբ, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ-ին: Մասնավորապես ՀԱԿ կուսակցության հայտարարությունում ասվում է. «Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար: Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար: Նկատի ունենալով նշված հանգամանքները՝ Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը՝ ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»:
ԲՀԿ-ի պատասխանը չուշացավ: Այդ կուսակցության մամուլի խոսնակը ՀԱԿ-ի հայտարարության առնչությամբ բառացի ասել էր. «Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի եւ մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում ցանկացած վայրում եւ ցանկացած պահին»: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն արձանագրում է, որ խորհուրդների կարիք չունի եւ լավ գիտի, թե երբ եւ ինչ է պետք անել: Իսկ եթե ՀԱԿ-ում համոզված են, որ իրենք ավելի լավ են քաղաքականությունից հասկանում, ապա, ըստ ԲՀԿ-ի, նրանք ազատ են իրենց գործողություններում եւ կարող են ինքնուրույն իրենց առաջարկն իրագործել:
Ոչ իշխանական եռյակը իր գոյության այս մի քանի ամիսների ընթացքում մշտապես գործել է կուլիսային սկզբունքով: Ուստի հայտարարությունների եւ հաղորդագրությունների միջոցով տեսակետները մեկը մյուսին հաղորդելը, մեղմ ասած, լավ օրից չէ: Առավել եւս, որ այն կարող է գնահատվել որպես պառակտման առաջին նշան:
Սակայն կողմերը շատ լավ գիտեն, որ պառակտում չի կարող լինել: Պառակտում լինում է դաշնակիցների միջեւ, որոնք հանդես են գալիս հավասարի դիրքերից: Իսկ ոչ իշխանական եռյակը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, հավասարների, մոտավոր համարժեք միավորների դաշինք կամ համագործակցություն չես անվանի: Ոչ իշխանականների սկսած գործընթացում ի սկզբանե դոմինանտը կամ իրավիճակի տերը եղել է ԲՀԿ-ն, որքան էլ ՀԱԿ-ը ցանկացել է հավասարի դիրքերից հանդես գալ` հիմնականում ի հաշիվ իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կշռի: Սակայն հոկտեմբերի 24-ի հանրահավաքով ԲՀԿ-ն արձանագրեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ կարող է հանրահավաքում երկարաշունչ ելույթներ ունենալ, ծավալուն հարցազրույց տալ` գրավոր: Մինչ այդ ոչ իշխանական եռյակը կարելի էր բնորոշել՝ ՀԱԿ-ն` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, միտքն է, իսկ ԲՀԿ-ն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ուժը եւ իշխանափոխության ծրագիրն իրագործելու գործիքը: Վերջին երկու շաբաթվա իրադարձությունների արդյունքում Գագիկ Ծառուկյանը բոլորին, այդ թվում նաեւ իր հանրահավաքներում ելույթ ունեցող քաղաքական գործիչներին, հասկացնում է, որ պարահանդեսի ղեկավարն ինքն է, միտքն է՛լ է ինքը, ուժն է՛լ եւ մնացած ամեն ինչն է՛լ:
Այն, որ ԲՀԿ-ն աստիճանաբար ավելի անթաքույց պետք է սկսեր հանդե գալ որպես վերջին ներքաղաքական զարգացումների միանձնյա ղեկավար եւ խմբավար, կանխատեսելի էր, եւ այսօր արդեն իրողություն է: Իհարկե, ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները կփորձեն ձեւացնել, թե իբր բան էլ չի եղել, ամեն ինչ առաջվա պես է: Բայց բոլորը գիտեն, որ այդպես չէ: Իսկ ժամանակն աշխատում է միայն մեկ մարդու օգտին` Գագիկ Ծառուկյանի, որն առաջիկայում փորձելու է հաստատվել «ժողովրդի առաջնորդի» դիրքերում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳԱՌՆԻԿԻՉԻ ՄՈՏ
Կիրակի օրն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության վեցերորդ համագումարը: Միության նախագահ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ, ծագումով ապարանցի Սամվել Ալեքսանյանը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարվա համագումարի «ծաղիկը» եւս եղել է Աղվան Հովսեփյանը, բայց արդեն՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Նախորդ համագումարները նա ղեկավարում էր որպես ՀՀ գլխավոր դատախազ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավից համագումարին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (նա նիստի կեսից հեռացել է), ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, մարզպետեր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը՝ մարտունեցի, եւ այլ պաշտոնյաներ: Ի դեպ, Արմեն Աշոտյանը նաեւ ելույթով է հանդես եկել: Նա ասել է, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպություն անվանումը կարճ` հապավումով չի ներկայցնում, քանի որ այդ դեպքում կարող է ԲՀԿ ստացվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգեւատրվել են ոսկե մեդալներով:

 

ԿՈՉ ԱԱԾ-ԻՆ
Երեկ՝ նախքան ԱԺ քառօրյայի առաջին նիստի մեկնարկը, երբ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացնում էր օրակարգի նախագիծը, նրան հարց տալու համար գրանցվեց մեկ պատգամավոր` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ես զարմացած եմ, որ Վահրամ Բաղդասարյանը տեղեկություն ունի, թե ընդդիմադիր պատգամավորները ֆինանսավորվում են ալիեւյան նավթադոլարներով, իսկ ՀՀ ԱԱԾ-ն այդ մասին կա՛մ չգիտի, կա՛մ էլ հետաքրքրված չէ ԱԺ նախորդ քառօրյային արված նրա հայտարարությամբ»,- ասաց պատգամավորը: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պահանջեց նաեւ ընդդիմադիր պատգամավորների ելույթների ժամանակ խոսափողները չանջատել, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ քառօրյային՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ:

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ձկնամթերքը թանկացել է 1.2, իսկ մսամթերքը՝ տոկոսային կետով: Ի դեպ, բանջարեղենը եւ կարտոֆիլը նախորդ ամսվա համեմատ հոկտեմբերին թանկացել են 10,8 տոկոսային կետով:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԹԱՐ
Երեկ՝ 19։00-19։30-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհին «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի հետ բախման հետեւանքով հրդեհվել է Գյումրի – Երեւան երթուղայինը: Արդյունքում երթուղայինի յոթ ուղեւոր զոհվել է, մնացածը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Վթարված միկրոավտոբուսը պատկանում էր ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերությանը։

 

ԱՆԸՆԴՄԵՋ ԱՆԿՈՒՄ
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ԵՏՄ անդամ երկրներում առեւտրի ծավալները նվազել են 11 տոկոսով: Մասնավորապես Բելառուսի առեւտուրը Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ կրճատվել է 5.5 տոկոսով, Ռուսաստանի առեւտուրը միության անդամ մյուս երկու երկրների հետ նվազել է 11.9 տոկոսով, իսկ ամենամեծ անկումը գրանցվել է Ղազախստանում՝ 20.4 տոկոս։ Ի դեպ, անցած տարի էլ Մաքսային միության անդամ այս եռյակում առեւտրի ծավալների կրճատումը հասել էր 5 տոկոսի:

 

ՉՀԱՄՈԶՎԵՑԻՆ
Անդրադառնալով եռյակում տեղի ունեցող վերջին զարգացումներին` ռուս հայտնի վերլուծաբան Վադիմ Դուբնովն Առաջին լրատվականին ասել է. «Լիովին ընդունում եմ, որ Ծառուկյանը Մոսկվայում է եղել, եւ նրան խորհուրդ են տվել հեռու մնալ ոչ այնքան ՀԱԿ-ից, որքան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, քանի որ, կարծում եմ՝ պարոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա հռետորիկային, չհաջողվեց համոզել Մոսկվային, որ ինքը Մոսկվայի գործընկերն է»:

 

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԻ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾՈՎ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը որեւէ ողբերգություն չի տեսնում, եթե 2015թ. բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճը չլինի 4,1 տոկոս, այլ լինի օրինակ՝ 3,3։ Tert.am-ի հետ զրույցում նա իր տեսակետը բացատրել է նրանով, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նոր քաղաքականության՝ կտրուկ գործիքակազմի կիրառմամբ, ինչը որոշակի սպառնալիք կհանդիսանա բյուջեի կատարման համար, սակայն դրականը ոչ այնքան բյուջեի փաստացի կատարումն է, որքան նպաստավոր պայմանների ստեղծումը՝ 2016-2017թթ. ընթացքում ավելի մեծ բյուջե պլանավորելու եւ ավելի մեծ եկամուտներ ակնկալելու տեսանկյունից։

 

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ
«Պաշտոնական Ստեփանակերտը շատ կարեւոր իրադարձություն է համարում Կատալոնիայում անկախության հանրաքվե-հարցումը՝ չնայած իր իրավական կարգավիճակին, եւ փաստում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը նոր հաղթարշավ է սկսել երկրագնդի տարբեր ծայրերում»,- անդրադառնալով Կատալոնիայում անցկացված հանրաքվե-հարցմանը` երեկ հայտարարել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՆԱԽԱՆՁԵՑ
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որոշել է հետեւել Տիգրան Կարապետիչի օրինակին` հանդես գալով վերլուծաբանի դերում: Նա պատրաստվում է սեփական որդուն պատկանող հեռուստաալիքով յուրաքանչյուր կիրակի հանրությանը ներկայացնել իր վերլուծությունները: Նա նշել է, թե այդպիսով կօգնի հասարակությանը հասկանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ճշգրիտ պատկերը։

 




Լրահոս