2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները: Միայն այս տարի «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով: Սակայն ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ, առնվազն, տարօրինակ վարքագիծ և, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք և որ ավելի ցավալի է, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:
Նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր ցանկացած երևույթ նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարով կամ աշխատանքային ժամերին գործող 010- 51-41-52 թեժ գծի հեռախոսահամարով: