ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԽԵՂԴԱՄԱՀ ԱՆԵԼՈՒ ՓՈՐՁԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մարտի 9-ին տեղի ունեցած դեպքին, երբ 39-ամյա Անուշն իբր ցանկացել էր խեղդամահ անել իր երեխային: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ այս դեպքը Անուշն իր երեխաներից մեկի մահվան դեպքով նույնիսկ դատապարտվել է:

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ երեք երեխաների մայր Անուշը ցանկացել է իր նորածին որդուն ապօրինաբար զրկել կյանքից՝ նրան դիտավորյալ թողնելով տան զուգարանակոնքի մեջ: Սակայն նրա եղբոր կինը՝ Արմինեն, կարողացել էր ժամանակին հասնել դեպքի վայր եւ կանխել հանցագործությունը:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Անուշը նորածնի հետ տեղափոխվել էր «Սպիտակ» բժշկական կենտրոն: Իսկ ահա Անուշի եղբոր կինը՝ Արմինեն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել էր, թե իր ամուսնու քույրը չի ցանկացել նման բան անել:
Պարզեցինք, որ մայրն ու որդին երեկ կեսօրին հիվանդանոցից դուրս են գրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նորածնի անունը Նարեկ է:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի մանրամասները պարզել անձամբ Անուշից՝ երեխայի մորից, ով ասաց, որ ինքը չի ցանկացել իր երեխային սպանել, ամեն ինչ պատահական է եղել:
«Ցավեր ունեի, գնացի զուգարան ու այդ պահին ցավերս ավելի ուժգնացան: ժամանակից շատ շուտ սկսվեց ծննդաբերման պրոցեսը ու երեխան սկսեց ծնվել: Արդեն ուզում էր ընկնել զուգարանի մեջ, բայց հասցրեցի բռնել բկից ու փրկել: Այդ ողջ ընթացքում մենակ էի: Օգնություն կանչեցի, եկավ եղբորս կինը ու շտապ հասցրեցին մեզ հիվանդանոց: Սա իմ երրորդ երեխան է ու ամեն ինչ կարգին է: Այն, ինչ գրում են, թե իբր ցանկացել եմ սպանել երեխայիս, նման բան չկա: Ո՞նց կարող էի ես իմ երեխային սպանել: Երեխայիս վրա կապտուկ անգամ չկա, ինձ էլ հիվանդանոցում ասեցին, թե լավ եք արել, որ ժամանակին հասել եք, թե չէ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել»:
Անուշից տեղեկացանք, որ իր ամուսինն արդեն 1,5 տարին է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է: Ավելին, ըստ նրա՝ կատարվածի մասին ամուսնուն տեղյակ չի պահել. «Դե կգա կիմանա, ի՞նչ ասենք: Ի՞նչ ասելու բան ա»:
Անուշի խոսքով` ինքն այս տարվա հունվարի 3-ից հյուրընկալվել է իր եղբոր տուն ու ապրում է այնտեղ: «Նոր տարի եկա շնորհավորեցի ու մնացի, իսկ 17-ամյա դուստրս մնացել է Դիլիջանում»:
Ինչեւէ, Անուշը երկար խոսել չցանկացավ` նշելով, թե թույլ է զգում իրեն, իսկ նրա եղբոր կինը՝ Արմինեն, դարձյալ տարակուսանք հայտնեց, թե ով կարող էր Անուշի փոխարեն ցուցմունք գրել. «Մենք կարող ենք ապացուցել, որ նա գրել-կարդալ չգիտի, ով է արել, դեռ հայտնի չէ »:
«ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ դեպքի օրը Անուշին առաջինն օգնություն ցուցաբերած Սպիտակի հիվանդանոցի մանկաբարձուհի Լուսյա Կարապետյանի հետ: Ըստ նրա` երբ իրենք հասել են դեպքի վայր երեխան արդեն բարուրված է եղել. «Ճիշտ է, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց, մենք զանգահարեցինք ոստիկանություն, քանի որ օրենքն է դա պարտադրում: Անուշն առանց փաստաթղթի էր եկել եւ հավաստի տվյալներ չէր տալիս իր ծննդաբերության մասին, ու մենք պարզապես պարտավոր էինք այդ մասին հաղորդել ոստիկանությանը»:
Մանկաբարձուհին պատմեց, թե երբ Անուշից հետաքրքրվել են, թե իր մոտ որերորդ ծննդաբերությունն է, նա ստել է` ասելով, թե երկրորդ. «Բայց հետո մենք պարզեցինք, որ այս նոր ծնված երեխան Անուշի երրորդ երեխան է: Լսել ենք, որ Անուշը երկրորդ երեխան է ունեցել, որը մահացել է եւ ինչ- ինչ պատճառներով Անուշը նույնիսկ երկրորդ երեխայի մահվան համար դատապարտվել է ազատազրկման»:
Չնայած Անուշը եւ իր եղբոր կինը` Արմինեն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գաղտնի պահեցին տարիներ առաջ մահացած երեխայի դեպքը, որի պատճառով Անուշը դատապարտվել է ազատազրկման, այնուամենայնիվ Արմինեից փորձեցինք պարզել՝ ի՞նչ է եղել անցյալում, ինչո՞ւ է դատապարտվել: «Անցյալը մնացել է անցյալ: Անուշի ամուսինը շանտաժի էր ենթարկել նրան: Անուշն ու իր ամուսինն այդ երեխայի մահվան համար դատապարտվել են: Մահացած երեխան հիվանդ երեխա էր ու մենք էլ չենք ուզում հիշել անցյալը եւ ապրում ենք ներկայով»,-եզրափակեց նորածնի եղբոր կինը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԳՆԱ՞, ԹԵ՞ ՈՉ
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ Ժամը 13.00-ին, Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո), ով հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Երեկ «Ժողովուրդ»-ը Վարդան Ղուկասյանի կնոջից՝ Նոնա Ղուկասյանից, փորձեց հետաքրքրվել, թե իր ամուսինն արդյոք գնալու է դատարան. «Մի հատ տեսնենք դատական նիստ լինելո՞ւ է, թե ոչ: Եվ հետո, չեմ կարող ասել գնալու է, թե ոչ: Իրենք այնպիսի տղամարդիկ են, որ չեն ասում՝ ուր են գնում կամ ինչ են անում: Այնպես որ, ոչինչ չեմ կարող ասել»: Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ դատական նիստին ներկա չի լինելու տուժող Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ): Տեղեկություններ կան, որ վերջինս պատրաստվում է մեկնել Գերմանիա եւ չի կարող ներկայանալ դատական նիստին:

 

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մարտի 12-ին լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մալաթիա վարչական շրջանում: Պոլիկլինիկայի տարածքում բնակվող մարդիկ «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության անունով մի ավտոմեքենայի միջից, հավանաբար աշխատակիցներ, իջել են մեքենայից եւ սկսել մի քաղաքացու հետ զրուցել, իսկ ավելի ուշ զրույցը վերածվել է ծեծի: «Ինգո Արմենիա»-ի աշխատակիցները բռունցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել քաղաքացուն:
Ի՞նչ է տեղի ունեցել: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Սակայն միայն տեղեկացանք, որ դեպքի առիթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 

ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ
Դեռեւս 2013թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան Լիա Միսակյանի ծնողներն ու հարազատները մեղադրում են հիվանդանոցի բուժանձնակազմին՝ տնօրինության գլխավորությամբ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հիվանդանոցի սեփականատեր Արա Բաբլոյանից պարզել, թե ինչ է մտածում այդ հարցի շուրջ: «Ես այնտեղ միայն գիտական գործունեությամբ եմ զբաղված, բայց, այո, մեկ տարի առաջ մենք ունեցանք կորուստ՝ փոքր երեխայի, ու մինչեւ այժմ անընդհատ քննարկումներ են գնում: Ես որպես մասնագետ, ով 40 տարի նվիրվել է իր գործին, շատ մտագոհված եմ այդ կորստով: Բայց մենք պետք է ճիշտ դիտարկենք հարցերը ու չպետք է միանգամից մեղադրել բժիշկներին: Ճիշտ է, այդ երեխային երբ ընդունել են, ծանր վիճակում չի եղել, բայց երեխայի վիճակը կտրուկ վատացել է, որ նույնիսկ չեն հասցրել միջոցառումներ իրականացնել: Այժմ չեմ ցանկանում որեւէ բան ասել, քանի որ դատ է ընթանում: Բայց այդպես միանգամից բժիշկներին մեղադրելը կարծում եմ ճիշտ չէ»,-վստահեցրեց պատգամավորը:

 

 

 

ԲԼԹ

«70-ից ավելի կուսակցություններից պետք է մնան նրանք, որոնք մասնակցում են քաղաքական բոլոր գործընթացներին, այլապես նրանց գոյությունն անհասկանալի է»:

Արթուր Բաղդասարյան «Թվիթեր»

Եթե անդրադառնանք մնալու ոչ ենթակա կուսակցություններին, ապա դրանց ցանկում առաջին հորիզոնականը պետք է զբաղեցնի ՕԵԿ-ը: Ինչո՞ւ, բացատրենք: Ընդ որում` փաստերով: Նախորդ շաբաթ ամփոփվեց, որ ՀՀ-ում 4 տասնյակից ավելի համայնքներում տեղի ունեցան ընտրություններ, եւ ահա ՕԵԿ-ը ցուցաբերեց անասելի պասիվություն: Առաջադրել էր ընդամենը 1 թեկնածու Վայոց ձորի մարզում, որն էլ պարտվեց: Այսքանից հետո Արթուր Բաղդասարյանն ի՞նչ հույսով է խոսում կուսակցությունների՝ մնալ-չմնալու մասին: Չէ՞ որ առաջին չմնալու շանսերն ունի հենց ՕԵԿ-ը, որից մարդիկ հիասթափվել են:

 

 
«Մեզ համար կարեւոր էր, որպեսզի «Արարատցեմենտ»-ում 1500 մարդ աշխատեր, եւ նրանք աշխատելու են: Մի փոքր ուշացել էր սարքերի ներկրումը…»:

Գագիկ Բեգլարյան News.am

ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ սիրային եռանկյունուն նվիրված «հեռուստասերիալը», փաստորեն, շարունակում է իր եթերաշրջանը, եւ հաջորդ սերիան արդեն խանդի դրսեւորումների մասին կարող է լինել: Հավանաբար Ծառուկյանի կողմից կազմակերպվող կոնսուլտացիաներն են, որ խանդի առիթ տվեցին իշխանություններին, եւ վերջիններս միանգամից հիշեցին նրան պատկանող «Արարատցեմենտ» գործարանի մասին: Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ միանգամից հանձն առավ մեկ զանգով լուծել այն բոլոր հարցերը, որոնք չի կարողացել Գագիկ Ծառուկյանը: Այսպիսով՝ գագիկների պատերազմում դեռ մկանները պարտվում են:

 

 

«… Այդ կուսակցությունը հասկացել է, որ պետականության շահերն ավելի բարձր են դասվում, քան անձնական շահերը… Ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ ՕԵԿ-ի դեպքում քաղաքական դավաճանության տարրեր չեմ տեսնում»:

Մկրտիչ Մինասյան Tert.am

Կրկին խոսում են մեծերը եւ մեզ փոխանցում «մեծական» ճշմարտությունը` մոռանալով, սակայն, որ խոսքը գնում է ընդամենը վերջին մի քանի տարվա դեպքերի մասին, ուստի մեր տարիքն էլ մեզ թույլ է տալիս հիշելու ոչ միայն այդ դեպքերի մանրամասները, այլեւ հասարակության գնահատականները եւ վերաբերմունքը դրանց: Հատկապես ՕԵԿ-ին քաղաքական դավաճանի պիտակը վաղուց է արդեն կպած, եւ դա արել է ինքը՝ հասարակությունը: ԲՀԿ-ն էլ բռնել է ՕԵԿ-ացման ճանապարհը. մե՛կ ընդդիմություն է, մե՛կ Սերժ Սարգսյանի կենացն է խմում Ծառուկյանը: Այսպիսով, երբեմն մեծերն էլ են սխալվում: Ի՞նչ արած:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 




Լրահոս