ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հանդիպումները Վալանսի քաղաքապետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 18-ին Ֆրանսիա այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Վալանսի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Դարագոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի ներկայությամբ Վալանսի քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

Շնորհակալություն հայտնելով Նիկոլա Դարագոնին այս նախաձեռնության համար` նախարարը վերջինիս է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի` Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր ստորագրելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի փոխքաղաքապետ Անի Կուլակսեզյան-Ռոմին, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նույն օրը ԼՂՀ մշակույթի նախարարը, Բուրգ լե Վալանսի և Վալանսի քաղաքապետերը ներկա են գտնվել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրից բխող մշակութային փոխգործակցության շրջանակներում կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին` Բուրգ լե Վալանսի Ռոնի թատրոնի դահլիճում:




Լրահոս