ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էջից

Երեւանի բնակիչները երեւի փորձում են այս կերպ արտահայտել իրենց դժգոհությունները անտեղի գնված թանկարժեք նստարանների համար: Սակայն որքան էլ որ նստարաններն իրենց գնային առումով «անհանդուրժելի» են ծանր սոցիալական պայմաններում գտնվող քաղաքացիների համար, ավելի անհանդուրժելի է մեր քաղաքացիների վերաբերմունքն իրենց քաղաքի նկատմամբ:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ընդհանրապես ի՞նչ կարգով են գնահատվում կիսակառույց (անավարտ) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանները:

Վահե Գեւորգյան (53 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերի համաձայն: Այդ գնահատման կարգերի համաձայն համապատասխան նպատակային եւ գործառնական նշանակության շենքերի, շինությունների կադաստրային արժեքի հաշվարկման ժամանակ մինչեւ 50% ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի) կիրառվում է «0,5» գործակիցը, որը կադաստրային արժեքը նվազեցնում է 50%-ով, 50-ից 80% ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի) կիրառվում է «0,7» գործակիցը, որը կադաստրային արժեքը նվազեցնում է 30%-ով, իսկ 80% եւ ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինությունների համար կիրառվում է «1,0» գործակիցը, որի դեպքում կադաստրային արժեքը չի նվազում:
Հայտնում ենք նաեւ, որ մինչեւ 50% ավարտվածության աստիճան, ինչպես նաեւ 50-ից 80% ավարտվածության աստիճան ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի կադաստրային գնահատություն չի իրականացվում:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների՝ ըստ ավարտվածության աստիճանի, բնութագրման չափանիշները սահմանված են ՀՀ Կառավարության 2003 թ. մայիսի 29-ի «ՀՀ գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» N645-Ն որոշմամբ:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում, իհարկե, պարզ եւ հստակ ներկայացված է շինությունների, շենքերի գնահատման կարգը: Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ գնահատման ընթացքում պահպանվի այդ կարգը, եւ մեր պետական մարմինները չխախտեն այն՝ ի վնաս գույքահարկ վճարողի: Հուսանք՝ քաղաքացիներն այսուհետ ավելի տեղեկացված կլինեն եւ հետամուտ՝ առկա եւ գործող օրենքների կիրառմանը:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ ՌԴ մեկնելու համար պարտադի՞ր է նոր անձնագիր ունենալ, թե՞ գործող հին անձնագիրը, որը մի քանի տարի դեռ վավեր է եւ նախկինում սահմանը հատելիս խնդիրներ չի առաջացրել, թույլատրելի է:

Կարեն Մկրտումյան (33 տարեկան, ինժեներ-մեխանիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու հարցման՝ տեղեկացնում ենք, որ ներկայիս վավեր անձնագրերով (ոչ բիոմետրիկ) կարելի է մուտք գործել ՌԴ: Ինչ վերաբերում է նույնականացման քարտերին, ապա դրանք Հայաստանի տարածքում օգտագործման համար են եւ միջազգային ճամփորդական փաստաթուղթ չեն հանդիսանում:

Միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ քաղաքացին կարող է մեկնել ՌԴ իր հին անձնագրով, որի ժամկետը դեռ չի լրացել, իսկ նույնականացման քարտը միայն գործում է ՀՀ-ի տարածքում: Ավելացնենք նաեւ, որ 2014թ. Ռուսաստան մեկնող հայաստանցիների թիվն ավելացել է 20%-ով: 2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Այս ցուցանիշները եւ նմանատիպ հարցերի բազմաբովանդակությունը վկայում են այն մասին, որ թեեւ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ կապված եւ ՌԴ-ում իրականացվելիք միգրացիոն օրենքի փոփոխությունները խուճապի մեջ են պահում արտագաղթող հայ հասարակությանը, միեւնույն է՝ նրանք գերադասում են օտար ափերում իրենց գոյությունն ապահովել:




Լրահոս