ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՄՊՊՀ-Ն ԴԵՌ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՏՈՒԳԱՆԱԾ ԳՈՒՄԱՐԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ «Սեար գրուպ» ՍՊԸ-ի դատական վեճը մնում է դեռ չլուծված: «Սեար գրուպ» ընկերությունը դեռեւս 2011-ին Հայաստանի մանկապարտեզներին, ծերանոցներին կարագի փոխարեն մատակարարել էր սփրեդ: ՏՄՊՊ հանձնաժողովն այդ փաստը գնահատել էր որպես անբարեխիղճ մրցակցություն եւ ընկերությանը տուգանել մոտ 7 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՏՄՊՊՀ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով «Սեար գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նշված մոտ 7 մլն դրամը: Հայցադիմումի վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը «Սեար գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրել:

Վարչական դատարանը բավարարել էր ՏՄՊՊ հանձնաժողովի դիմումը եւ վճռել «Սեար գրուպ»-ից հօգուտ բետբյուջեի բռնագանձել մոտ 7 միլիոն դրամ: Ընկերությունը վարչական դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Արդյունքում ՏՄՊՊՀ-ի հայցի հիման վրա կայացված որոշումի կատարումը «Սեար գրուպ»-ից գումար բռնագանձելու մասին, կասեցվել է: Այնուհետեւ ընկերությունը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան, եւ այժմ գործը գտնվում է ՀՀ Վճռաբեկ դատարանում: Դեռեւս հայտնի չէ՝ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ:
Տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս 2012, 2013 թվականներին բացահայտել էր մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել էին կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել էին բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե՛ որակական եւ թե՛ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Նման օրինախախտում թույլ տալու մեջ մեղադրվում էին «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար գրուպ» ընկերությունները:
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ էր դարձել, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1.000-1.600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը եղել է 2 անգամ ավելի թանկ:
Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը՝ տնտեսվարողները նշել էին, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից, առանց փաստաթղթերի: Այնուհետեւ հանձնաժողովը տնտեսվարողներից պահանջել էր ներկայացնել ձեռքբերված ապրանքների համապատասխանության սերտիֆիկատները, որպեսզի ի վերջո պարզի, թե մատակարարներն իրականում ինչ ապրանք են գնել եւ վաճառել: Արդյունքում պարզվել էր, որ տնտեսվարողները հիմնականում ներկայացնում էին միեւնույն սերտիֆիկատները:
Ի դեպ, նշված ընկերություններն արդեն հասցրել են մի քանի անգամ հայտնվել ոչ միայն ՏՄՊՊՀ-ի, այլեւ վերահսկիչ պալատի տեսադաշտում: Երբ ՏՄՊՊՀ-ն 2012-ին բացահայտեց այս ընկերությունների կողմից թույլ տված խախտումները, դրանց նկատմամբ կիրառեց օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափը՝ տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով: Իսկ ահա 2013-ին հանձնաժողովը երեք ընկերություններին կրկին տուգանեց, յուրաքանչյուրին՝ 45 մլն դրամի չափով:
Սակայն ՏՄՊՊՀ-ի այս ուսումնասիրությանը հաջորդեցին վերահսկիչ պալատի աղմկոտ բացահայտումները. օրինախախտները նորից նույն երեք ընկերություններն էին: Արդեն մի քանի անգամ է, ինչ այս ընկերությունները հայտնվում են նման աղմկոտ պատմությունների մեջ: Սակայն ոլորտի պատասխանատուները բավարարվում են միայն նրանց տուգանելով, որն էլ երբեմն ընկերությունները խորամանկորեն չեն վճարում: Եւ այս անգամ էլ «Սեար գրուպ»-ն է հրաժարվում վճարել հանձնաժողովի կողմից դեռեւս 2012-ի նշանակված տուգանքը՝ յոթ մլն դրամ:
Նշենք, որ «Սեար գրուպ»-ը խոշոր ընկերություն է եւ տասնյակ ոլորտներում մասնակցել է պետգնումների մրցույթներին եւ հաղթող ճանաչվել: Պետգնումների մատակարարումների արդյունքում «Սեար գրուպ»-ը բազմիցս մեղադրվել է օրինախախտումներ թույլ տալու մեջ: Ի դեպ, այս ընկերությունը գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«Սեար գրուպ»-ի հիմնադիրը Յուրա Ադյանն է, որը, մեր տեղեկություններով, ծնունդով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք նրանից մեկնաբանություններ ստանալ, սակայն ապարդյուն. նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ՄԱՐԶԵՐ

ԿԱԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՉԿԱ
Մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տարբեր ծրագրերով գործարկվեցին կաթի ընդունման կետեր: 2010թ. սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ստեղծվեց «Վարդաշեն» կաթի սպառողական կոոպերատիվը: Սակայն այն գործեց ընդամենը 15 օր եւ փակվեց, որովհետեւ գյուղացիները չէին ցանկանում էժան գնով կաթ հանձնել: Տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ կաթի ընդունման կետեր են ստեղծվել Բերդի տարածաշրջանի Նավուր, Վարագավան, Տավուշ, Նորաշեն գյուղերում, սակայն դրանք եւս փակվել են: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Տավուշի մարզում անասնապահությունը զարգացնելու համար, նա նաեւ նշեց, թե անասունների գլխաքանակն աճել է: Հեռագնա արոտների կառավարման ծրագրով Տավուշի մարզի սարերի արոտավայրեր տանող ճանապարհները նորոգվել են, կառուցվել են անասունների խմելու ջրի ավազաններ, արոտավայրերը ջրարբիացվել են: Մարզպետը նշեց, որ Տավուշում դեռեւս կաթնամթերքի շուկան ձեւավորված չէ: Կաթ ընդունող եւ վերամշակող մասնավոր ընկերությունների առաջարկած ընդունման գինը գյուղացիներին ձեռնտու չէ: Այս տարվա ամռանը «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամն Իջեւանի սարերում կաթի սառնարաններ է տեղադրել եւ գյուղացիներից լիտրը 150 դրամով կաթ ընդունել: «ՀիմաՏավուշը» նախատեսում է Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում կաթի ընդունման կետ բացել: Իսկ սահմանամերձ Բերդի տարածաշրջանում ընդհանրապես կաթի ընդունում չի կատարվում:

 

ԹՈՒՖԵՆԿՅԱՆԻՑ ԿՎԵՐՑՆԵՆ
Դիլիջան քաղաքի կենտրոնում 6 տարի առաջ Ջեյմս Թուֆենկյանի կողմից սկսվել եւ այդպես էլ կիսատ է մնացել բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար: Նա 2008 թվականին նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը, սակայն հյուրատան շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղյա ամրաձողերը դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են: Բացի այդ` հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Նշենք, որ մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք իրականություն չեն դարձել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ քննարկել է այդ խնդիրը եւ այն ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մարզպետն ասաց, որ «Թուֆենկյան» ընկերությունը խոստացել է կիսակառույցի շինարարությունն առաջիկայում ավարտել: Հակառակ դեպքում Դիլիջանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի այդ տարածքի նկատմամբ «Թուֆենկյան» ընկերության ունեցած իրավունքները չեղյալ դարձնելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս