«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվոր Արթուր Նահապետյանը, որը նոյեմբերի 17-ին եռակցման աշխատանքների ժամանակ ընկել էր պոչամբարի մեջ եւ մահացել, միակ զոհը չէ: Երեկ Քաջարանի բնակիչներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նման դեպքեր այստեղ էլի են պատահել: Մի անգամ նույնիսկ երեխա է ընկել մոտ 2 կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվելով մահաբեր քիմիկատների «գետում», որից փրկություն չկա: Արթուր Նահապետյանի մասին Քաջարանում պատմում են, որ նա կապանցի էր, ապրում էր հոր եւ մոր հետ: Նոյեմբերի 17-ին նա աշխատելիս է եղել պոչամբարի խողովակաշարին կանգնած: Քաջարանում պատմում են նաեւ, որ երիտասարդն ընկել է ոչ թե սայթաքելու, ինչպես հաղորդվել է, այլ անվտանգության կանոնները չպահպանելու եւ աշխատելու ժամանակ պոչամբարի խողովակաշարի վերին կափարիչի վրա կանգնած լինելու պատճառով, որը կոտրվել է: Կոմբինատի ղեկավարությունը ցավակցել է եւ դրամական օգնություն ցուցաբերել զոհվածի ընտանիքին: Իսկ տղայի դին պոչամբարից դուրս են բերել ԱԻՆ փրկարարները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: