ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՐԱՖՖԻՆ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԳՆՈՒՄ Է ԱՂՈԹԵԼՈՒ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ կարող է անհարմար վիճակի մեջ հայտնվել: Նա երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ իշխանական եռյակի մյուս երկու գործընկերներին, կարելի է ասել, վերջնագիր է ներկայացրել: Նա հայտարարել է, որ իրենց շարժման առաջ գնալու համար անհրաժեշտ է, որ ստորագրվի փաստաթուղթ` «Համաժողովրդական շարժման հռչակագիր»: Նա հրապարակել է «Հռչակագրի» նախագծի իր տարբերակը, որում մասնավորապես ասվում է.

«Մենք, ի կատար հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացիների կամքի, հայտարարում ենք համաժողովրդական շարժման ստեղծման մասին: Շարժման հիմնական նպատակն ազատ, անկախ եւ սահմանադրական Հանրապետության հաստատումն է: Դրան հասնելու հիմնական միջոցն է անհապաղ, ամբողջական եւ համակարգային իշխանափոխությունը՝ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրամայականով, որի միակ թիրախը ժողովրդին եւ քաղաքացուն պատկանող հաշվետու, իրավակարգ իշխանության ձեւավորումն է:
Այս ուղղությամբ շարժումը պատրաստ է դիմելու սահմանադրական բոլոր եղանակներին՝ մասնավորապես Հայաստանի ամբողջ տարածքով մեկ գործարկելով կենտրոնակայաններ (շտաբներ) ու զորակցման օղակներ, հաստատելով համապետական նշանակության քաղաքական խորհուրդ եւ հարակից այլ մարմիններ:
Շարժմանը վերաբերող բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես մեր միակարծության (consensus-ի) հիման վրա: Շարժումը բաց է յուրաքանչյուր հայի ու հայաստանցու առջեւ:
Ուստի հանուն Հայրենիքի, մեր ժողովրդի եւ նրա ապագայի մենք ստորագրում ենք սույն հռչակագիրը մայրաքաղաք Երեւանում, 2014 թվականի նոյեմբերի …-ին»:
Նախագծի վերջում, իբրեւ հետգրություն, մի տեքստ է գրված, որի առաջին մասի իմաստը նույնիսկ Հովհաննիսյանի կուսակիցները մասնավոր զրույցներում չեն կարողանում բացատրել. «Հ.Գ.՝ եւ ոչ միայն: Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միեւնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» զգետնվեն, որ վերջապես հասկանաք՝ ՁԵՐ եւ ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջեւ»,- գրել է Հովհաննիսյանը, իսկ թե ինչ է ուզեցել ասել այս խոսքերով, մեր համար եւս այդքան էլ հասկանալի չէ. գուցե հեղինա՞կն իմանա: Հետգրության երկրորդ մասում Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ պնդել է, որ անհրաժեշտ է՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Ինչեւէ, նկատենք, որ նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ «Ժառանգության» առաջնորդը փաստացի սահմանափակել է ոչ իշխանական եռյակի` միասին առաջ գնալու հնարավորությունները: Իհարկե, Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե ինչ տեղի կունենա, եթե ոչ իշխանական եռյակի մյուս երկու գործընկերները կամ նրանցից մեկը հրաժարվի իր մատնանշած կամ դրան համարժեք որեւէ այլ փաստաթուղթ ստորագրելուց: Սա այն դեպքում, երբ փաստաթղթի ստորագրումը «Ժառանգության» առաջնորդի համար «առաջ շարժվելու» ուղին է: Արդյո՞ք ոչ իշխանական եռյակի մյուս երկու կուսակցությունները կցանկանան փաստաթղթով ամրագրել իրենց քաղաքական նպատակներն ու պարտականությունները: Իհարկե, ՀԱԿ-ի դեպքում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ անհրաժեշտության դեպքում այս կուսակցությունը կարող է հռչակագրի իր տարբերակը ներկայացնել:
ԲՀԿ-ի դեպքում փաստաթղթով նպատակների, այն էլ կոնկրետ արձանագրելու տարբերակը եւ դրանց արտահերթ ընտրություններով հասնելու հեռանկարը, մեղմ ասած, ֆանտազիայի ժանրից է: ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Հայաստանում փոփոխություններ են հարկավոր, բայց նա երբեք չի ասել, որ դրանք պետք է լինեն արտահերթ նախագահական եւ ԱԺ ընտրությունների միջոցով, ինչպես ցանկանում է արձանագրել Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ինչպես պատկերացնում են ՀԱԿ-ում: Ծառուկյանը երբեք չի ասել, որ Հայաստանում սահմանադրական կարգը խախտված է, եւ այն անհրաժեշտ է վերականգնել:
Եթե ԲՀԿ առաջնորդի խոսքն ուշադիր լսենք, գրավոր հարցազրույցները կարդանք, կտեսնեք, որ նրա նպատակը ներկայից ավելի ազատ տնտեսական պայմաններ ստեղծելն է, որպեսզի կրպակատերերը եւ մնացած փոքր գործարարները շնչահեղձ չլինեն: Նա հայտարարել է, որ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը պետք է կոտրվի, բայց երբեք չի ասել, որ այդ կուսակցությունն իշխանությունից պետք է հեռանա: Այլ կերպ ասած՝ նա իշխանություններից մաս է ուզել, բայց ոչ թե փոքր մասը, որը միշտ նրան առաջարկվել է, այլ մեծ մասը` իշխանության «հսկիչ փաթեթը»:
Այսինքն՝ առավել հավանական է, որ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրվի ոչ իշխանական եռյակի իր գործընկերներին փակուղու առաջ կանգնեցնելու եւ իրենց ժողովրդական շարժումը քանդելու մեջ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԶԵՆՔԸ ՉԵՆՔ ԴՐԵԼ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանն անպայման պետք է հակահարված տա նախօրեին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի հետ կապված դեպքին: «Եթե ասում են, որ սահմանը հատել է… պիտի չխփեին, ու էստեղ կարող է թյուրիմացություն լինի, զինվորը սխալ գործած լինի: Իսկ պատասխանի առումով էլ ասեմ՝ մեր բանակն այն վիճակում է, որ ցանկացած ժամանակ էլ կարող է հզոր պատասխան տալ: Պետք է շատ զգույշ լինել, սենց ասեմ՝ պատասխան տալ անպայման պետք է»,-հայտարարեց ՀՀԿ-ական գնդապետ պատգամավորը: Ա. Մովսիսյանի կարծիքով Հայաստանը գիտակցում է, որ ամեն պահի նման բան կարող է լինել. «Մենք երբ ենք զենքը վայր դրել, որ հիմա էլ պետք է զենք վերցնենք, որտեղ կտրի կապը… եթե պետք է պատերազմ, ուրեմն պետք է, իսկ մենք պատրաստ ենք»:

 

ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից պարզել, թե ինչպես է եռյակի առաջնորդներից մեկը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հանդիպում ունենում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ այն դեպքում, երբ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իրենց շարժման հետ Ա. Բաղդասարյանը որեւէ կապ չունի: Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք այդ հանդիպման մասին որեւէ տեղեկություն չունեն. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր վերաբերմունքն արդեն հանրահավաքի ժամանակ արտահայտել է, ոչինչ ավելացնել չեմ կարող»: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Գ. Ծառուկյանն առանց եռյակի հետ համաձայնեցնելու նման հանդիպումներ ունենում, պատգամավորն ասաց. «Թե նա ում հետ կհանդիպի, դա ինչ կապ ունի, հիմա ես չեմ կարո՞ղ ինչ-որ հանդիպում ունենալ, այսինքն՝ յուրաքանչյուր կուսակցություն անկախ է՝ առանձին ինչ-որ բան անի, իսկ եթե դուք խոսում եք միասնական մոտեցումների մասին, ապա դրանք մենք քննարկում ենք, ու դա եռյակի խնդիրն է, իսկ ձեր ասած խնդրում եռյակը չկա»:

 

ԾԱՂԻԿՆԵՐՈՎ
ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն «Ամստեր ֆլաուերս» ընկերության հետ պայմանագիր է կնքել սենյակային բույսեր ձեռք բերելու համար: Ըստ պաշտոնական տեղեկության՝ այս բույսերի համար պետական բյուջեից հատկացվել է 284 հազար դրամ: 2014-ի հոկտեմբերի 21-ին ընկերությունն իրականացրել է ծաղիկների մատակարարումը:

 

ՉԻ ԱԶԴԵԼ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ ուղղաթիռի խոցման միջադեպը որեւէ կերպ չի ազդել «Միասնություն-2014» զորավարժությունների ընթացքի վրա, եւ այն շարունակվելու է: «Դրա վառ ապացույցը լրագրողների ներկայությունն է ԼՂՀ-ում»,-ընդգծել է Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր Աղդամում կկայանա զորավաժությունների փակումը, որին ներկա կլինեն ՀՀ եւ ԼՂՀ նախագահները:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՐԱԿԻ ՏԱԿ
«Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որեւէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռեւս չի հաջողվում, քանի որ Ադրբեջանական կողմն ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում»,-«Ազատությանն» ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Նշենք, որ ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Արցախի պաշտպանության բանակն արդեն դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների, որպեսզի նրանց աջակցությամբ կարողանան մոտենալ տարածքին:

 

ԻՐԵՆՔ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ
Երեկ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը եւս մեկ անգամ ապացուցել է, որ հայկական խոցված ուղղաթիռը չի խախտել ադրբեջանական սահմանը եւ որեւէ գրոհ չի իրականացրել, ինչի մասին նախօրեին սուտ տեղեկություններ էր տարածել ադրբեջանական քարոզչամեքենան:
 

ՄՏԱՀՈԳՎԵԼ Է
ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյեր Բուրքհալտերն իր խորը մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ չորեքշաբթի ադրբեջանցի զինվորականներն ուղղաթիռ են կործանել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծից ոչ հեռու: ԵԱՀԿ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության իրականացումն այս տարի հանգեցրել է զոհերի աննախադեպ թվի:

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԿՈՉ
«Ելիսեյան պալատում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ կայացած հանդիպումից երկու շաբաթ անց դրսեւորված այս ագրեսիան հարված է հասցնում նաեւ Ֆրասիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից առաջարկված եւ 2011թ. Դովիլում ամենաբարձր մակարդակում հաստատված երեք սկզբունքների հիման վրա բոլորեքյան խաղաղության ձեռքբերմանն ուղղված ջանքերին: Այդ ագրեսիան դրանցից առաջինի՝ ուժի չկիրառման ակնհայտ խախտում է: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի իշխանություններին խնդրում է իրավիճակի դիվանագիտական եզրահանգումներ կատարել եւ վճռականորեն դատապարտել միակողմանի, հանցավոր եւ անպատասխանատու գրոհը»,-ասված է Խորհրդի` երեկ տարածած հայտարարության մեջ:

 

ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ադրբեջանի հանցավոր եւ արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլեւ ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարհանքը»:

 

ԿՄԻՋՆՈՐԴԵՆ
ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդելու կործանված ուղղաթիռի օդաչուների ճակատագրերի պարզաբանման հարցում: Այդ մասին հայտնել է ԼՂՀ-ում ԿԽՄԿ-ի առաքելությունը. «ԿԽՄԿ-ն պատրաստ է կատարել չեզոք միջնորդի դեր, նպաստել խոցված ուղղաթիռի օդաչուների ճակատագրերի պարզաբանմանը եւ համապատասխան ծառայություններ մատուցել»,-հայտարարել են ԿԽՄԿ-ի առաքելությունից:

 




Լրահոս